Թբիլիսահայ Արթուրի ձուկ որսալու գաղտնիքը. По секрету всему свету

Published On September 2, 2010 | By Ռուզան Վարդերեսյան [Վրաստան] | արխիվ


 
Վերջերս մի ռեպորտաժ էի պատրաստում  <<Հայլուր>>-ի համար: Սյուժեն ձկնորսների մասին էր` Թբիլիսիի ձկնորսների և Պեպոյի ու Գիքորի ժամանակներից մինչև մեր օրերը թբիլիսյան ձկնորսության մեթոդների փոփոխության կամ  անփոփոխության մասին: Նախ սյուժեիս գլխավոր հերոսին տեղափոխեցի  այն վայրից, որտեղ միշտ ձուկ էր որսում: Չնայած նա ասաց, որ այնտեղ, ուր ես եմ որոշել նկարահանել, ձուկ բռնելը գրեթե անհնար կլինի, որովհետև դա Քուռ գետի ամենախորը հատվածներից է, բայց միևնույն է, ես որոշել էի, որ քաղաքի այդ հատվածում և կոնկրետ այդ կամրջի տակ կադրերն ավելի գեղեցիկ կլինեն:

Ու ստացվեց, որ Արթուրը ճիշտ էր ասում, ժամերով սպասել ենք, որ գոնե մեկ ձուկ բռնի, որ նկարենք: Բայց սա ամենակարևորը չէ:

fishingՆկարահանումից առաջ գլխավոր հերոսը հիշեց, որ ձկնորսության համար որդ չունի: Ես էլ սպասում եմ, թե հիմա ինչ-որ տեղից որդեր է գտնելու ու մտածում էի տեսնես քաղաքի կենտրոնում, ասֆալտի վրա որտեղի՞ց է գտնելու: Ասելն էլ է ամոթ, բայց ձկնորսությունից այնքան չեմ հասկանում, որ նույնիսկ չգիտեի, որ ձկնորսական խանութներում այդ որդերը վաճառվում են, բայց քանի որ մեր նկարահանումը երեկոյան ժամը 7-ին էր, բնականաբար, խանութներն էլ փակ էին: Փոխարենը մեր հերոսը գնաց 24-ժամյա մթերային խանութ ու մի նրբերշիկ ձեռքին վերադարձավ:

Սկզբում չէի հասկանում, թե ինչի համար է դա, եթե սոված է, ապա որտեղ է եփելու այդ նրբերշիկը և ինչու՞ հենց մեկ հատ: Պարզվեց, որ ձկներին հյուրասիրելու համար էր նրբերշիկը: Ու իմ զարմանքին, թե արդյոք ձկները դրանով կգայթակղվե՞ն, Արթուրը թբիլիսյան իր բարբառով պատասխանեց. Էն էլ ոնց, համա հարիֆ չեն էս ձգները, ամենալավ սասիսկին են ուտում, ամենաթանգը:

Կարծում էի, թե կատակում է, բայց երբ նրբերշկի փոքրիկ կտորները տեսա կարթի վրա, վերջնականապես համոզվեցի որ ձկնորսության մեթոդների մոդեռնիզացմանն եմ ականատես լինում: Եվ ոչ միայն ձկնորսների, այլ ձկների կատարելագործմանը նույնպես, որոնք ճիշտ է, խաբվում են նրբերշիկով, բայց միայն ամենաորակյալ ու թանկարժեք նրբերշիկով:

Այնպես որ, եթե որոշեք ձկնորսության գնալ ու այնքան վաղ ժամ լինի, որ ձկնորսական խանութներից որդ գնել չկարողանաք, ոչ էլ որդ որսալ կարողանաք, մտեք շուրջօրյա սուպերմարկետ և գնեք ընդամենը մեկ նրբերշիկ, դա կբավարարի տասնյակ ձկների:

Արթուրը` այն ձկնորսը, ով բացահայտել է ձկներին խաբելու նրբերշիկով մեթոդը, ինձ խնդրեց իր գաղտնիքը հանկարծ ոչ ոքի չպատմել և առավել ևս ռեպորտաժում դրա մասին չխոսել, բայց արդյոք հնարավո՞ր է չխոսել դրա մասին: Դա, պարզվում է, ամենաշատն էր հետաքրքրել հեռուստադիտողներին: Հուսով եմ շատ մարդ չի տեսել այդ սյուժեն և ձեզ էլ կխնդրեմ, Արթուրի գաղտնիքը ուրիշի չասեք:

One Response to Թբիլիսահայ Արթուրի ձուկ որսալու գաղտնիքը. По секрету всему свету

  1. Արփինե Մինասյան says:

    Սիրելի Ռուզան, ես էլ ձեզ պես ոչ մեկի չեմ ասի Արթուրի` այդքան թանկ գաղտնիքը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *