Գրական

Անվերնագիր…

Վաղորդյան այս անմեղ ժամին, երբ առավոտն անփութորեն թոթափում է իր ուսերից գիշերվա մեղսավոր խաբկանքը, իսկ սկսվող օրը դեռ չի հասցրել թաթախվել մեղքի իր հերթական օրաբաժնի մեջ, ակամա փորձում եմ ուրվագծել օրվա անելիքս: Դեռ չգիտեմ, թե այսօրվա իմ օրաբաժնում կյանքն էլ ինչ հոգեպահուստ անակնկալներ ունի ինձ համար թաքցրած, բայց որ նա այդ հարցում շատ "հնարամիտ" է` կասկածից վեր է…

Չէ որ հենց այդ "հնարամտության" արդյունքում էր, որ պատանեկան վարդագույն երազանքներիս օրինաչափ շարունակությունը դարձավ … սևը … Բայց … որքան էլ այսօր սևը վտարած լինի ներկապնակիս վարդագույնը, միևնույն է, ես այդ սևը պահելու եմ ներսում` միայն ու միայն ինձ համար, իսկ աշխարհին էլի ներկայանալու եմ վառվռուն գույներով` ի հեճուկս այդ նույն աշխարհի…

Եվ հենց այդ "հրաշք խաբկանքի" կատարողական վարպետությունն է, որ օգնում է ինձ հավատալ ամեն մի նոր սկսվող օրվա հրաշքին, և ով գիտե, գուցե մի օր սևը մեկընդմիշտ հիասթափվի իմ աներես լավատեսությունից ու լքի հոգիս … Բարի լույս…

Անվերնագիր

<Ների’ր>, կավիճով գրված է ասֆալտին,
Ու գրված այնպես, որ անցնել կողքով
Ու չնկատել, չէ’, չի կարելի,
Մեղավորության ցավն այնպես է դառնացրել
Այս տառերն այսպես գրողի հոգին,
Որ այդ ցավով շարունակել ապրել`
Անհնար է դարձել ու անկարելի…
Եվ` <Ների’ր>, գրել է նա այս ասֆալտին,
Հուսալով թաքուն,
որ անտարբեր չի անցնի
տառերի կողքով
Հասցեատերը այս լուռ ներումի …
Եվ թող ի պատասխան նա ոչինչ չասի,
Միայն թե հավատա, միայն թե… ների…
Ասֆալտին գրված է կավիճով. <Ների’ր>,
Գրված հաստատուն ու մեծ տառերով,
Եվ գրված այնպես, որ կարդան բոլոր
Վիրավորվածներն այս մեծ աշխարհի…
Եվ գրված մի լուռ, մի թաքուն հույսով,
Որ կարդալով բառն այս մե’ն մի հատիկ,
Վիրավորվածներն …
այս մեծ աշխարհի`
Դուրս վանեն հոգուց ցավը դառնության
Եվ… դառնությունը` վիրավորանքի….

11-ն անց 59

Միակ բանը, որ տոնի մասին հիշեցնում է Սարգսյանների տանը, սովետի ժամանակ Խոպանից բերած Սարգսի արհեստական տոնածառն է` ջարդած ու փշրված խաղալիքներով ու դռան մոտ` աղբի կողքին թափված մի քանի մանդարինի կեղեւը: Տոնածառն ամեն տարի պարտաճանաչորեն Անուշը հանում է հեռուստացույցի հին արկղի միջից, դնում սենյակի անկյունում, հետո նորից խնամքով հավաքում ու պահում մինչեւ հաջորդ տարի: Ամենաշատը տոնածառը դնելուց ուրախանում ու հանելուց տխրում է Անուշի 5 տարեկան որդին` Սաքուլիկը:

-Մաաա~մ սիրուն ճաշ եմ ուզում:

Սաքուլիկը ամենաանհարմար պահին մորից կարող է ամենաանհավանական բանը խնդրել, ավելի ճիշտ պահանջել: Սիրուն ճաշը Սաքուլիկի համար դդումով ապուրն է: Եվ դա հիշել է դեկտեմբերի 31-ին երեկոյան 11-անց 59 րոպեին: Սաքուլիկին ամեն ինչ կարելի է` տան ամենափոքրն է ու պապի լուրջ հովանավորությունն է վայելում: Սաքուլիկը շատ է սիրում <<Գրիլիաժ>> ու Վորոնեժից հորեղբոր բերած էլեմենտով աշխատող ավտոմատը, որի էլեմենտները վաղուց արդեն նստել են ու Սաքուլիկը <<կրակելուց>> ինքն է բերանով ձայներ հանում: Սաքուլիկը մեկ երազանք ունի` նոր էլեմենտներ ունենա:

-Ախչի’, Էս էրեխու ձենը կտրի…

Սաքուլիկի պապա եւ Անուշի ամուսին, ավելի ճիշտ` մարդ, Գեւորգը չի սիրում, որ երեխան լացում է: Դրա միակ մեղավորը Անուշն է: Գեւորգը, կամ ինչպես քուչում են ասում Գվեն, զբաղվում է մանր-մունր խուլիգանությամբ, իսկ պարապ ժամանակ պպզում է բակում ու անցնող դարձողին ասում. Ախպեր էսօրվա դրությամբ լիքը լավ մարդիկ, լիքը լավ գործեր են առաջարկում, բայց դե մեր հագով չի էլի բրատ: Գվեն տարվա ընթացքում հասցրել էր 612 անգամ շոռել դիմացի շենքի դեռ չամուսնացած, բայց Գվեի կարծիքով ամուսնանալու համար մեռած Դինուլին, 1123 անգամ արա է ասել փողոցում միակ տաքսիստ Վռամին եւ 1 մլն 200 հազար անգամ տարբեր մարդկանց մոտ ասել իր հեղինակավոր կարծիքը երկրի մասին` էս երգիրը երգիր չի: 11-59 րոպեին երազում է հարեւան Ստյոպը տոկոսի տակ ընկնի ու Նոր առած 16 բանտաժ Ֆոլցվագենը ծախի, հարազատ եղբայրը խոպանից էլ չգա, որ տունը իրեն մնա: Մեկ էլ երազում է մի լուջ գործ ունենա, բայց ինքը չպիտի ոչ մի բան անի ու փողերը գան.. գան.. գան…

-Անուշ մի հատ արաղի բաժակ բեր…

Սաքուլի մեծ հորեղբայր եւ Անուշի տագր Ռազը հայտնի հարբեցող է: Անցած տարի ոչ մեկը նրան չի տեսել չխմած: Աշխատում է Գվեի ծանոթ Արշակի գարաժում որպես խադավիկ: Խմում է գործից առաջ, գործի ընթացքում, գործից հետո, ու ամենակարեւորը` հաց չի ուտում խմելուց հետո: Տուն չի գալիս` բերում են: Տանը կռվում է բոլորի հետ, բացի Սաքուլից: Հայհոյում է եղբայրներին, հորը եւ հատկապես սեփական մոր նախնիներին: 11.59 րոպեին երազում է ունենալ օղու ու զակուսկու գործարան:

-Բլինչիկը դեռ չի եղե՞լ:

Վիկը Սաքուլի մյուս` փոքր, հորեղբայրն է: Ավարտել է Գյուղինստիտուտը, բայց իրեն գտել է այլ` խոպանի ոլորտում: Գարնանը գնում է, աշնանը գալիս: Սիրում է իրենց կուրսի Սաթիկին, որն արդեն 3 տարի է ընկերություն է անում իր հորաքրոջ հարեւան Վրեժի հետ: Վիկն ինքն իրեն համոզել է, որ Դրուգ նի ստենա ու դեռ սպասում է, որ Սաթիկն ու Վրեժը բաժանվեն: 11.59 րոպեին երազում է Սաթիկը բաժանվի, իրեն սիրի, ամուսնանան, եղբայրները տնից գնան ու տունը մնա իրեն:

-Բլինչիկը վառվեց: Անուշ էրեխին թող, վառածի հոտ ա գալիս…

Սեդան Սաքուլի տատն է ու Անուշի սկեսուրը: Սովետի ժամանակ աշխատել է հաստոցաշինական գործարանում որպես հավաքարար: Աշխատել է օր ու գիշեր: Սովետի փլուզումից հետո թաղում է Գորբաչովի տերը: Նայում է բացառապես բոլոր սերիալները: Հատկապես չի սիրում Խորխեին` այլանդակ է ու բանսարկու: Ուշքը գնում է փոքր որդու համար: Անպայման ուզում է տեսնի փոքր տղայի երեխային ու նոր մեռնի: Մեծ տղայի պատճառով 3 անգամ մտածել է ինքնասպանության մասին: 11.59 րոպեին երազում է` մեծ տղան թողնի խմելը, փոքրը շատ փող բերի, իսկ միջնեկը 2-րդ երեխան ունենա:

-Այ բալա մոխրամանը չբերեցի՞ր:

Սարգիս պապն ամենաշատը սիրում է Սաքուլիկին: Թոռանը սովորեցրել է հայհոյել: Ամեն օր ձեռքից բռնում է ու տանում ման տալու: Հատկապես պարծենում է թոռի անունով ու պասպորտով, որը հասցրել է ցույց տալ բիսետկայում բլոտ տժժացնող բոլոր 70-ն անց պապիներին, որոնց պասպորտները վաղուց արդեն ժամկետնանց են ճանաչվել: Առանձնահատուկ չի սիրում միջնեկ որդուն` Սաքուլի հորը: 11.59 րոպեին երազում է` մի անգամ էլ ջահել ժամանակվա նման խոպան գնա ու տեսնի Նատաշին, որ Նատաշը մեռած չլինի, որ ինքն էլ էն ժամանակվա նման գոնե մի անգամ կարողանա սիրել:

-Մաաաա~մ, Անո՞ւշ, ախչի~, այ բալա շուտ արա 12-ն ա դառնում:

Անուշի ուշքը գնում է Սաքուլի համար: Անուշին թվում է, որ իր ամուսնուն` Գվեին էլ է սիրում: Ընկերուհիների մոտ անընդհատ ասում է մարդս էս ա արել, էն ա արել: Հատկապես լարված են նրա հարաբերությունները սկեսրոջ հետ: Տանել չի կարողանում սկեսրոջ շարժ ու ձեւը: Ահավոր վախենում է ամուսնուց: Տան բոլոր գործերը ինքն է անում: Լվացքի մեքենա չունեն, ամանները շատ են, սկեսուրը չի օգնում, երեխան էլ չար է: Նոր տաիրն իսկական դժողք է Անուշի համար: Սկսում է դեկտեմբերի 26-ին եւ ավարտում է հունվարի 15-ին: 11.59 րոպեին երազում է` նստել:

Ինչքա՜ն մենակ են մարդիկ

Հասկանալուն պես,
Դատարկությունս մոռանում եմ ես
Ու ժպտում անկեղծ

Այո, ինչքա՜ն մենակ են մարդիկ

Մարդկային <<ես>>-ը թագավոր է
Ու այդ աշխարհում հենց մարդն է ստրուկ
Մարդն իր <<ես>>-ին տրված՝ մենակ է ու լուռ
Սիրուն ձգտելով մարդը կանգնում է,
Առաջ չի գնում քանզի մենակ է
Ո՞ւր գնա
Մարդը կանգնում է անձրևի ներքո
Ու երբ մի կաթիլ տրվում է նրան՝
Նա հրճվում է
Կաթիլը սառն է, բայց մարդն ապրում է այդ մի վայրկյանը,
Երբ կաթիլը մատներից սահում
Ու կարծես մարմնի մաս է դառնում
Հետո կաթում է խոտին
Ու էլի մենակ է մարդը

Ապակին անձրևին պահում է դրսում
Ու ներսում նստած մարդը նեղվում է
Օրվա կեսին <<ես>>եր են հավաքվում
Ու խոսում լռությանն ընդդեմ

Մարդիկ դատարկ են ցմահ
<<ես>>երը ապրում են մեր մեջ
Տրվում ենք նրանց մենք սակայն,

Բայց ինչքան մենակ են մարդիկ,

Երբ կյանքը մի կաթիլ է միայն:

Ափի մեջ…

Ծովի ալիքները մեղմ փարվում էին նրա ոտքերին ու հապճեպ ետ վազում … Կնոջ հայացքն ուղղված էր դեպի հեռուն … իսկ հեռվում հորիզոնն էր` ծովի անհուն կապույտի և երկնի մոխրակապտավուն խառնուրդի միաձուլվածքով…Թվում էր, նա չէր էլ զգում ալիքների հպումը… Անէացած նայում էր դեպի այնտեղ, որտեղ ավարտվում էր իրականությունը և սկիզբ էին առնում… հուշերը …

… Երկու տարի առաջ էր … էլի նույն բնապատկերն էր, էլի ինքը նստած էր ափին … բայց այն ժամանակ իր հետ էին ամուսինն ու դուստրը … Եվ հորիզոնն այն ժամանակ այսպես անհասանելի չէր, և երկնի կապույտն էլ այսքան … մոխրագույն չէր …

… Արցունքները լուռ գլորվում էին դեռատի կնոջ այտերով … Եվ թվում էր, թե ծովն էլ նրա արցունքներից` աստիճանաբար փքվում էր ու ալեկոծվում…

Կինն արտասվախառն աչքերը բարձրացրեց դեպի երկինք և թվում էր,  այնտեղ փնտրում է ինչ-որ մեկին … այն մեկին … ով որոշումներ է կայացնում մարդկանց փոխարեն և տնօրինում  նրանց ճակատագրերը, այն մեկին, ով որոշում է, որ տասնյոթամյա պարմանուհին պետք է հեռանա իր` դեռ չապրած կյանքից, իսկ այ այս զառամյալ տատիկը, որ տարիների բեռից կորացած մեջքով ափից դատարկ խեցիներ է հավաքում, դեռ ապրի ու ապրի… Իսկ երկինքը դատարկ էր, ինչպես միշտ … և կապույտն էլ ավելի ու ավելի էր գորշանում…

… Ալլան ինքն էլ չհասկացավ, թե ինչպես  վայրկյանների ընթացքում որոշեց նստել գնացք, ու գալ  այստեղ…, պարզապես տանը պատերն արդեն այնպես էին ճնշում նրան, որ թվում էր, մի քիչ էլ, ու շնչահեղձ կլինի… մենակությունից ու ցավից… Ասում են` ժամանակը ամենազորեղ բժիշկն է, բայց իր հոգին կրծող բութ ցավն ավելի զորեղ գտնվեց, քան ժամանակը… Իր կյանքը մի վայրկյանում բաժանվեց երկու մասի` մինչև … և` … հետո, մինչև այդ անիծյալ վթարը և դրանից հետո…Բայց հետոն արդեն կյանք չէր, մի անհասկանալի ու անիմաստ գոյություն քարշ տալ էր, որից ինքն արդեն ուղղակի հոգնել էր… Երկու տարի շարունակ իր կյանքը վեր էր ածվել մի ինքնակամ բանտարկության, որից չկար ելք դեպի ազատություն…

… _ Ալլա’ մորաքույր, մաման կանչում է սուրճ խմելու, արի’, – հարևանուհու դուստրն էր, մի փոքրիկ հրեշտակ, որից ուղղակի լույս էր ճառագում: _ Իսկ մենք երկու օրից ծո~վ ենք գնալու…, _ շարունակեց բլբլացնել Արփին, _ Գիտես Ալլա’ մորաքույր, իսկակա’ն ծով…

Եվ այս երկու նախադասությունը կայծակնային արագությամբ նրան ասես արթնացրին երկամյա <<լեթարեգիական>> քնից, նա ամբողջ մարմնով ցնցվեց փոքրիկի բառերից, ու մի վայրկյանում հասկացավ`… ինքն ուզում է գնալ այնտեղ…, այնտեղ… որտեղ այնպես անհոգ ու երջանիկ էր վերջին անգամ…վերջին անգամ` երկու տարի առաջ…

…Դա երկու օր առաջ էր, իսկ հիմա ինքն արդեն այստեղ է, նստած նույն ծովի ափին… նույն ափն է, նույն երկինքը, նույն ալիքները, միայն… շուրջը դատարկ է, այսքան մարդկանց մեջ ինքը … մենակ է, մե~ն մենակ…

… Եթե միայն հնարավոր լինել վերադարձնել ժամանակը…եթե միայն հնարավոր լիներ հետաձգել ա~յն օրվա իրենց մեկնումը … Բայց, ցավոք, երբ դժբախտությունը մեզ այցի է գալիս, նա գալիս է անսպասելի, առանց նախապես զգուշացնելու կամ իր մասին լուր տալու, գալիս է լուռ ու անձայն, իսկ հետո… հետո արդեն <<եթե>>-ների երկար շարքը սկսում է ժամանակ առ ժամանակ սողոսկել մեր ենթագիտակցության մեջ և մեզ իսպառ զրկում հանգստից… Եվ մենք դադարում ենք ընկալել կատարվածը որպես անդառնալի իրականություն, մեր ենթագիտակցությունը հրաժարվում է ընդունել այդ դառը իրողությունը, և մենք սկսում ենք տենդագին փրկության ելքեր փնտրել` անցյալ ժամանակով… կառչելով հերթական <<եթե>>-ից ու չգիտակցելով, որ այդ ամենը պարզապես ինքնախաբեություն է… Իսկ երբ մեր ենթագիտակցությունը հոգնում է այդ անիմաստ պայքարից, մենք սկսում ենք կատարվածի անբացատրելիությունը պարզապես վերագրել … ճակատագրին… Եվ ամեն անգամ մենք եղածը վերագրում ենք ճակատագրին այնքանով, որքանով չե’նք հասկանում, կամ … <<հասկանում ենք>> կատարվածը…

Ափի մեջ-2

_Ներեցե’ք, Դուք Ձեզ վատ եք զգում?:
Ալլան սթափվեց մտքերից, ու զարմացած բարձրացրեց հայացքը, փորձելով կռահել, թե ինչպես էր դիմացինին հաջողվել կռահել իր հայ լինելը…

_ Դուք արդեն երեք ժամ է նույն դիրքով նստած … արտասվում եք, ինչ-որ բան է եղել?, Ձեզ վատ եք զգում?,_ հարցը կրկնեց անծանոթը…
Ալլան արևից կկոցած աչքերով նայեց անծանոթին, բայց նրա դեմքը աղոտ էր` արցունքներից, թե? արևից, ամեն ինչ շուրջը ինչ-որ անհասկանալի մշուշով էր պատված…

_ Կարող եմ ինչ-որ բանով օգնել Ձեզ?, _ այդ մշուշի միջից կրկին հնչեց նույն անծանոթ ձայնը…
… Մշուշը կամաց-կամաց սկսեց ցրվել, և առաջին բանը, ինչի վրա կանգնեց Ալլայի հայացքը, հայերեն ամսագիրն էր, որ դուրս էր ցցվել նրա  պայուսակից, իսկ ամսագրի շապիկից լայն ժպտում էր հայտնի երգչուհին, ում կյանքի պատմության ընթերցանությունը ինչ-որ չափով օգնեց նրան մեղմել գնացքով իր համար անտանելի երկար  ճանապարհորդության տաղտուկը… << Ահա թե ինչպես է կռահել իմ հայ լինելը>>, անցավ Ալլայի մտքով, և մինչ նա կմտածեր, թե ինչ պատասխանի, անծանոթը նորից հարցրեց.

_ Ինչ-որ բան է պատահել?, ասե’ք,  ես Ձեզ կօգնեմ, Դուք միայն ասեք, ինչ է պետք…

_ Դուք ինձ օգնել չեք կարող, ներեցե’ք, ես պիտի գնամ, _ Ալլան ոտքի կանգնեց, շրջազգեստի փեշերից թափ տվեց  ավազահատիկները, վերցրեց պայուսակը, և սկսեց մանր քայլերով հեռանալ ափից…
Ամառային փիրուզագույն շրջազգեստի փեշերը ուրախ ու չարաճճի խաղ էին բռնել ծովափնյա մեղմ զեփյուռի հետ, և թվում էր, թե իրենց տիրուհու տխրության հետ ոչ մի կապ չունեն… Անծանոթի հայացքը ուղեկցում էր կնոջը, իսկ միտքը տենդագին պատրվակ էր փնտրում, վազելու ու հասնելու տիրամոր գեղեցկությամբ այդ դեռատի կնոջը և ինչ-որ բան ասելու, կամ պարզապես նրա կողքին … լռելու… Փիրուզագույն շրջազգեստը կամաց-կամաց ավելի ու ավելի էր հեռանում: Օրվա այդ ժամին ծովն էլ փիրուզագույն էր, և թվում էր, թե հենց ծովից պոկված մի փոքրիկ ալիք էր, որ խռովել էր մայր ծովից, ու հեռանում էր … Շրջազգեստի փիրուզագույնը աստիճանաբար սկսեց ձուլվել հորիզոնի գույներին, և քիչ անց արդեն անհնար էր տարբերել գույները…

_ Ներեցե’ք, Ձեր ամսագիրը ափին էր մնացել, _ շնչակտուր ու հևալով հազիվ կարողացավ արտաբերել անծանոթը, ինքն էլ չհասկանալով, թե ինչպես հայտնվեց  հյուրանոցի աստիճանների մոտ, որոնք ևս երկու վայրկյան, և կզգային փիրուզագույն շրջազգեստի նուրբ հպումը…
Ալլան շրջվեց դեպի անծանոթը և զարմացած ու մի փոքր էլ անհարմար զգալով, որ ակամա անհանգստություն է պատճառել,  ցածրաձայն ասաց.

_ Շնորհակալություն: Բայց կարիք չկար նեղություն կրելու… Եվ հետո … ես այն արդեն կարդացել եմ, էլ ինձ պետք չի,_ բայց հասկանալով, որ անհեթեթություն էր ասածը, հապճեպ ավելացրեց,_ կուզեք, վերցրեք կարդացեք, այնտեղ հետաքրքիր նյութեր կան:

_ Դուք այս հյուրանոցում եք կանգ առել? ,_ անծանոթն ինքն էլ չգիտեր, ինչպես շարունակել խոսակցությունը:

_Այո’, _Ալլան մեխանկորեն քայլերն ուղղեց դեպի աստիճանները և ուզում էր բարձրանալ, երբ կրկին հնչեց անծանոթի արդեն ծանոթ ձայնը.

_ Կարող եմ Ձեզ հրավիրել մի գավաթ սուրճ խմելու?:
Ալլան հանկարծ հիշեց, որ ամբողջ օրը սուրճ չէր խմել, և այդ փաստը չգիտես ինչու նրան խուճապի մատնեց: Արդեն երկար ժամանակ, իսկ ավելի ճիշտ` երկու տարի էր, որ օրը մի քանի գավաթ սուրճ խմելը դարձել էր սուրբ արարողության պես մի բան, և հենց միայն այն միտքը, որ ինքն ամբողջ օրը մոռացության էր մատնել իր համար կարևոր այդ “ծեսը”, նրա մոտ ակամա, բայց անմիջապես անասելի գլխացավ առաջացրեց: Ալլան սկսեց անծանոթին մերժելու պատրվակ փնտրել, բայց հանկարծ հասկացավ, որ քայլերն իրեն տանում են դեպի հյուրանոցի բակում` երկնաքեր նոճիների տակ թաքնված գողտրիկ սրճարանը, որը զարմանալիորեն այդ ժամին դատարկ էր: Անծանոթը աթոռը հետ քաշեց ու Ալլան տեղավորվեց դեպի ծովը նայող սեղանիկի մոտ, իսկ անծանոթը նստեց մեջքով դեպի ծովը, և ձեռքի աննկատ շարժումով կանչեց մատուցողին:

_Քաղցած չեք? Այստեղ հիանալի վրացական խաչապուրի են մատուցում, _ արագ աչքի անցկացնելով մենյուն,
այնպիսի հեղինակավոր տոնով ասաց անծանոթը, որ կարելի էր կարծել, թե մի քանի տասնյակ անգամ արդեն համտեսել էր այդ անկրկնելի խաչապուրին:
Ալլան լուռ գլուխն օրորեց: Հետո նայեց մատուցողին ու ցածրաձայն արտաբերեց.

_Միայն սուրճ, դառը…
Մատուցողը, որն ազգությամբ հայ էր, և  արդեն չորրորդ ամառն էր աշխատում այս վրացական սրճարանում, արագ գլխով արեց ու հեռացավ:
Անծանոթը լուռ նայում էր կնոջ դեմքին, նայում էր ինքնամոռաց ու երկար, նույնիսկ չզգալով, որ արդեն հատում է պատշաճության բոլոր սահմանները: Կինը չէր էլ զգում ասես անծանոթի ներկայությունը: Նա աշխարհից ու իրականությունից վերացած հայացքը գամել էր ծովին, ու կարծես այնտեղ ինչ-որ կարևոր բան էր փնտրում…փնտրում էր իր …անցյալը…

_Հիմա ինչպես եք?, _ կինը զարմացած հայացքը կտրեց ծովից, և փորձեց հասկանալ, թե ով է իր կողքին նստած այս անծանոթը:

_Ներեցեք, մենք չծանոթացանք, ես Վահրամն եմ, _ հասկանալով կնոջ հարցական հայացքը, աճապարեց ներկայանալ տղամարդը: Եվ ուզում էր էլի ինչ-որ բան ասել, բայց կնոջ հայացքում կար ինչ-որ անհասկանալի ու անբացատրելի մի ուժ, որը նրան կրկին անգամ ստիպեց լռել:
Կինը հասկանում էր, որ ըստ քաղաքավարության կանոնների ինքն էլ պետք է ներկայանար, բայց …

_Ձեր սուրճը, _ արագ շարժումներով երկու գավաթ սուրճը տեղավորելով սեղանիկին, մատուցողը հեռացավ:

_Գիտեք, ես էլ եմ դառը սուրճ նախընտրում,_ նորից փորձեց երկխոսություն սկսել Վահրամը, բայց կրկին անգամ նրա փորձն անհաջողության մատնվեց: Կինը աչքերը կիսախուփ, փոքրիկ կումերով ըմպում էր սուրճը, և թվում էր, նրա համար ուրիշ ոչինչ էլ գոյություն չուներ աշխարհում…

_Նա պաշտում էր ծովը, _ հանկարծ մրմնջաց Ալլան, և հուզմունքից նրա շուրթերը սկսեցին աննկատ դողալ,_ Գիտեք? նա առաջին անգամ էր ծովում, բայց այնպես էր խայտում ալիքներում, ասես ամբողջ կյանքը ջրում էր անցկացրել: Նա պաշտում էր ծովը…
Անծանոթը հասկացավ, որ հարցեր պետք չի տալ, որովհետև կինը միևնույն է, ասես չէր էլ զգում իր ներկայությունը, նա կարծես ինքն իր հետ էր խոսում…

_ Դուք հավատում եք աստծուն?, _ հանկարծ կտրուկ նայելով անծանոթի աչքերին, վճռական հարցրեց կինը: Վահրամը խուճապի մատնվեց, այդ պահին նա կարող էր սպասել ցանկացած հարցադրում, միայն ոչ սա…

_Գիտեք?,_Վահրամը փորձեց տրամաբանական կշիռ տալ իր մտքերին, _ բայց կինը չսպասելով նրա պատասխանին, տխուր ժպիտով շշնջաց, _ Իսկ ես հավատու~մ էի… … …

Ափի մեջ-3

… Ալլան կտրուկ վեր կացավ տեղից ու արագ քայլերով հեռացավ, կիսատ թողնելով թե’ սուրճը, թե’ դեռ չսկսված խոսակցությունը… Վահրամը բարձրացավ տեղից, որ ուղեկցի նրան, բայց տեսնելով, թե ինչ արագությամբ էր կինը “փախչում” դեպի հյուրանոց, հասկացավ, որ անիմաստ էր այդ պահին նրան հետևելը, նստեց այն աթոռին, որին քիչ առաջ նստած էր անծանոթուհին, ու հայացքը մտամոլոր ուղղեց դեպի ծովը: Ականջներում դեռ անծանոթ կնոջ հարցն էր հնչում. Դուք հավատում եք աստծուն?, իսկ շուրթերն ուզում էին շշնջալ մի պատասխան, որն այսքան տարի խնամքով թաքցրել էր իր հոգու խորքում. Եթե աստված լինե~ր…

Վահրամը մի վայրկյանում կրկին վերապրեց այն անմարդկային ցավը, որը տարիների ընթացքում փոքր-ինչ բթացել էր, բթացել էր, բայց չէր անցել, պարզապես դարձել էր նրա կյանքի անբաժանելի մասնիկը … Քսան տարի էր անցել այն օրից, երբ ինքը մեկեն որբացավ, մնաց մեն մենակ այս հսկա աշխարհում` կորցնելով ծնողներին, կորցնելով քրոջն ու եղբորը, կորցնելով ամեն ինչ… Ասում են նահանջ տարին դժվար տարի է լինում… Նահանջ տարի էր և հազար ինը հարյուր ութսունութը, որի համար սակայն…դժվարը պարզ, շա’տ պարզ որոշիչ էր… Դժվա?ր: Մարդկային կյանքի անթիվ ու անհամար կորուստներ, փլատակված, հողին հավասարված քաղաքներ ու գյուղեր, որբացած մանուկների անեզր թախիծով ծովացած աչքեր, փշրված երազանքներ, և այս ամենի համար ընդամենը մե’կ որոշիչ, այն էլ այդքա~ն պարզ, այդքա~ն հասարակ…Դժվա~ր…

Երկար ու ձիգ տարիներ անցան, և կարծես թե հազար ինը հարյուր ութսունութը դարձավ անցյալ, բայց…ավա~ղ… անցյալի հետ կապված ծանր հիշողությունները, երբե’ք վաղեմության ժամկետ չունենալով հանդերձ, Վահրամի համար մնացին միշտ ներկա’, ներկա` իր որբացա’ծ մանկությամբ, ներկա` իր խաթարվա’ծ կյանքով, ներկա` իր ծնողների ապրա~ծ ու չապրա’ծ երազանքներով, ներկա` նահատակված քրոջ ու եղբոր` խունացած նկարից իրեն նայող` ժպտացող աչքերով, ներկա` իր դեռ չծերացած տառապանքով…

Համալսարանի երրորդ կուրսի ուսանող էր, երեք օրով եկել էր հայրենի տուն, որ քսանամյակը, որը պիտի լրանար դեկտեմբերի ութին, նշեր հարազատների հետ… Ամենաշատը քույրն էր ուրախացել… Ո~նց էր ոգևորվել… Հյուրերի մի երկա~ր ցուցակ էր կազմել… ավա~ղ, այդ ցուցակից միայն մեկը կենդանի մնաց երկրաշարժից հետո` հորեղբոր տղան, որին երրորդ օրը փրկակարները հանեցին փլատակների տակից, իսկ մյուսները… Քանի~ անգամ էր Վահրամը “նախանձել” այդ մյուսների ճակատագրին, քանի~ անգամ էր աղիողո’րմ, տղամարդուն ո’չ վայել արտասուքներով հեկեկացել ափսոսանքից, որ ինքն էլ նրանց պես չէր մնացել փլատակների տակ…

Եվ հիմա…հանկարծ իրեն հարցնում են`Դուք հավատում եք աստծուն?…

Ափի մեջ-4

… Վահրամը քայլերն ակամա ուղղեց դեպի ափը, որն առավոտվա այդ վաղ ժամին գրեթե դատարկ էր: Ամբողջ գիշեր չէր կարողացել քնել: Նախորդ օրվա իրադարձությունները նրան կարծես զրկել էին հանգստից: Գլուխն անտանելի ցավում էր, իսկ մոտակա սրճարանն էլ դեռ փակ էր` մի գավաթ սուրճ խմելու իր անհագ ցանկությունը բավարարելու համար: Ծովի վաղորդյան սառնությամբ պարուրված ալիքները կարծես սթափեցրին Վահրամին: Մտամոլոր քայլերը նրան հասցրել էին ափի եզրագծին և չէր էլ նկատել, որ արդեն ջրի միջով է քայլում: Անձրևի մի քանի մոլորված կաթիլ սկսեցին թրջել նրա այտերը, և Վահրամն ակամա արագացրեց քայլերը… մեկ էլ հանկարծ հեռվից նկատեց նրան… Կինը նստած էր երեկվա տեղում` հայացքը հառած ափի մեջ հավաքած գույնզգույն խճաքարերին, որոնց մեջ կարծես իր անցյալն էր տենդագին փնտրում… ա’յն անցյալը, որն այլևս հետ չէր գալու… Վահրամը զգաց, որ հուզմունքից դող անցավ ամբողջ մարմնով, նա կարկամած կանգնեց տեղում, չիմանալով` մոտենալ կնոջը, թե պարզապես հեռվից ընկերակցել նրա … բացակա ներկայությանը …

Կինն ափի մեջ հավաքած խճաքարերը կտրուկ շարժումով նետեց դեպի ծովի անհանգիստ ալիքները, ասես փորձելով ազատվել անցյալի հիշողությունների այն ծանր բեռից, որն այդ պահին ասես թաքնվել էր այդ փոքրիկ խճաքարերի ծալքերում` իր փոքրիկ կանացի ափի մեջ… հետո կրկին տրտում հայացքը հառեց ծովի հեռուներին, միանգամայն անտարբեր վաղորդյան սառնության և կամաց-կամաց ուժեղացող անձրևի հանդեպ…

…Ալլան եկել էր վերջին հրաժեշտը տալու ծովին… Նա արդեն հետադարձ տոմս էր գնել, և երեկոյան գնացքով տուն էր մեկնելու… Գիտեր, որ այլևս երբեք չի վերադառնալու… վերջին երկու օրվա զգացողությունները, հուշերն ու անափ կարոտը տակնուվրա էին արել նրա հոգին, և նա ուզում էր ժամ առաջ փախչել այդ ցավալիորեն հարազատ վայրից, որտեղ նա կորցրել էր … ամեն ինչ… Երկու տարի առաջ, այն չարաբաստիկ օրը Ալլան ափին նստած վայելում էր ծովի ալիքների մեղմ ծփանքը, երբ դուստրը վազելով մոտեցավ, ու ասաց, որ հայրիկի հետ գնում են մոտակա քաղաքից հետադարձ ճանապարհի համար մի քանի անհրաժեշտ գնումներ կատարելու:

Ալլան չուզեց գնալ նրանց հետ, առանց այդ էլ տունդարձի երկար ճանապարհ էր սպասվում, ինքն էլ ավտոմեքենայով երկար ճանապարհ գնալ չէր սիրում: Ասաց, որ ափին կսպասի նրանց վերադարձին: Դուստրն էլ կատակեց` “Տե~ս, մա’մ, առանց մեզ ջուրը չմտնես, հանկարծ կխեղդվես, պապան էլ մոտդ չի լինի, որ քեզ փրկի”, ու թռվռալով հետ վազեց…

… Քաղաք տանող ճանապարհին մեքենան բախվել էր մեծ արագությամբ սլացող հանդիպակաց բեռնատարին, ու … Անիմաստ, անհեթեթ, անսպասելի ու վայրկյանական մահ, մահ, որը դարձավ սկիզբը … վերջի’ … ի’ր վերջի … … Եթե միայն հնարավոր լինել վերադարձնել ժամանակը … եթե միայն հնարավոր լիներ հետաձգել ա~յն օրվա իրենց մեկնումը … եթե~

_ Դուք ամբողջովին թրջվել եք, _ իր հագի ջեմպրը գցելով կնոջ դողացող ուսերին, ասաց Վահրամը: Ալլան զարմացած բարձրացրեց հայացքը, նոր միայն նկատելով, որ նստած է անձրևի տակ, ու դողացնում է:

_ Գնացինք, անձրևը հիմա ավելի կսաստկանա, _ ձեռքը մեկնելով կնոջը, Վահրամը օգնեց նրան վեր կենալ, ու նրանք անշտապ քայլերով հեռացան ափից… Ալլան բնազդաբար քայլում էր անծանոթ տղամարդու կողքով, ու այնպիսի զգացողություն ուներ, որ իրենք վաղեմի ծանոթներ են:

_ Սուրճ խմենք՞ ,_ Վահրամը չսպասելով իր հարցի պատասխանին, քայլերն ուղղեց դեպի ծանոթ սրճարանը, իսկ Ալլայի մտքով նույնիսկ չանցավ առարկել… Նստեցին երեկվա սեղանիկի մոտ, և այնպիսի տպավորություն էր, որ երեկվա օրը կինոժապավենի պես պտտվում էր, նորից նույն մատուցողը, նորից նույն երկու գավաթ դառը սուրճը, միայն թե երեկ իրենք միանգամայն անծանոթ էին իրար, իսկ հիմա…

_Ալլա’, _ կամաց արտաբերեց կինը, նայելով Վահրամի աչքերին:

_Ի՞նչ,_ չհասկացավ Վահրամը:

_Անունս Ալլա է,_ դողացող շուրթերով նորից շշնջաց կինը: Ցրտից, թե հուզմունքից, նա դողում էր ամբողջ մարմնով, իսկ ուսերին գցած ջեմպրը կարծես աքցանի մեջ էին առել նրա ուսերը, և նա ինչ-որ անհասկանալի անհարմարավետության զգացում ուներ… այդ անծանոթ ջեմպրն այդ պահին կարծես մի մեծ բեռ լիներ իր ուսերին, որից պետք էր անմիջապես ազատվել… Ալլան ոտքի կանգնեց, ջեմպրը հանեց ուսերից ու այն մեկնելով Վահրամին, կամաց արտաբերեց.

_ Շնորհակալությու’ն:

_ Թող մնա, ցուրտ է, կմրսեք, _ Վահրամը ծածկեց կնոջ ուսերը, և պատրաստվեց նրա հետ հեռանալ սրճարանից, երբ Ալլան ցածրաձայն ասաց.

_ Ես երեկոյան մեկնում եմ…

Վահրամը անակնկալի եկավ այդ խոսքերից, և մի պահ չիմացավ ինչ ասել՞ Մինչ այդ, նա մտքում իր հետագա անելիքների մի ամբողջ շարք հավանական ու անհավանական տարբերակներ էր մշակել, իսկ հիմա իրեն հանկարծ հայտարարում են, որ …

_ Թույլ կտաք՞ ուղեկցել Ձեզ մինչև հյուրանոց,_ ախր ուրի~շ բան էր ուզում ասել, ուզում էր խնդրել, որ հետաձգի մեկնումը, փոխարենը դեռ մի բան էլ ինքն է առաջարկում ուղեկցել դեպի … բաժանում…

Ափի մեջ-5

Ալլան ոչինչ չպատասխանեց, մի վերջին ու երկար հայացք գցեց դեպի ծովը, և քայլերը դանդաղ ուղղեց դեպի հյուրանոց: Դեռ պիտի հասցներ լոգանք ընդունել, և պայուսակը հավաքել, որի մեջ գալուց հապճեպ մի երկու առաջին անհրաժեշտության իրեր էր գցել: Վահրամը լուռ քայլում էր նրա կողքով, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չէր համարձակվում… Ալլան աստիճաններով սկսեց բարձրանալ դեպի իր սենյակը, և հասնելով դռանը, շրջվեց, ջեմպրը հանեց ուսերից, և մեկնելով Վահրամին, կամաց ասաց. “Մնաք բարով”: Դուռը փակվեց, ու Վահրամը մի վայրկյանում հասկացավ, որ ամեն ինչ հենց այսպես էլ կարող է վերջանալ, այսպես անիմաստ ու անհեթեթ…Բայց չէ՞ որ ինքը երկար էր սպասել այս հանդիպմանը` մի ամբողջ անցած կյանք…

Ալլան կամաց ծածկեց դուռը և անշտապ քայլերով սկսեց իջնել աստիճաններով: Ներքևում բանալիները հանձնեց հյուրանոցի տիրոջը, վճարեց սենյակի համար, և խնդրեց տաքսի կանչել:

_ Տաքսին արդեն սպասում Է, _ կցկտուր ռուսերենով ասաց հյուրանոցի տերը, որը հենց առաջին օրն էր հիշել թե’ այդ գեղեցկադեմ կնոջը, և թե’ երկու տարի առաջ նրա հետ կատարվածը: Այդ դեպքն անհնար էր մոռանալը, և նա նաև ինչ որ անհասկանալի մեղավորության զգացում էլ ուներ հոգու խորքում խնամքով թաքցրած, չէ՞ որ այն ժամանակ հենց ինքը հայտնեց այդ կնոջը նրա ընտանիքի հետ կատարվածի գույժը, և մինչև հիմա մոռանալ չէր կարողանում կնոջ աղիողորմ ճիչը, որը ցնցեց ծովափնյա անդորրը…

Գնացքը ծուլորեն սկսեց շարժվել… Ալլան տխուր պատուհանից դուրս էր նայում, կարծես վերջին հրաժեշտն էր ուզում տալ ծովին, թե՞ անցյալի դառը հուշերին… իսկ աչքերը թաքուն ինչ որ բան էին փնտրում կարծես, ինչ որ բան` թե՞ ինչ որ մեկին… Չգիտեր, ու չէր էլ ուզում իրեն թույլ տալ` մտածել այդ մասին… Ալլան ակամա ճակատը հպեց ապակուն… կայարանի բացօթյա սպասասրահը գրեթե դատարկ էր, բոլոր ուղևորներն արդեն գնացք էին նստել, իսկ նրանց ճանապարհողներ` բնականաբար չկային… Գնացքը կամաց կամաց արագացրեց ընթացքը, և մի քանի վայրկյանից ամեն ինչ արդեն մնաց հեռվում, ձուլվեց հորիզոնին, ու դարձավ կյանքի ևս մեկ շրջված էջ…

…Արթնացավ, ակամա զգալով, որ գնացքը կանգ է առել… Հասկացավ, որ տեղ է հասել… հիմա կիջնի գնացքից, տաքսի կնստի, ու մի քանի րոպեից վերջապես կհասնի տուն, աշխարհի այն միակ վայրը, որտեղ ինքն իրեն փոքրիշատե հանգիստ էր զգում: Ալլան քայլերն ուղղեց դեպի կայարանի ելքը, և հանկարծ շփոթահար մեխվեց տեղում: Հուզմունքից ձեռքը տարավ պատին, … փորձեց հենվել… Թվաց, թե պատը ստվարաթղթից է… Ելքի մոտ կանգնած էր Վահրամը… ճերմակ վարդերի մի գողտրիկ փունջ ձեռքին, իսկ աչքերում` խնամքով թաքցրած … կարոտ …

Ալլան տխուր ու հոգնած ժպտաց… Գիտեր, որ ժամանակն այսուհետ էլ անզոր է լինելու իր վշտի առաջ… Ժամանակը պարզապես անզոր է լինելու այն իսպառ ոչնչացնելու, չէ՞ որ վիշտը մարդկային բոլոր զգացմունքներից ամենակայունն է…Սոսկ ձևերը փոխելու արվեստն է ժամանակի մենաշնորհը… ինչպես որ հիմա իր դեմքի անսքող տրտմությունն է փոխարինել այս վայրկյանական հոգնած ժպիտով…