Լրագրողին ոտքերն են կերակրում

Published On May 16, 2010 | By Գնել Նալբանդյան | արխիվ


Ես միշտ կողմնակից եմ եղել ունիվերսալ ժուռնալիստիկային, քանի որ ինձ համար կարևորը ցանկացած երևույթի, իրողության մասին տեղեկությունը պարզ ու ընկալելի ձևակերպելն է: Թեև մասնագիտացված, ոլորտային ժուռնալիստիկայի կողմնակիցներն ունեն նույնքան հզոր հակափաստարկներ: Ամեն դեպքում, իմ երիտասարդ գործընկերներին միշտ խորհուրդ եմ տալիս սկսել ոլորտային լրագրությունից, մինչև վերջ տնտղել այդ ոլորտը:

Դրանից մի քանի տարի հետո պետք է անցնել ունիվերսալ ժուռնալիստիկային ու ընդյալնել մտահորիզոնն ու կապերը: Իսկ դրանից հետո` ավելի մեծ փորձառությամբ ու բագաժով, կրկին տեղափոխվել ոլորտային ժուռնալիստիկա:

6Լրագրողի համար մասնագիտական կրթությունը պարտադիր չեմ համարում: Լրագրող դառնալու համար պետք է ունենալ երևակայություն, լայն մտահորիզոն, կարևորն անկարևորից զատելու ունակություն, տարրական գրագիտություն, տրամաբանություն, պատասխանատվություն, համառություն և դիմացինին ուշադիր լսելու ձիրք: Սրանք հատկանիշներ են, որ ամենևին կապ չունեն մասնագիտական կրթության հետ:

Լրագրողին ոտքերն են կերակրում. սա ռուսական հեռուստաաշխարհի ասացվածք է, որը սիրում է կրկնել Լևոն Պարոնյանը: Տարիների հետ պակասել է վազվզելու` իմ ունակությունը, և ես հիմա խմբագրի դերում եմ ավելի լավ արտահայտում իմ ձգտումները: Դժվար թե ինքնակամ վերցնեմ խոսափողը և հայտնվեմ նկարահանման վայրում, բայց եթե ականատես լինեմ արտակարգ պատահարի, համոզված եմ, որ ներսումս կարթնանա լրագրողի բնազդը, և կձևակերպեմ տեղեկությունն ու դա կհասցնեմ լրատվամիջոցին: Ցանկացած բժիշկ, որ պատահմամբ հայտնվել է ավտովթարի վայրում, անպայման կապահովի առաջին օգնությունը` մինչև տեղ կհասնի շտապ օգնության մեքենան… չէ՞:

18 Responses to Լրագրողին ոտքերն են կերակրում

  1. Սմբատ Ղահրամանյան says:

    Պարոն Նալբանդյան, ձեր իսկ թույլտվությամբ, ձեր գրառման վերաբերյալ՝ես առաջինը մեկնաբանեմ:Այն, որ ձեր փորձն ու երկար ու ձիգ տարիների աշխատանքը՝ թույլ է տալիս ձեզ նմանատիպ եզրահանգման գալ դա բնական է, ու ըստ իս՝ ավելի քան տրամաբանական:Բայց ես, որպես ապագա հեռուստալրագրող, որպես երիտասարդ սկսնակ ժուռնալիստ գտնում եմ, որ բազմակողմանի լրագրությանն անցնելու համար, առնվազն երկար տարիների աշխատանք է հարկավոր, փորձ ու բավականին չափով գիտելիքներ:Իմ կարծիքով, մենք՝երիտասարդ լրագրողներս, ովքեր իրենց առաջին քայլերն են անում ժուռնալիստիկայի ոլորտում, պետք է սկսենք հստակ մեկ ճյուղից, եթե մամուլ՝ուրեմն մամուլ, եթե ռադիո՝ուրեմն ռադիո, իսկ եթե հեռուստատեսություն՝ ապա միայն հեռուստատեսություն և հետևաբար հեռուստալրագրության ուսումնասիրում:Ես շատ գրքեր եմ կարդացել ժուռնալիստիկայի մասին, բայց անտարակույս ոչ այնքան, որքան դուք, և ձեզնից լավ հեռուստատեսության ու հեռուստալրագրության մասին ոչ ոք պատկերացում չի կազմում:Եվ իսկապես, այդպես է՝խնդրում եմ հակառակը մի համոզեք:Այո, լրագրությունը և մասնագիտություն է, և կենսաձև:Շատ հայտնի մարդիկ, ովքեր վաղ հասակում զբաղվել են լրագրությամբ, գրել են, որ ժուռնալիստիկան՝ և՜ մասնագիտություն է, և՜ կենսաձև, և՜ ապրելակերպ:Իմ խորին համոզմամբ, այո լրագրող շատ քչերն են դառնում,որովհետև ժուռնալիստ ծնվում են, գուցե և համաձայն չլինեք, բայց ես այդպես եմ կարծում, չէ որ,որքան էլ ուսանես, որքան էլ ջանք թափես, եթե առհասարակ երբեք չես կարողացել գրել՝շարադրել մտքեր, ապա ոչ ոք չի երաշխավորում, որ ապագայում կկարողանաս:Լրագրողը իմ գիտակցմամբ, պետք է ինքը իրեն ապացուցի, որ լավն է, պահանջված է, ու իրենից լավը չկա:Ցանկությունն ու առաջ գնալու ձգտումը՝ լրագրության ասպարեզում, շատ կարևոր է:Եթե ինքդ քեզ հավաստիացնես, որ կարող ես, կհասնես ու ամեն բան անում ես հաջողության հասնելու համար, ապա ամենինչ էլ կստացվի:Միայն թե, այստեղ կա շատ մեծ “Եթե”:Ի վերջո, եթե չհուսահատվես ամենօրյա դժվարություններից, տարբեր մարդկանց բարբաջանքներից, ինքդ լցվես մեծ հույսով ու հավատով՝ապա կարողանաս առաջ գնալ և ետ չնայել:Եթե ինձ չգովեմ, թև դրա կարիքը բացարձակապես չկա, կարող եմ ասել,որ ձեր նշած բոլոր հատկանիշները ինձանում առկա են:Ես շատ եմ սիրում դինամիկ, զարգացող ու չափից շատ ժամանակակից մասնագիտությունը՝լրագրությունը, ու հավատում եմ, որ ապագայում կանցնեմ աշխատանքի մեր հեռուստաընկերություններից մեկում, որպես լրատվականի մեկնաբան, որովհետև շատ եմ սիրում քաղաքականությունը, և ինձ պատկերացնում եմ լրատվականի մեկնաբան:Աստված իմ՝ ինչի մասին է խոսքը, խոսել հայերեն կարողանում եմ, շատ վարժ ընթերցում եմ, ձայնս լավն է՝ներկայացուցչությունս էլ չի զիջում որևէ մեկին:

    Հ.Գ.Շնորհակալ եմ ձեր գրառումների համար, անկասկած դրանք՝ հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ են ծավալում:

  2. Նարինե says:

    տարրական գրագիտություն? – բաւարար է?

  3. zoro says:

    Irakanum karcum em ayo bavarar e tarrakan gragitutyuny… Vorovhetev lragroxy yndameny patmutyunner patmox e u inchqan haskanali lezvov, aynqan aveli lav… mer etrum kan lragroxner, voronq aveli xelaci erevalu, qan irakanum kan, nyuty karucum en amenaanhaskanali barerov, voronc imasty hamozvac em irenq el chgiten… tv-n shat tapancik e ete qez kexcum es, apa da shat caytun erevum e… Isk lragroxi patmutyunnery petq e bolori hamar linen` te bardzraguyn krtutyun unecoxneri, te antarachanachi, te pujur glxov, erkar yuxot mazerovneri u cicak koshkavorneri hamar…

  4. zoro says:

    Hargeli Gnel im karciqov Lragrutyuny koshkakarutyan, kam hactuxi masnagitutyan nman mi ban e… ayn uni hstak kanonner u banadzever…. Dranq imanaly im karciqov uxxaki partadir e lragroxi hamar, isk vortex kareli e sovorel ayd kanonnery, ete voch buhum…. Asenq inch eq karcum 4-rd ishxanutyan, te ALM-i xmbagirnery giten u ksovoracnen irenc lragroxnerin???… Dzer nshac banery hamadzayn em mardik piti i cne unenan… bayc dranq unecoxnery mi banov en tarbervum myusneric` nranq karox en lav lragrox darnal….

  5. Գնել Նալբանդյան says:

    Սմբատ ջան, լրագրության ասպարեզում տարիների ծանր աշխատանքն, անշուշտ, ՊԱՐՏԱԴԻՐ է: եթե ավելի ուշադիր կարդաս, կտեսնես, որ ես գրել եմ. /մեջբերում եմ/ …սկսել ոլորտային լրագրությունից, մինչև վերջ տնտղել այդ ոլորտը, դրանից ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ հետո պետք է անցնել ունիվերսալ ժուռնալիստիկային ու ընդյալնել մտահորիզոնն ու կապերը: Իսկ դրանից հետո` ավելի մեծ փորձառությամբ ու բագաժով, կրկին տեղափոխվել ոլորտային ժուռնալիստիկա: /մեջբերման ավարտը/ Այսինքն լրագրության մեջ հաստատվելու համար առնվազն 5ից 7 տարի է պետք, իմ հաշվարկով, իսկ հմտանալու համար` ևս 5 կամ 7 տարի… Իմ ասածի լավագույն օրինակը մեր իրականության մեջ Աննա Իսրայելյանն է, որին ես սիրում եմ, վստահում եմ և որի օրինակը միշտ բերում եմ երիտասարդ լրագրողների համար:

  6. Գնել Նալբանդյան says:

    Նարինե ջան, ես նշում եմ նվազագույն ակնկալիքները լրագրողից… թող նա ունենա շատ ավելի խորը գիտելիքներ` լեզվաբանության, ոճաբանության, ուղղագրության, շարահյուսության, բարբառագիտության ոլորտներում… դա միայն կավելացնի նրա մասնագիտական արժեքը, սակայն գոնե ՏԱՐՐԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՈՒՆԸ պարտադիր է… հավատա, լավ կյանքից չի, որ ես գոնե տարրական գրագիտություն եմ ակնկալում… լրագրողների 80 տոկոսը բազմաթիվ բառեր կիրառում է այնպիսի իմաստներով, որոնք այդ բառերը երբեք չեն ունեցել…. Եթե Մեսրոպ Մաշտոցը հանկարծ վերածնվեր ու կարդար մերօրյա թերթերը կամ լսեր մերօրյա ՖՄները կամ հեռուստահաղորդումները, հաստատ ինֆարկտով նորից կգնար այն աշխարհ…

  7. Manu says:

    Գնել, ինչ լավ է, որ այս մասին բլոգ գրեցիք: Ես չեմ հիշում մագիստրոսական թեզս, թե դիպլոմայինս էր, չորս ստացա այն պատճառով, որ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանին, որը հանձնաժողովի նախագահն էր, պաշտպանության ժամանակ իմ կարծիքը հայտնեցի, որ ավելի լավ է, լինեն ունիվերսալ լրագրողներ, քան թե նեղ մասնագիտացած: Երկար բանավեճից հետո ասեց. չէ, աղջիկ ջան, սխալ ես, աշխատանքդ էլ այդ տրամաբանությամբ ես գրել ու… 4 ստացա

  8. Արփինե Մինասյան says:

    Լավ, համամիտ եմ, որ լրագրողական կրթությունն այդքան էլ էական չէ, բայց լրագրությունն ունի որոշակի գաղտնիքներ ու էթիկական կանոններ: Եթե լրագրությունից գաղափար չունեցող երիտասարդը ընդունվում է հեռուստատեսություն աշխատանիքի,իմ կարծիքով նրանից երկար ժամանակ կպահանջվի, որ նա գոնե յուրացնի որոշ էթիկական կանոններ:Ես մի քիչ կարևորում եմ ժուռնլիստալան կրթությունը, քանի որ այն ինչ կարդում ես գրքերում կամ լսում դասախոսություններ, գոնե որոշ պատկերացումներ կազմում ես, թե ուր ես մտել, ինչ է քեզ սպասվում, քեզնից պահանջվում և ինչ ես ուզում դու ասել…

  9. Գնել Նալբանդյան says:

    Զորո ջան, լրագրությունը կոշկակարի կամ հացթուխի գործի պես բան է: Այո, միանգամայն համաձայն եմ և ինքս էլ պարբերաբար կրկնում եմ սա` երիտասարդ լրագրողներին ներկայացնելով հետևյալը. լրագրությունը փեշակ է, որն ունի իր տեխնիկական գաղտնիքները: Ինձ հետ աշխատող լրագրողները երևի կմտաբերեն, որ իրենց նյութերը խմբագրելիս ես նախ ստուգում եմ` քանի րոպեանոց ռեպորտաժ է, քանի սինխրոն կա այդ ռեպորտաժում, ամեն սինխրոնը քանի վայրկյան է, սինխրոնների միջև քանի վայրկյանանոց /քանի նախադասությունից բաղկացած/ ետկադրի տեսքտ պետք է լինի, ինչ համամասնությամբ են հերթագայում սինխրոնն ու լրագրողի տեքստը, լուսագրով ինչ է գրվելու… սրանք ՏԵԽՆԻԿԱԿԱՆ դետալներ են, որոնք հասկանալը ՆՈՒՅՆՔԱՆ կարևոր է, որքան ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ ու ՈՐԱԿԸ` թեմայի հստակություն, տարբեր կամ հակադիր կարծիքներ, անկողմանակալություն, սեփական կարծիքի բացառում, հղում աղբյուրներին….
    Ճիշտ նույն կերպ էլ հացթուխն է աշխատում` նախ հացի կաղապարը, հետո խմորի չափը, հետո վառարանի ջերմաստիճանը, վառարանում պահելու րոպեները… լավ թխած հացի համն ու հոտը` ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԱԿԸ պայմանավորված է հասունացրած թթխմորով, աղի ու մյուս բաղադրիչների համամասնությամբ, հացը վառարանից ճիշտ ժամանակին հանելու հանգամանքով….
    Լրագրողի և հացթուխի գործը գրեթե նույնն է. մեր երկուսի տվածը մարդիկ կամ կուտեն հաճույքով ու կերածից բան կհասկանան, կամ կծելուց անմիջապես հետո կթքեն ու կհայհոյեն պատրաստողին….

  10. Գնել Նալբանդյան says:

    Արփինե ջան, այո, երկար ժամանակ կպահանջվի, որ հեռուստատեսություն մտած երիտասարդ լրագրողը գոնե յուրացնի որոշ էթիկական կանոններ… համաձայն եմ: Հենց այս պատճառով է, որ ես իմ այս բլոգային էպոպեան սկսել եմ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ բաժնով ու իմ կազմած Հայեցակարգը կետ առ կետ քննարկելով, և այստեղ հնչող բազմաթիվ հարցերի արձագանքելիս գրում եմ. Տես` Հայեցակարգի նախագիծ բաժինը, որն այս կայքէջի վերին ձախ մասում է` լինքով:
    Ես այս բլոգում արդեն 400 անգամ նշել եմ, որ ալիքը ՊԵՏՔ Է ունենա իր Հայեցակարգը, որ ալիքի հին կամ նոր աշխատակիցը ոչ թե տարիներ վատնի` ալիքում ինչ որ մեկից ինչ որ բան պարզելու համար, այլ կարդա Հայեցակարգը և այն միշտ ունենա ձեռքի տակ:

  11. Գնել Նալբանդյան says:

    Մանու ջան, իսկապես ՉԿԱ միջազգային որևէ ստանդարտ, որը սահմանում է, թե ունիվերսալ լրագրությունը ճիշտ է, ոլորտայինը` սխալ: Կամ հակառակը: Իմ հրապարակման մեջ ես նշել եմ, որ երկու տեսակետներն էլ ունեն հիմնավոր փաստարկներ ու բազմաթիվ կողմնակիցներ: Ես, հավանաբար, ունիվերսալի և ոլորտայինի` փաթեթային լուծման կողմնակից եմ, քանի որ կարծում եմ, որ դրանք պետք է տրամաբանորեն հերթագայեն լրագրողի մասնագիտակա կյանքում: Մեկ ուրիշը կարող է լինել միմիայն ունիվերսալի կողմնակից, երրորդը` միմիայն ոլորտայինի… Բայց սա այն խնդիրը չէ, որի համար կարելի է գնահատական իջեցնել:

  12. Սմբատ Ղահրամանյան says:

    Դուք իրավացի եք, պարոն Նալբանդյան

  13. Հասմիկ says:

    Ողջույն, Գնել։ Նյութերդ շատ ուսանելի են. ուզում եմ հրապարակել մեր՝ mskh.am կայքում։ Լրագրությունն ընտրած ավագ դասարանցի մեր երեխաները առայժմ չունեն նման ուսուցիչ։ Համոզված եմ՝ նրանց օգտակար կլինի։
    Թո՞ւյլ ես տալիս ։

    Հասմիկ Ղազարյան

  14. Գնել Նալբանդյան says:

    Հասմիկ ջան, մեծ սիրով… ես միայն ուրախ կլինեմ, եթե իմ գրառումներն օգտակար լինեն որևէ մեկի համար: եթե նրանք հարցեր ունեն, կարող են ինձ գրել այստեղ, և մենք կզրուցենք…

  15. Հասմիկ says:

    Շնորհակալ եմ։

  16. Մանե says:

    Շնորհակալ եմ հետաքռքիր նյութերի համար: Ամեն անգամ հաճույքով կարդում եմ. միշտ սովորելու բան կա: Ես սովորում եմ <> կրթահամալիրի <> խորացված ուսուցմամբ դասարանում: 15 տարեկան եմ ու սովորում եմ 11-րդ դասարանում: Գուցե մտածեք, ինչու այսքան մանրամասն գեցի: Ասեմ` սովորում եմ լեզուների խորացված դասարանում ու պատրաստվում եմ դառնալ լրագրող: Տարիքս էլ նշեցի, որովհետև հարցիս պատասխանելու հաամր գուցե այն հարկավոր լինի:
    Մի քանի ամիս առաջ գրեցի <> վերնագրով նյութ: Այնտեղ նշեցի,որ հանճար ծնվում են, իսկ մասնագետ` դառնում:
    Դեմ չեմ, որ լրագրող լինելու համար պետք է ի ծնե որոշակի տաղանդ ունենալ, սակայն կարծում եմ, որ լրագրող դառնում են:
    Հետաքրքիր է ձեր կարծիքը:
    Հ.Գ. Եթե կցանկանաք ու հարմար կլինի կարող եմ այն ուղարկել ձեզ, որպեսզի կարդաք ու ձեր կարծիքը հայտնեք. Ձեր կարծիքը հետաքրքիր ու կարևոր է:

  17. Մանե says:

    Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի «Օտար լեզվի և թարգմանության» խորացված ուսուցմամբ դասարանում:
    Մի քանի ամիս առաջ գրեցի «Լրագրող դառնում են, թե ՞ ծնվում » վերնագրով նյութ:

  18. Գնել Նալբանդյան says:

    Մանե ջան, ուրախ եմ, որ իմ գրառումները օգտակար ես համարում և կարդում ես դրանք: Ես նույնպես կարծում եմ, որ հանճար ծնվում են, իսկ մասնագետ` դառնում: Մասնագետ դառնալ նշանակում է աշխատել ամեն օր և տարիներ շարունակ: Իսկ լրագրողի մասնագիտությունն էլ սկսվում է մեկ երկու շատ պարզ բանից` ընթերցողի հետ լինել ազնիվ, նյութը կազմել միայն փաստերի հիման վրա` աղբյուրներին հղումներ անելով, հրաժարվել անձնական ապրումները, տպավորությունները և սեփական կարծիքը որպես տեղեկություն փոխանցելու գայթակղությունից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *