Թբիլիսիի ամենագեղեցիկ հայկական տոներից մեկը

Published On June 27, 2010 | By Ռուզան Վարդերեսյան [Վրաստան] | արխիվ

Դա Վարդատոնն է, բայց ոչ մի տրամաբանական կամ անտրամաբանական կապ չունի Վարդավառի հետ, սա բոլորովին այլ տոն է: Վարդատոնը Սայաթ-Նովայի հիշատակի օրն է և յուրաքանչյուր վրաստանցի և հատկապես թիֆլիսեցի այս տոնին վերաբերում է մեծագույն հարգանքով: Անկախ տարիքից, բոլոր իրենց հարգող վիրահայերը և ոչ միայն նրանք, մասնակցում են այս տոնին :

Այս տարի Վարդատոնին սարսափելի շոգ էր, բայց ես նախանձում էի 90-ն անց տատիկներին ու պապիկներին, որոնք ոչ միայն անտրտունջ ու հաճույքով էին եկել Վարդատոնին, այլև երգում էին ու պարում` որը բեմում, որը` հանդիսատեսի շարքերում, որն էլ մեր տեսախցիկի առաջ:

roseՎարդատոնի միջոցառումն սկսվում է պատարագով, որը մատուցվում է Թբիլիսիի առաջնորդանիստ Ս. Գևորգ եկեղեցում, որի բակում էլ Սայաթ-Նովայի գերեզմանն է: Դրանից հետո հենց եկեղեցու բակում անցկացվում է համերգային ծրագիր` նվիրված Սայաթ-Նովայի հիշատակին: Տոնն ամեն տարի անցկացվում էր աշուղի գերեզմանի մոտ, բայց արդեն երկու տարի է` Վարդատոնը տեղափոխվել է ավելի լայն ասպարեզ` այսպես կոչված Մեյդանի հրապարակ: Էլի գերեզմանից հեռու չէ, բայց այս վայրը պատահական չէ ընտրված, անցյալ տարի Հայաստանի և Վրաստանի նախագահներն այստեղ բացեցին Սայաթ-նովայի հուշակոթողը, բացի դրանից Մեյդանի հրապարակը ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող թաղամաս է, իսկ Սայաթ-Նովան ինքնին ժողովուրդների բարեկամությունն ամրապնդող մարդկանցից էր: Չէ± որ նա ծնվել ու ապրել է Վրաստանում, բայց հայ ժողովրդի հավատարիմ զավակն է եղել, ինչպես նաև գրելով նաև վրացերեն, ավելի է ամրացրել հայ-վրացական դարավոր բարեկամությունը: Եվ երկրորդ ոգևորիչ փաստն այն է, որ Վարդատոնն արդեն նշվում է Հովհ. Թումանյանի անվան փողոցի և Ս. Գևորգ եկեղեցու միջև ընկած տարածքում: Որ կողմ նայում ես, ավելի ես ոգևորվում:

Ընդամենը մի քանի տարի հետո Վարդատոնի ավանդույթը բոլորելու է իր 100-ամյա պատմությունը: Տոնի այսպես կոչված հիմնադիրները Հովհաննես. Թումանյանը, Գևորգ Բաշինջաղյանն ու թբիլիսցի 30-աշուղներ են: 1914 թվականին, երբ Սայաթ-Նովայի անունն այնքան էլ հեղինակություն չի վայելել, ինչպես թումանյանական Վերնատան անդամներն են նշել իրենց տարբեր նոթերում , նրան մի պահ նույնիսկ մոռացության են մատնել, Վերնատան ղեկավար Հովհաննես Թումանյանը որոշում է հիշեցնել ժողովրդին Սայաթ-Նովայի մասին, գտնել նրա կորած կամ մոռացության մատնված երգերը և ահա, վրաստանցի աշուղների հետ միասին նրանց հաջողվում է դա: 1914 թվականի մայիսի վերջին կիրակի օրը նրանք միասին վարդեր են դնում Սայաթ-Նովայի գերեզմանին և աշուղներից յուրաքանչյուրը Սայաթ-նովայի երգերից մեկն է երգում նրա գերեզմանի մոտ: Այդ օրվանից էլ հիմք է դրվել Վարդատոնի ամենամյա տոնակատարություններին, որոնք սկսվում և ավարտվում են աշուղի երգերով, նրա երգերի հիման վրա բեմադրած պարերով, թառ ու քամանչայի երաժշտությամբ և շաաաաատ վարդի թերթիկներով:

One Response to Թբիլիսիի ամենագեղեցիկ հայկական տոներից մեկը

  1. Զ.Մ says:

    Վարդատոնն իր ողջ էությամբ հասկանալու և ընկալելու համար կյանքում գոնե մեկ անգամ ամեն հայ անպայման պետք է ներկա գտնվի այդ գեղեցիկ գարնանային տոնին, իր հարգանքի տուրքը մատուցի 18-րդ դարի մեծ բանաստեղծի հիշատակին և տեսնի, թե ինչպիսի խանդավառությամբ են թիֆլիսահայերը պատրաստվում այդ տոնին:
    Դեռ փոքր էի, որ քույրիկս և մորաքույրս ձեռքիցս բռնած ինձ տարան Սուրբ Գևորգ, ցույց տվեցին Սայաթ-Նովայի գերեզմանը և ամենակարևորը` այն ժամանակ ոչ-ոք առանց վարդի չէր գալիս այդ տոնակատարությանը, բոլորը գոնե մեկական վարդ էին բերում` իրենց հարգանքն և սերն արտահայտելով մեծ աշուղի մեծ արվեստին:
    Ռուզաննա ջան, շարունակիր անդրադառնալ վիրահայերիս ավանդույթներին, չմոռանաս Ղազարոս Աղայանին նվիրված ամենամյա տոնակատարությունը Բոլնիս Խաչենում …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *