Ժուռնալիստիկայի հայկական ֆենոմենը

Published On November 13, 2010 | By Զոհրաբ Հարոյան | արխիվ

Քաղաքականությունը քայքայել է մեր տրամաբանությունը: Քաղաքականությունը մեզանից գողացել է մեր հոգատար քաղաքացիներին: Քաղաքականությունն ամեն ինչ ու բոլորին բաժանել է 2 մասի` սեւի ու սպիտակի, տաքի ու սառի, դիմության ու ընդդիմության: Ու սա այնքան արմատական է մտել մեր կաշվի տակ, որ մեկ-մեկ ինձ թվում է` էլ երբեք դուրս չի գալու: Տրամաբանությունն այնքան հարմարավետ է տեղավորվել անտրամաբանականի դաշտում, որ աշխարհի ամենալոյալ մասնագիտությունը` ժուռնալիստիկան, Հայաստանում եւս բաժանվել է երկու մասի` <<ընդդիմադիր>> լրագրողներ ու, ինչպես ՀԱԿ-ի առաջնորդները շրջանառության մեջ դրեցին, <<պատասխանատու>> լրագրողներ: Նախ սկսենք անվանումներից:

imgresԻ՞նչ է նշանակում <<ընդդիմադիր>> լրագրող: Եթե վերցնենք լրագրողական ամենապարզունակ ձեռնարկը, ապա կարող ենք կարդալ, որ ժուռնալիստը հասարակության պահապանն է: Այսինքն, ի սկզբանե ժուռնալիստը ընդդիմադիր է, բայց ոչ միայն իշխանությանը կամ ոչ միայն ընդդիմությանը: Մեզ մոտ այդ լրագրողներն ընդդիմադիր են կոչվում, որովհետեւ լուսաբանում են ընդդիմադիր գործիչներին եւ դիմադիրներին գեղեցիկ հայհոյել գիտեն: Նրանք չեն խնայում նույնիսկ կաթողիկոսին ու անգամ հայոց բանակը:

Լրագրողների մյուս` <<պատասխանատու>> խումբը մի տեսակ չափից շատ ու շատերին է խնայում: Կրկին տերմինին անրադառնանք` <<պատասխանատու>>: Պատասխանատու են բոլորը` ե’ւ քաղաքացիները, ե’ւ պաշտոնյաները, ե’ւ լրագրողները: Բա իհարկե, ամեն բառի, ամեն տողի, ամեն կետադրական նշանի համար լրագրողը, հարկ եղած դեպքում, պետք է պատասխան տա: Ժուռնալիստը աշխատում է մարդկանց հետ` նրանց ճակատագրերի հետ ու նրանց համար: Իհարկե, <<պատասխանատու>> բառը այստեղ լրիվ այլ իմաստով են գործածել` այսինքն նրանք պատասխանատու են իշխանության ներկայացուցիչներին եւ գործում են նրանց թանկ առողջության համար:

imgresՄի տարօրինակ բան էլ` Հայաստանում <<անկախ>> են կոչվում միայն այն լրագրողները, որոնք ֆիքսված աշխատավարձ չեն ստանում: Ասենք մի գեղի մի թերթում մի անգամ մի հաշվետվություն է գրել ու հիմա իրենց կլուբում իրեն <<անկախ>> լրագրող են ասում: Այստեղ էլ, ինչպես մյուս դեպքերում, լրագրողն անկախ պետք է լինի ի սկզբանե: Դա չի նշանակում, որ դեմ պետք է գնա խմբագրության քաղաքականությանը, այլ ճիշտ հակառակը, պետք է անկախ լինի այն տարածքում, որն ինքն է ընտրել:

Հիմա գամ արդեն լրագրողներիս միջեւ եղած խնդրին: Մենք չունենք մի շատ կարեւոր հատկություն` մասնագիտական համերաշխություն: Մենք ատում ենք միմյանց` ճիշտ այնպես, ինչպես ընդդիմադիր գործիչներն ու իշխանավորները: Երբ ձերբակալում են լրագրող Անի Գեւորգյանին կամ ծեծում են Գագիկ Շամշյանին, մենք չենք բողոքում, չենք ասում գլուխները պատին են տվել: Երբ ծեծում են Նվեր Մնացականյանին, երբ միտինգի ժամանակ անիծում ու հայհոյում են <<Հայլուրի>> լրագրողին, մենք չենք ասում, որ դա նրա աշխատանքն է, այլ հակառակը` ցույց ենք տալիս ու մատնում գործընկերոջը: Այսպես երկար շարունակվել չի կարող. ստացվում է` սկզբում մեզ բաժանեցին, հիմա էլ տիրելու ժամանակն է:

15 Responses to Ժուռնալիստիկայի հայկական ֆենոմենը

  1. Վահագն says:

    Հայաստանում խոսքի ազատությունը “քառսուն գազ խոր” լավ թաղած ա:

  2. Nelli says:

    Զոր, ճիշտ նկատառում էր, էտ որակավորումներն ուղղակի զզվելի են: <> էլ իր հերթին <> է դառնում տվյալ բանակում, <> էլ ընդդիմադիր` հակառակ բանակում: Երբ քաղաքակն իրավիճակը սրվում է, իսկական աղանդավորներ են դառնում: Պետք չի ծայրահեղությունների գիրկն ընկնել:

  3. Լևոն says:

    Բալզակի «Կորուսյալ անուրջներ» վեպը մի հարյուր տարի առաջ եմ կարդացել բայց մի պարբերություն մինչ հիմա հիշում եմ. «…Բոլորս էլ ընդունակ ենք ստորության և մի կամ մի քանի անգամ, մեր կյանքում ստորություն արել ենք բայց իրավաբանների ու ժուռնալիստների մոտ ստորություն անելը մասնագիտություն է դարձել… »: Այնպես որ դա ընդհանուր ֆենոմեն է այլ ոչ թե զուտ Հայկական:
    Հայլորը նայում ես – արդեն Շվեցարյան մեզնից հէտ ա ընկել մեզնից ամեն ինչով,
    ընդիմադիրին ես լսում – հիշոցներից այն կողմ բան չի ջոկվում:

    Օրինակ արտագախթի խնդիրը զուտ ժուռնալիստական թեմա է բայց փորձ անգամ չկա պարզելու թե ինչու՞, դրա փոխարեն լիքը հայրենասիրական ռեպորտաժնէր արտագախթի դեմ ԼՈՍ-ԱՆՋԵԼՈՍԻՑ:

  4. Սարգիս says:

    Մի անգամ մի միջոցառման մասնակից էի, որտեղ այդ իրադարձությունը լուսաբանելու համար ժամանել էին ՀՀ առաջատար հեռուստատեսային լրատվամիջոցների լրոգրողներ:
    Երեկոյան, այդ հեռուստատաալիքների լրատվական հաղորդումների գլխավոր թողարկումներում լուսաբանեցին իրադարձությունը. լուսաբանածի կեսից ավելին սուտ ու հորինած էր:
    Նրանք լրագրող են առանց լուր արմատի. մի քանի ժամվա ընթացքում իրական կադրերի համար անիրական տեքստ հորինեցին: Եվ դա մեր առաջատար հեռուստաալիքների լրագրողները:
    Այդ օրվանից ոչ մի ռեպորտաժի`իրականությանը մոտ լինելուն չեմ հավատում: Հուսով եմ, որ նրանց ոչ բոլոր գործընկերներն են հասարակությանը սուտ լուրեր մատակարարող:
    Ար

  5. Վահագն says:

    Հիմա ամբողջ աշխարհում ընկած են սկալդալի հետեւից: Մեծ տեղ են տալիս դեղին մամուլին: Հիմա մեծ դժվարությամբ կարող ես գտնել լուրջ հոդվածներ մի ինչ որ լուրջ իրադարձության մասին:
    Կարոտ ենք լրջությաաաաաաան…

  6. Նարեկ Ն. says:

    հասարակություն
    ժուռնալիստիկա,
    Բալզակ
    խոսքի ազատություն,
    ստորություն՝
    բանսարկույ ա,
    կաշ-առակեր-ա
    մադրակեր գազան է սա, ում ասես կուտի
    էէէ, ինչ եք ասում՝ աշխատաավոր ռանչպար մարդ ա…

    ՀԱՅԵԼՈՒ ՀԵՔԻԱԹԸ նայեք 😉

  7. Նարինե says:

    նախ Զոհրապ ջան,ոչ միայն դու, այլ շատ լրագրողներ նոր բառերի ստեղծմամբ եք զբաղված: ես ուղղակի ուզում եմ հասկանալ ինչ ասել է ԴԻՄՈՒԹՅՈՒՆ, դիմությունը օգտագործում եք իշխանամետի փոխարեն: Ախր շատ պարզ բառ է, ԴԻՄ-ԴԵՄ , դեմ-ն ինչպես կարող է իշխանամետ դառնալ: Աման-չաման-ի տրամաբանությամբ բառեր չի կարելի ստեղծել, հատկապես, որ արմատն արդեն թույլ չի տալիս:սա ի գիտություն
    իսկ ըստ բովանդակության ասեմ, որ լրագրողական դաշտը ընդհանուր առմամբ աղքատ է ու ճիշտ ես, որ թշնամական վերաբերմունք կա մեկը մյուսի նկատմամբ: երբեմն բանավիճում են ու զգում ես, որ խոսում են ոչ թե հոգիներ/մարդկային էակներ/, այլ այս կամ այն ուղղությանը ծառայողներ: Մի տեսակ աղանդավորություն կա բոլոր բնագավառներում, իսկ դրա բացատրութոյւնն իհարկե սոցիալական վիճակն է, անօրինականությունը եւ այլն: երբ աշխատողին կարող են ամեն վայրկյան ազատել աշխատանքից, ոչ օրենք է գործում ոչ բան:Մի խոսքով խանգարող հանգամանքները շատ են, դրա համար էլ մարդիկ դառնում են աղանդավոր լրագրողներ, աղանդավոր հաշվապահներ, նույնիսկ աղանդավոր ուսուցիչներ եւ այլն….. օֆ օֆ

  8. Զոհրաբ Հարոյան says:

    Շնորհակալություն հարգելի Նարինե ԴԻՄՈՒԹՅՈՒՆ բառը արմատական վերլուծության ենթարկելու համար: Ես համաձայն եմ, որ այս բառը հնարովի է, բայց համաձայն չեմ, որ այն ես եմ հորինել: Այս բառը իրականում հորինել են քաղաքական գործիչները եւ այն վերջին տարիներին այնքան է օգտագործվել, որ այլեւս, իմ կարծիքով, դուրս չի գալու հայերենից:Այդպիսի բառերի շատ օրինակներ ունենք, որոնք սխալ են գործածվել ու հետո սեփականացվել լեզվի կողմից: Մի օրինակ ասեմ` “ապուշ” բառը արմատական վերլուծության ենթարկելիս ստացվում է “անուշադիր”, բայց ժամանակի ընթացքում այլ իմաստ է ստացել:

    Մի բան էլ անունս “Զոհրաբ” է գրվում, իսկ “Զոհրապ” արեւմտահայերենում է գրվում, որ “Զոհրաբ” կարդացվի…

    Ամեն դեպքում շնորհակալ եմ ձեզ դիտարկման համար: Կաշխատեմ խուսափել այդ բառից:

  9. Klimti says:

    Հին հունական առասպելաբանության ամենախորամանկ աստվածներից մեկը՝ Օլիմպիոսի տիրակալ Զևսի որդի Հերմեսը կամ լատիներեն Մերկուրին միարժամանակ հոր սուրհանդակն էր: Նա ամեն իմաստով հանդիսանում էր միջնորդ ու այսպիսով հանդիսանում ինչպես ժուռնալիստների այնպես էլ վաճառականների աստվածը… Աշխարհում նույնիսկ այդ անունը կրող թերթեր կան (Mercure de France, Mercurio-ն Չիլիում կամ էլ Merkur-ը Գերմանիայում և այլն): Նրա անունով էլ կոչվեց տեքստերը մեկնաբանելու գիտությունը՝ հերմենեվտիկան: Բայց պետք է իմանալ, որ նա նաև գողերի աստվածն էր. դեռ փոքրուց, երբ միօրական էր, նա արդեն հասցրեց իր եղբոր Ապոլոնից մի նախիր տավար թռցնել: Նա նույնիսկ մտածեց ու տեղափոխեց նրանց հետ քայլերով, որպեսզի հետքերով փնտրողին թյուրիմացության մատնի: Երբ Ապոլոնը վերջինիս բացահայտում է իրողությունը, փոքրիկը նրան փաղաքշելու համար երաժշտական գործիք է նվիրում, քնար, որ պատրաստել էր կրիայի պատյանից իսկ լարերը տավարի աղիքներից: Ասենք մեր օրերի կիթառի նախատիպը ու քանի, որ Ապոլոնը երաժշտության սիրահար էր, գորովանքով է լցվում այդ եզակի ճստիկի հանդեպ…

    Իմ հերթին ավելացնեմ նաև, որ համակրանք ունեմ ժամանակակից ժուռնալիզմի հանդեպ, այն մեդիատորիների հանդեպ ովքեր կարող են ազդել: Մնում է հասկանալ հանուն ինչու: Պրոբլեմը նա է, որ դուք էլ Ձեր հերթին ձեզ մտցնում եք մի ռեգիստրի մեջ, որտեղ գտնվում են Ձեր ներկայացրած քաղաքական դիմադիրաընդիմադիրանկախները ու փորձում եք փրկել հայոց աշխարհը: Հետաքրքիր կլիներ կարդալ կոնկրետ վերլուծություններ այլ ոչ միայն դիտել անգույն ու հնացած ֆոտոցուցահանդես: Ի վերջո ո՞րն է արժեքների Ձեր համակարգը. սևն ու սպիտակը մարդկային խմբեր չեն կարող լինել, կարող են լինել սկզբունքներն ու արժեքները… օրինակ ինչպե՞ս եք կարևորը զատում ոչ կարևորից:

  10. Ծովինար Նազարյան says:

    Ո՞վ էլ խոսի ժուռնալիստիկայից: Ինչ էլ պատասխանատուն ես: Դրա համար ես Սարգիս Կարեյանին հայհոյում: Թե՞ քանի որ հայհոյում ես, ուրեմն ընդդիմադիր ես: Անունդ էլ ժուռնալիստ է:

  11. Զոհրաբ Հարոյան says:

    Հարգելի Ծովինար Նազարյան վերջին շրջանում գուցե լարված աշխատում եք, գուցե գերհոգնած եք, գուցե ձեզ նեղացրել են ու դուք չեք կարողացել պատասխանել… Ձեզ երեւի հանգստանալ է պետք ու ամեն ինչ կանցնի…

  12. Լևոն says:

    Klimti – Ին
    «Հանունը» անհրաժեշտ է ցանկացած է մասնագիտությանը, որպես մասնագիտությունից դուրս գտնվող արժեք-նպատակ, ոչ միայն լրագրությանը: Մարդը ավելին է քան իր մասնագիտությունը:
    Պատկերացրեք, օրինակ գործարար-առևտրական-տնտեսագետ որի «հանունը» համընկնում է ներմասնագիտական «մի դոլար դիր – տասը կորզիր» ներմասնագիտական գերխնդրի հետ:

  13. Klimti says:

    Պատկերացրեք Լևոն, որ այդպիսին է իրականությունը, թեև դառը, բայց այդպիսին է: Գործարարը եթե չունենա այդ ներմասնագիտական գոնե նպատակը, նա այսօր չի գոյատևի. եթե մի մասնավոր ձեռնարկության քառամսյակի թվային տվյալնեը չեն ավելանում՝ էքսպերտների կարիք է առաջանում:
    Խնդիրը պարզ է, իդեոլոգների սառը ապուրը չմարսածները դա առաջին են գիտակցում ու հեռու գնալ պետք չէ և ժամանակակից պատմության դասերը սովորելը բավարար է այն հասկանալու համար: Պետք է գնալ Օլիմպիոս, որտեղ ամեն մեկն իր տեղն ու դերն ունի, որտեղ կոսմոսի օրենքներն են ու անդադար պայքար հանուն ներդաշնակ բարեկարգության ի դեմ մութ ու քաոսային ուժերի, որտեղ բոլորի ուշադրության են արժանանում չափազանցությունները: Այսպիսով գերխնդիր կարող է դառնալ համակարգված մտածելակերպը, որին կարելի է հասնել տրամաբանությամբ ու որի կենտրոնում հենց մարդկությունն է իր տեսակներով ու բարդույթներով:

  14. Լևոն says:

    Հարգելի Klimti եթե նույնիսկ իրկանությունը գերարդյունավետ և գերարհեստավարժ մասնագետները ձևավորեն միևնույնն է դառը կլինի գոնե մի պատճառով, որ մի օր մեռնելու ենք, մահկանացու ենք: Նույնիսկ այն քիչ թե շատ տանելի իրականությունը որը դուք և ես ի նկատի ունենք երևակայական է, վիրտուալ է: Ռեալ իրականությունը, մեր ներկա վիճակը ուղղակի հոռի է: Օրինակ՝ մասնագիտորեն քիչ թե շատ նորմալ լրագրությունը ուղղակի կամ, կորպորատիվ, կամ իշխանական պիառ է: Դա ուղղակի հանցագործություն չի բայց անպատասխանատվություն է քանի որ լրագրողի թողած բացը ուրիշ ոչ մի մասնագետ լրացնել չի կարող: Իսկ իրավական կամ իշխանական դաշտում իրականությունը ոչ մասնագիտական, ոչ բարոյական, ոչ այլ կատեգորաներով նկարագրելի կամ գնահատելի չէ:

  15. Klimti says:

    Լևոն լիովին կիսում եմ Ձեր հոռետեսությունը, սակայն ես նշանավուրում էի պրոմեթևսյան մահկանացուին: Այսօր ոչ միայն լրագրողի այլև բոլոր հասարակական գործունեություն ունեցողների բացերը բերում են մի այնպիսի խառնաշփոթի որտեղ դաշտերը հստակ չեն սահմանվում ու անտարբերակելի են, որտեղից էլ անգնահատելիության կարողությունը, համաձայն եք: Բանը նրանում է, որ իրականում բոլոր մասնակիցներն էլ, գործողներն էլ նույն դպրոցի ավանդական զանգակներեն են: Լրագրողը իր հերթին ունի նույն խնդիրները ինչպես հարևան մյուս մասնագետները: Շշմեցնող են նրանք, ովքեր դա չեն գիտակցում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *