Հայեցակարգ

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԼԻՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Մշակութային ալիքի հեռուստալսարանն ակնկալում է, որ այս ալիքի եթերում կպահպանվեն մասնագիտական չափորոշիչները, խմբագրական բարեխղճությունը և էթիկայի նորմերը: Այդ չափորոշիչները, կանոնները և նորմերն ամբողջացնող հայեցակարգը (այսուհետև` Հայեցակարգ) տալիս է այդ արժեքների սահմանումները և ուղեցույց է մշակութային հեռուստաալիքի (այսուհետև` Հեռուստաալիք) ղեկավար, խմբագրական, ռեժիսորա-օպերատորական, հաղորդավարական, լրագրողական և տեխնիկական աշխատակազմերի համար:

Հայեցակարգը նաև յուրօրինակ պայմանագիր է Հեռուստաալիքի և հանրության միջև, քանի որ Հայեցակարգը բաց փաստաթուղթ է և տեղադրված է Հանրային հեռարձակողի ինտերնետային պաշտոնական կայքում:

Հայեցակարգը սահմանում է, թե ինչպես է պետք լուծել Հեռուստաալիքի աշխատակազմի առջև ծառացող մասնագիտական բարդ և վիճելի խնդիրները, ուղենշում է այն սկզբունքները, որոնք պետք է հարգել և պահպանել Հեռուստաալիքի ներսում պատրաստվող հաղորդումներում և այն հեռուստաարտադրանքում, որը Հեռուստաալքի պատվերով պատրաստում են անկախ հեռուստաստուդիաները և հեռուստաարտադրողները:
Ուստի

1. Հեռուստաալիքի աշխատակազմը և Հեռուստաալիքի հետ գործակցող անկախ արտադրողները պետք է քաջատեղյակ լինեն Հայեցակարգի հիմնադրույթներին,
2. Հայեցակարգը պետք է լինի Հեռուստաալիքի աշխատանքային պայմանագրերին կից փաստաթուղթ,
3. Հայեցակարգի տպագիր բրոշյուրը պետք է լինի Հեռուստաալիքի բոլոր կառույցներում,
4. Հայեցակարգը պետք է (վեբկայքում տեղադրված լինելով) հանրության համար հասանելի լինի:

Հայեցակարգն ինտերնետում տեղադրելը նպատակ ունի հանրությունը տեղյակ պահել, թե Հեռուստաալիքը, օրենքների պարտադրանքից զատ, կամովին ինչ պարտավորություններ է ստանձնում: Իսկ հանրությունն էլ, ալիքի եթերը համեմատելով Հայեցակարգի հետ, կկարողանա ինքնուրույն որոշել, թե Հեռուստաալիքը որքան բարեխղճորեն է կատարում այդ պարտավորությունները:

Հեռուստաալիքի հեղինակությունը խարսխված է նախևառաջ հասարակության առջև պատասխանատվություն կրելու գաղափարի վրա: Այդ հեղինակությունը կխարխլվի, եթե Հեռուստաալիքի համար հաղորդում պատրաստողները ներքուստ իրենց պատասխանատու զգան ոչ թե հանրության և հեռուստալսարանի առջև, այլ իշխող կամ ընդդիմադիր քաղաքական ուժերի, պետական կառույցների, մասնավոր բիզնեսի կամ կրոնական կազմակերպությունների առջև: Հայեցակարգը սահմանում է նման շահախնդրությունից խուսափելու ուղիները և մասնագիտական էթիկայի կանոնները:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ-Հեռուստաալիքի տնօրինություն, հանրային հեռարձակող – Հեռուստաալիքի տնօրինություն, Հեռուստաալիքի տնօրինություն-խմբագրակազմ, խմբագրակազմ-կոմերցիոն արտադրություն, խմբագիր-լրագրող, խմբագիր-ռեժիսոր, ռեժիսոր-լրագրող, ռեժիսոր-օպերատոր, օպերատոր-լրագրող և այլ կարգի հարաբերություններում ծագող վիճելի (մասնագիտական) խնդիրները լուծվում են նախևառաջ Հայեցակարգում նշված ուղիներով, և հետո միայն` վարչական մեթոդներով կամ օրենքով սահմանված կարգով:

Հեռուստաալիքի եթերային քաղաքականության հիմքը.
1. խմբագրական ինքնուրույնություն և գրաքննության ցանկացած դրսևորման բացառում,
2. անկողմնակալություն և հավասարակշիռ վերաբերմունք,
3. մասնագիտական բարեխղճություն,
4. հասարակության ներսում ընդունված բարոյական նորմերի պահպանում:

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հեռուստաալիքի ֆինանսական մուտքերն ապահովվում են ՀՀ պետբյուջեից, Հեռուստաալիքի գովազդային և առևտրային մուտքերից` սեփական և հայրենական արտադրության տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, հովանավորությունից, նվիրատվությունից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցներից:

Հեռուստաալիքն առաջնորդվում է ՀՀ հանրային հեռուստաընկերության գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ և հարակից օրենքներով, ղեկավարվում է ժողովրդավարության, անկողմնակալության սկզբունքներով, ապահովում է խոսքի ազատությունը և խմբագրական ինքնուրույնությունը։
Հեռուստաալիքի ղեկավարին նշանակում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը: Հեռուստաալիքի ընթացիկ գործունեությունը կարգավորվում է Հեռուստաալիքի ղեկավարության` Հեռուստաալիքի ղեկավարի, գլխավոր խմբագրի և գլխավոր պրոդյուսերի համատեղ որոշումներով:

Հեռուստաալիքի Հայեցակարգը հաստատող մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է: Հաստատված Հայեցակարգում կատարվող հետագա փոփոխություններն ու լրամշակումները նույնպես հաստատում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը:

Հեռուստաալքի խորհուրդ

Հեռուստաալքի խորհուրդը Հեռուստաալիքի ղեկավար կազմի համար խորհրդատվական մարմին է և գործում է խորհրդատվական վճարովի ծառայություն մատուցելու հիմունքով: Հեռուստաալքի խորհուրդն ունի հինգ անդամ, որոնց ընտրում է Հեռուստաալիքի ղեկավարությունը: Հեռուստաալքի խորհուրդը գործում է կամավոր անդամակցության սկզբունքով:

Ինքնառաջադրմամբ ներկայացած հավակնորդ(ներ)ին մերժելու դեպքում Հեռուստաալիքի ղեկավարությունը պետք է տվյալ անձին (անձանց) այդ մասին ծանուցի պաշտոնական գրությամբ, սակայն պարտավոր չէ մերժումը գրավոր հիմնավորել: Հեռուստաալիքի ղեկավարը հաստատում է Հեռուստաալքի խորհրդի կազմը:

Հեռուստաալքի խորհրդի անդամ կարող են լինել ՀՀ ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, անհատ արվեստագետներ և հասարակության ներսում հեղինակություն վայելող անձինք: Հեռուստաալքի խորհրդի անդամ չեն կարող լինել Հանրային հեռուստառադիոընկերությունում և Հեռուստաալիքում աշխատող անձինք:

Հեռուստաալքի խորհուրդը ժողովները գումարում է ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ` Հեռուստաալիքի ղեկավարի նախաձեռնությամբ: Հեռուստաալքի խորհուրդը քննարկում է միայն ստեղծագործական խնդիրներ` գերակա համարելով Հեռուստաալիքի խմբագրական ինքնուրույնությունը:

Հաղորդացանց

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին հաստատում է հաջորդ տարվա հաղորդումների հեռարձակման ընդհանուր ծավալը, ծրագրերի կառուցվածքը, դրանց առանձին բաժինների համամասնությունները, հաղորդացանցը: Հաստատված հաղորդացանցում տարվա ընթացքում կատարվող փոփոխությունները նույնպես հաստատում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը` հիմք ընդունելով Հեռուստաալիքի ղեկավարի գրավոր հիմնավորումը:
Հեռուստաալիքի հաղորդացանցը 24-ժամյա է:

Հեռուստաալքի ծրագրերի պրոդյուսերը կազմում է հաղորդացանցը: Հաղորդացանցը կազմվում է յուրաքանչյուր շաբաթվա համար` հեռարձակման օրից 14 օր առաջ: Հաղորդացանցը կազմելուց հետո այդ ցանցում ցանկացած փոփոխություն կատարվում է միմիայն Հեռուստաալիքի ղեկավարի գրավոր կարգադրությամբ:

Հաղորդացանցում ընդգրկվում են հայկական և համաշխարհային արվեստի, գիտության, կրթության, պատմության ու մշակույթի հիմնական ոլորտներին առնչվող հաղորդումներ, վավերագրական, գեղարվեստական, ուսումնական ֆիլմեր, մշակութային լուրերի թողարկումներ, ուղիղ և տեսագրված համերգներ, տոնական միջոցառումներ, երաժշտական հաղորդումներ, թարգմանված, հայրենական արտադրության կամ սեփական արտադրության գեղագիտական բարձր արժեք ներկայացնող գեղարվեստական (խաղարկային) ֆիլմեր, պատմական, հեռուստատեսային, ուսումնական, վավերագրական, ճանաչողական, գիտական և հանրամատչելի, մուլտիպիկլիկացիոն, պատանեկան, հեռուստաթատրոն, կրթական, մայրենի և օտար լեզուների ուսուցողական, մանկա-պատանեկան, բնապահպանական, առողջապահական, բանավիճային հաղորդումներ, մրցույթներ, օլիմպիադաներ, համերգներ և երաժշտական ծրագրեր, դասական գրականություն և երաժշտություն, սպորտային և մարզական միջոցառումներ և հաղորդումներ, հեռուստամարաթոններ, Հանրային հեռուստաընկերության և Հեռուստաալիքի արխիվի և ֆոնդի օգտագործմամբ հաղորդումներ:

Հեռուստաալիքը պետք է եթերի առնվազն երկու երրորդը հատկացնի հայրենական արտադրության հաղորդումներին` հեռուստալսարանին մատուցելով այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում հաշվի են առնվում հայ ժողովրդի տարբեր հատվածների, ՀՀ տարբեր շրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը, խուլուհամրերի համար մատչելի լինելու անհրաժեշտությունը:

Հեռուստաալիքը պետք է օրվա եթերաժամում ապահովի առնվազն մեկ մանկական և մեկ լրատվական հեռուստահաղորդում` սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:
Սուրդոթարգմանությամբ հաղորդումները հաշվարկվում են կրկնակի ժամաքանակով և չեն կարող լինել հայրենական արտադրության հաղորդումների եթերաժամի 5 տոկոսից ավելի:

Գովազդ

Հեռուստաալիքը ռեյտինգավորման ցուցակում է, սակայն չի կարելի թույլ տալ, որ ռեյտինգային ցուցանիշը բարձրացնելու մղումն ազդի այս ալիքով հեռարձակվող հաղորդումների գեղագիտական որակի վրա:

Առևտրային գովազդի առավալեգույն չափը ընդհանուր հաղորդումների հինգ տոկոսն է:
Առևտրային գովազդը պատրաստելու և Հեռուստաալիքի եթերում տեղադրելու համար Հեռուստալիքի ղեկավարը կարող է պայմանագիր կնքել մեկից ավելի գովազդային գործակալությունների կամ անկախ հեռուստաարտադրողների հետ:

Հեռուստաալիքի եթերում տեղադրվող առևտրային գովազդը պետք է համահունչ լինի Հեռուստաալիքի եթերային քաղաքականության տրամաբանությանը. օրենքով սահմանված արգելքներից բացի, Հեռուստաալիքը հրաժարվում է խաղատների, մոլախաղերի և լոտոների գովազդից: Բացառություն են պետական վիճակախաղերը:

Հեռուստաալիքին տրամադրվող գովազդային հոլովակները եթեր են հեռարձակվում միայն Հեռուստաալիքի գլխավոր խմբագրի գրավոր համաձայնությունը ստանալուց հետո, քանի որ Լեզվի մասին ՀՀ օրենքի խախտումով պատրաստված գովազդային հոլովակները չեն կարող հեռարձակվել: Գովազդային հոլովակը Հեռուստաալիքի եթերում պետք է հայտնվի առանց ձայնային մակարդակի տատանման կամ տարբերության:

Հեռուստաալիքի գովազդային (և կոմերցիոն հաղորդումների) տարեկան մուտքերը և դրանք տնօրինելու սկզբունքները պետք է լինեն հանրության համար բաց և թափանցիկ` ամեն եռամսյակ տեղադրվելով Հեռուստաալիքի կայքէջում:
Հեռուստաալիքի եթերում սոցիալական գովազդը խրախուսվում է: Սոցիալական գովազդը նույնպես եթերի թույլտվություն է ստանում Հեռուստաալիքի գլխավոր խմբագրի գրավոր համաձայնությամբ:

Հեռուստաալիքի եթերում քաղաքական գովազդ չի տեղադրվում:
Պետության հայտարարած սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումն արգելվում է։

Հեռուստաալիք և անկախ հեռուստաարտադրող

Հեռուստաալիքի և անկախ հեռուստաարտադրողի հարաբերություններում պետք է գերակա լինեն Հեռուստաալիքի եթերային քաղաքականության պահանջները և շահերը: Եթե անկախ հեռուստաարտադրողը տեսանյութ (հեռուստահաղորդում և հեռուստաֆիլմ) է պատրաստում Հեռուստաալիքի պատվերով, ապա այդ պատվերի բոլոր հիմնական պահանջները պետք է արտացոլված լինեն երկկողմ պայմանագրում: Տվյալ տեսանյութի վերջում պետք է լինի լուսագրային ծանուցում, որ տեսանյութը պատրաստված է Հեռուստաալիքի պատվերով:

Հեռուստաալիքի պատվերով պատրաստված տեսանյութը պետք է պահպանի Հեռուստաալիքի եթերային ձևավորումը (լուսագրային տառատեսակ, տառաչափ, վերնագրային և ֆինալային գրատեսակ, անցումային կադրերը մոնտաժելու սկզբունքներ, երաժշտական ձևավորում, տեսաձայնային չափանիշներ): Եթերային ձևավորման փաթեթն անկախ հեռուստաարտադրողին տրամադրում է Հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը: Հեռուստաալիքի գլխավոր խմբագիրն ապահովում է, որ անկախ հեռուստաարտադրողի պատրաստած տեսանյութը չհակասի Հեռուստաալիքի խմբագրական քաղաքականությանը:
Հեռուստաալիքը կարող է չվճարել անկախ հեռուստաարտադրողի պատրաստած տեսանյութի համար, եթե անկախ հեռուստաարտադրողը չի պահպանել Հեռուստաալիքի չափորոշիչները և չի կատարել պատվերի պահանջները: Այս դեպքում Հեռուստաալիքը նաև չի հեռարձակում տվյալ տեսանյութը:

Գերդիտաժամ

Հեռուստաալիքի եթերի գերդիտաժամը (prime-time) սահմանվում է ժամը 19:00-ից մինչև 0 ժամը: Հեռուստաալիքի եթերային քաղաքականության հիմքում ընկած է համոզմունքը, որ
1. գերդիտաժամը պետք է տրամադրվի սեփական արտադրության բազային հաղորդումներին,
2. Հեռուստաալիքի առաքելությունը հենց այս ժամահատվածում հանրությանը բարձրարժեք հաղորդումներ ներկայացնելն է:

Հեռուստաալիքի համար բազային (հիմնարար) է այն հաղորդումը, որն արտացոլում է Հեռուստաալիքի առաքելությունը և ստեղծագործական հավատամքը: Հեռուստաալիքի եթերի գերդիտաժամը (prime-time) լրատվական ծրագրի, կարևորագույն (բազային) հաղորդումների և հանրային բնույթի հաղորդումների տիրույթն է: Այս հանգամանքի բացառիկ կարևորությունն ընդգծում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքը, որի 4-րդ գլխի 28-րդ հոդվածը, սահմանելով Հանրային հեռուստառադիոընկերության պարտավորությունները, դ) կետի 1-ին մասով արձանագրում է. Հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը՝ ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը:

Հանրային բնույթի հաղորդում

Հեռուստատեսային հաղորդումը կոչվում է հանրային կամ հանրային բնույթի, եթե

1. այդ հաղորդման թեման վերաբերում է հանրության մեծ մասին առնչվող խնդիրներին (օր.` մշակութային օջախների, արվեստի դպրոցների, գրադարանների ֆինանսավորում, կաշառակերություն, թանկացում, բուժսպասարկում, միջնակարգ կամ բարձրագույն կրթություն, սպառողի իրավունքներ, բնապահպանական աղետ, սոցիալական օգնություն, հաշմանդամների իրավունքներ…)

2. այդ հաղորդմանը ներգրավված անձինք (հաղորդման հյուրերը կամ հարցազրույց տվողները) ներկայացնում են հանրության հիմնական շերտերի և հասարակական հիմարար կառույցների շահերը. օր.` խորհրդարան, կառավարություն (նախարարություն), տեղական ինքնակառավարման մարմին (քաղաքապետարան, համայնքապետարան, գյուղապետարան), ծրագրի իրականացման գրասենյակ, միջազգային կառույց, ստեղծագործական միություն, հասարակական և/կամ բարեգործական կազմակերպություն, հայրենակցական միություն, ազգային փոքրամասնություն, կրոնական համայնք, արհմիություն…)

Հանրային հաղորդումը կարող է լինել մոնտաժված հաղորդում, տեսաֆիլմ, տեսագրված և ուղիղ թոք շոու, հեռուստաբանավեճ:

Թոք-շոու ժանրի երկարատև և/կամ բազմաթիվ մասնակիցներով հանրային հաղորդումը կարող է հայտարարված թեման սպառել մեկ թողարկման ընթացքում` ապահովելով հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչների տեսակետների ազատ և հավասարաչափ արտահայտումը:

Թոք-շոու ժանրի կարճատև և/կամ սակավաթիվ մասնակիցներով հանրային հաղորդումը կարող է թեման սպառել մի քանի թողարկումների ընթացքում` ամեն անգամ ապահովելով հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչների տեսակետների ազատ և հավասարաչափ արտահայտումը և դրանց հերթագայումը:

Եթե թոք-շոու ժանրի կարճատև և/կամ սակավաթիվ մասնակիցներով հանրային հաղորդումը հայտարարված թեմային անդրադառնում է մի քանի թողարկումների ընթացքում, ապա հաղորդավարը պարտավոր է իր հյուրերին և հեռուստալսարանին եթերում ծանուցել, որ տվյալ հաղորդումը շարունակում է տվյալ թեման, այս անգամ հյուրը այսինչ կառույցից է, հաջորդ հյուրը` այսինչ օրը և այսինչ ժամին կլինի այսինչ կառույցի ներկայացուցիչը, և նրա հետ զրույցը նույնպես կլինի նույն թեմայով, որպեսզի նույն թեմայով հնչեն հակադիր կամ տարբեր տեսակետներ, կամ հնչի արձագանք` տվյալ օրվա հյուրի տված գնահատականին:

Հաղորդումը չի կարող հանրային բնույթի համարվել
1. սոսկ թեմայի կամ վերնագրի պատճառով,
2. եթե այդ հաղորդման մեջ ներկայացված չեն հանրության և քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի և կառույցների շահերը և տեսակետները:

Հեռուստաալիքը չի կարող թույլ տալ, որ հանրային բնույթի (նաև քաղաքական թեմաներ շոշափող) հաղորդման հովանավոր (կամ գործընկեր) լինեն ժամանցի կենտրոնները, խաղատները, գիշերային ակումբները, բուքմեյքերական գրասենյակները, լոտոները, ծխախոտ արտադրողները, ոգելից խմիչք արտադրողները, կուսակցությունները:

Կոմերցիոն հաղորդում

Կոմերցիոն հաղորդումը Հեռուստաալիքի համար բազային հաղորդում չէ: Այն սոսկ կոմերցիոն հավելյալ մուտքեր ապահովող հաղորդում է: Կոմերցիոն հաղորդումները չեն կարող գերազանցել Հեռուստաալիքի օրվա եթերի 20 տոկոսը: Կոմերցիոն հաղորդումը տեղադրվում է Հեռուստաալիքի եթերի գերդիտաժամից (prime-time) դուրս:
Կոմերցիոն հաղորդում պատրաստում են Հեռուստաալիքի աշխատակիցները, Հեռուստաալքի գովազդային գործակալությունը, անկախ հեռուստաարտադրողները:
Կոմերցիոն հաղորդման արտադրական փուլը սկսվում է Հեռուստաալիքի գլխավոր խմբագրի և գլխավոր պրոդյուսերի գրավոր համաձայնությունից հետո: Կոմերցիոն հաղորդումը պետք է հեռարձակման ամբողջ ընթացքում կրի ԿՈՄԵՐՑԻՈՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ լուսագրային նշումը (կամ տարբերանշանը): Հեռուստաալիքի եթերում արգելված են թաքնված բնույթի կոմերցիոն հաղորդումները: Կոմերցիոն հաղորդման ներսում արգելված են թաքնված գովազդի տարրերը: Կոմերցիոն հաղորդման բովանդակությունը և արտահայտչաձևերը պետք է համահունչ լինեն Հեռուստաալիքի եթերի էթիկային և էսթետիկային:

Հեռուստաալիքի նկարահանող խմբերն ու դրանց անդամներն իրավունք չունեն հաղորդման մեջ հանդես եկող որևէ անձի կամ կազմակերպության դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով կամ առաջարկով: Սա անթույլատրելի վարք է Հեռուստաալիքի աշխատակիցների համար: Բոլոր տիպի ֆինանսական արտաքին հարաբերությունները կարգավորվում է Հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը կամ Հեռուստաալիքի գովազդային գործակալությունը:

Հեռարձակման լեզուն

Հեռարձակման լեզուն հայերեն է: Բացառություն են երգերը և երաժշտական այլ ժանրերի ստեղծագործությունները, հատուկ հեռուստադասընթացները` ուսուցողական բնույթի ֆիլմերն ու հաղորդումները, որոնք ուսումնական նպատակով հեռարձակվում են օտար լեզվով. ընդ որում այս հաղորդումների/ֆիլմերի ընդհանուր ժամաքանակը չի կարող գերազանցել օրենքով սահմանված ծավալը: Օտար լեզուներով հեռուստահաղորդումները, գեղարվեստական, վավերագրական և մուլտիպլիկացիոն կինոնկարները, հայերեն հաղորդումների օտարալեզու դրվագները (հատվածները) հեռարձակվում են հայերեն համաժամանակյա թարգմանությամբ՝ ձայնային կամ լուսագրային եղանակով։
Հեռուստաալիքը եթերային ժամանակ է տրամադրում ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրեր և հաղորդումներ հեռարձակելու համար: Այդ հաղորդումների ընդհանուր առավելագույն ժամաքանակը շաբաթը 2 ժամ է, ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերը և հեռուստահաղորդումները պետք է ուղեկցվեն հայերեն լուսագրով:

Եթերում հնչող լեզվի մաքրության և անաղարտության համար պատասխանատու է Հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը:

II. ԺԱՆՐԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լրատվություն

Մշակութային լրատվական ծրագիրը ղեկավարում է լրատվական ծառայության խմբագիրը, որը պատասխանատու է լրատվությունը պլանավորելու, կոորդինացնելու, լրագրողների, օպերատորների և ռեժիսորների հետ ռեպորտաժները նախապես մշակելու, ընթացիկ լուրերի նկարահանումներն ու օտարալեզու խոսքի թարգմանությունն ապահովելու, օրվա թողարկումը պատրաստելու, թողարկման հյուրերին ընտրելու և եթեր հրավիրելու համար:

Լրատվական թողարկումները պետք է կառուցվեն հետևյալ սկզբունքներով.

1. առաջնահերթ են մշակութային, կրթական, գիտական, բնապահպանական իրադարձություններն ու տեղեկությունները,

2. տեղեկատվությունից զատ` հանգամանալից անդրադարձ մշակութային կյանքի էական իրողություններին,

3. հեռուստալսարանին մատուցել լրատվությանն ուղեկցող այնպիսի վերլուծություններ և հեռուստաբանավեճեր, որոնք հեռուստադիտողի համար հասկանալի կդարձնեն երկրի մշակութային քաղաքականությունը, արվեստագետների, արվեստաբանների և մշակութային կազմակերպությունների հիմնախնդիրները:

4. մշակութային լրատվության գերակայություններն ըստ կարևորության.

   4.1. ՀՀ, ԼՂՀ, Ջավախքի, ՌԴ հայկական համայնքների և Սփյուռքի մշակութային լուրեր,
   4.2. տարածաշրջանային, եվրոպական, ռուսաստանյան, ԱՊՀ մշակութային լուրեր,
   4.3. միջազգային լրատվամիջոցների տարածած մշակութային լուրեր:

Լրատվական թողարկումների ընթացքում վազող տողը ծանուցում է հայաստանյան ընթացիկ և սպասվող մշակութային իրադարձությունների մասին:

Լրատվական թողարկումների և պաշտոնական հաղորդագրությունների բարեգործական հովանավորությունն արգելվում է:

Անոնս

Հեռուստաալիքն իր հաղորդումների անոնսները` եթերային ծանուցումները, բաժանում է հետևյալ կատեգորիաների.

  • հեռարձակվող հաղորդումից անմիջապես հետո ծրագրված հաղորդման անոնս,
  • օրվա կարևորագույն հաղորդումների անոնս,
  • մշակութային կարևորագույն իրադարձությունների ուղիղ հեռարձակման անոնս,
  • շաբաթվա կարևորագույն հաղորդումների անոնս,
  • եթերաշրջանի կարևորագույն հաղորդումների անոնս:

Անոնսի ենթակա բոլոր հաղորդումները պետք է անոնսի պատրաստաման պահին լինեն ավարտված վիճակում. չի կարելի անոնս պատրաստել այն հաղորդման համար, որի արտադրությունը դեռ չի ավարտվել: Անոնսների տեղադրումը, պարբերականությունը և հերթականությունը որոշում է Հեռուստաալիքի ծրագրերի պրոդյուսերը: Անոնսի ենթակա հաղորդումների շարքում գերակայությունը տրվում է Հեռուստաալիքի բազային հաղորդումներին:

Արխիվ և ֆոնդ

Հեռուստաալիքը պետք է տեսադարանի և հեռուստաարխիվի նյութերն օգտագործելիս պահպանի արխիվի և ֆոնդի անվտանգության կանոնները և եթերային էթիկան: Սա նշանակում է, որ արխիվային տեսանյութերի հեռարձակումը պետք է ուղեկցվի ԱՐԽԻՎ լուսագրային նշումով (կամ տարբերանշանով) կամ տեսագրության տարեթվի լուսագրային նշումով` հեռուստադիտողին թյուրիմացության մեջ չձգելու և արխիվային տեսանյութի տեխնիկական հնարավոր վատ որակը Հեռուստաալիքի եթերային իրական որակի հետ չշփոթելու համար: Նույնը վերաբերում է ֆոնդային տեսանյութը հաղորդման մեջ գործածելուն` ՖՈՆԴ լուսագրային նշումով:
Հեռուստաալիքը պետք է եթեր հեռարձակած հաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները պահպանի մեկ ամիս` հեռարձակման օրից սկսած: Ընդ որում, հաղորդման կրկնության դեպքում մեկամսյա ժամկետը հաշվարկվում է կրկնության օրից սկսած: Հաղորդման կրկնության դեպքում այն պետք է ուղեկցվի ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ լուսագրով:
Հաղորդումները գրանցվում են հաշվառման մատյանում՝ պարտադիր նշելով հեռարձակման ամիսը, ամսաթիվը, հաղորդման սկզբի և ավարտի ժամը, համառոտ բովանդակությունը, հաղորդման հեղինակների անունը, ազգանունը։

Տեսագրությունները և ձայնագրությունները կարող են մեկ ամիսը լրանալուց հետո ջնջվել, եթե հաղորդումներում տեղ գտած տեղեկությունները հերքելու կամ այլ վիճելի խնդիրներով այդ ընթացքում դիմում կամ բողոք չի ներկայացվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ, Ազգային հանձնաժողով կամ հեռուստառադիոընկերություններ, կամ դատարան չի ներկայացվել հայց։ Վիճելի հարցերի լուծումից հետո կարելի է տվյալ տեսագրությունները և ձայնագրությունները չպահպանել:

Արխիվացման ենթակա են բոլոր ընթացիկ տեսանյութերը` նաև ընթացիկ օգտագործման համար: Ֆոնդավորման ենթակա են բացառիկ արժեք, կարևորություն ներկայացնող նյութերը` բացառիկ դեպքերում օգտագործելու համար:

Տեսանյութը ֆոնդավորվում է Հեռուստաալիքի ղեկավարի կարգադրությամբ, արխիվացվում է գլխավոր պրոդյուսերի կարգադրությամբ: Ստեղծագործական խումբը ֆոնդն օգտագործելու համար թույլտվությունը ստանում է Հեռուստաալիքի ղեկավարից, արխիվից օգտվելու թույլտվությունը` գլխավոր պրոդյուսերից:

Արխիվացումը կատարվում է տեսանյութը Արխիվի մատյանում գրանցելով, Արխիվի նկարագրության մատյանում գրանցելով և արխիվի սենյակում տեսանյութերը տեսադարակների վրա դասակարգելով:

Ֆոնդավորումը կատարվում է տեսանյութը Ֆոնդի մատյանում գրանցելով, Ֆոնդի նկարագրության մատյանում գրանցելով և ֆոնդի սենյակում տեսանյութերը տեսադարակների վրա դասակարգելով: Տեսաժապավենը և խտասկավառակն արխիվացնելու և ֆոնդավորելու սկզբունքները ներկայացված են Հավելված 1-ում:

Թոք-շոու և հեռուստաբավեճ

Անհատի կարծիքը չի կարող լինել ճիշտ կամ սխալ. այն կարող է լինել միայն անձնական: Հեռուստաալիքի եթերում անցկացվող հեռուստաբանավեճերը և թոք-շոուները պետք է զերծ լինեն եթերում *կռիվ սարքելու* ստերեոտիպից: Հեռուստաբանավեճի և թոք-շոուի գերխնդիրը պետք է լինի քննարկվող թեմայի կարևորագույն և ամենահետաքրքիր շերտերը համակողմանի բացահայտելը. չի կարելի շեղվել հայտարարված թեմայից:

Հեռուստաբանավեճը և թոք-շոուն պետք է անցկացվեն հայտարարված թեմային վերաբերող ոլորտի մասնագետների և հասարակության ներսում հեղինակություն վայելող անձանց մասնակցությամբ` փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Բացառվում է տաղավարում ներկա կամ տաղավարից դուրս որևէ անձի անվանարկելը, անպատվելը, ծաղրելը:

Հաղորդումը վարողը պետք է ոչ միայն ինքը պահպանի այս սկզբունքը, այլև հաղորդման հյուրերին նախապես տեղեկացնի այս արգելքի մասին, հաղորդման ընթացքում էլ կանխի անհարգալից վերաբերմունքի հնարավոր դրսևորումները: Այս սկզբունքը պահպանելու համար պատասխանատու է նաև հաղորդման խմբագիրը, որն ուղիղ հեռարձակման ժամանակ պետք է լինի տաղավարի ապարատայինում և պետք է ականջակալով կապ ունենա հաղորդավարի հետ` եթերի ընթացքում նրան ուղղորդելու համար:

Հեռուստաբանավեճի և թոք-շոուի հաղորդավարը պետք է նաև պահպանի և եթերում ապահովի հարգանքը այլ լրատվամիջոցների, ստեղծագործական միությունների և առանձնահատուկ քաղաքական հայացքներ ունեցող արվեստագետների հանդեպ: Հաղորդավարը պետք է ապահովի, որ հաղորդման հյուրերը հավասար և համարժեք հնարավորություններ ունենան իրենց հակադիր տեսակետները հայտնելու համար:
Հեռուստաբանավեճի ընթացքում բազմակարծություն ապահովելու խնդիրը չի կարելի հանգեցնել տարակարծիք մասնակիցների սոսկ մեծ քանակ ապահովելուն, քանի որ եթերում տարբեր կամ հակադիր կարծիքների խիստ մեծ առատությունը կարող է մոլորեցնել հեռուստադիտողին: Պետք է բանավեճի մասնակիցներին ընտրել այնպիսի բարեխղճությամբ, որպեսզի քննարկվող խնդրի առնչությամբ հնչեն հասարակության հիմնական շերտերի մտահոգությունները և դիրքորոշումները: Մեծամասնության և փոքրամասնության կարծիքներն ունեն եթերում հայտնվելու նույնական իրավունքներ:

Հեռուստաբանավեճի ընթացքում հաղորդման հյուրը կամ մասնակիցը կարող է ակամա թույլ տալ փաստերի, թվական տվյալների և այլ տեղեկությունների ակնհայտ աղճատում: Նման դեպքերում հաղորդավարը պետք է ձգտի անմիջապես և բարեկրթորեն ուղղել ակնհայտ սխալ տեղեկությունը, որպեսզի հեռուստալսարանին սխալ տեղեկություններ չմատուցվեն Հեռուստաալիքի եթերում: Հաղորդավարը հյուրին կամ մասնակցին պետք է ուղղի նաև լեզվական ակնհայտ սխալների կամ բառը սխալ գործածելու դեպքում: Հաղորդավարին այս դեպքերում պետք է օգնի նաև հաղորդման խմբագիրը, որը պետք է ապարատայինում (հաղորդավարի հետ ուղիղ կապով) հետևի բանավեճի ընթացքին:

Ժամանցային հաղորդում

Ժամանցային հաղորդման մեջ պետք է գերակշռի օգտակար ժամանցի գաղափարը: Սա թեթև ժանրի հաղորդում է և պետք է ծանրաբեռնված չլինի բարդ և ծանրամարս գաղափարներով, սակայն պետք է ունենա ճանաչողական հաղորդման տարրեր` հեռուստադիտողին կենցաղային գիտելիքներ մատուցելու նպատակով: Հաղորդման խմբագիրը և ռեժիսորը պետք է հետևեն, որպեսզի հաղորդավարը ձեռնպահ մնա ժամանցային հաղորդումը *փողոցի և ետնաբակերի* լեզվով ու կեցվածքով մատուցելու գայթակղությունից: Ժամանցային հաղորդումը հեռարձակվում է եթերի գերդիտաժամից դուրս:
Ժամանցային հաղորդման ժանր է նաև այսպես կոչված` *թաքնված տեսախցիկը*, որի հիմքում թյուրընկալումն է և անսպասելիությունը: Նման կարգի (զվարճալի) հաղորդում պատրաստելիս ստեղծագործական խումբը պետք է ձեռնպահ մնա կոմեդիկ իրավիճակը բռնության, կոպտության, գռեհկության, մարդու ֆիզիկական արատի, անակնկալ սարսափի տարրերի վրա կառուցելու գայթակղությունից: Պետք է ուշադիր լինել նաև կոմեդիկ իրավիճակում հայտնվող մարդու կրոնական, էթնիկ, սեռական առանձնահատկությունները հաշվի առնելու և բարոյականության մասին նրանց պատկերացումները չծաղրելու հարցում:

Հեռուստահաղորդում և հեռուստաֆիլմ

Հեռուստաալիքի հաղորդումները և հեռուստաֆիլմերը պետք է նախատեսվեն ընտանեկան դիտման համար:

Որոշ հեռուստահաղորդումներ և հեռուստաֆիլմեր կարող են պարունակել բռնության, սեքսի, սարսափի տեսարաններ, սակայն դրանք պետք է լինեն դրամատուրգիապես արդարացված: Այս կարգի հեռուստաարտադրանքը պետք է սկսվի համապատասխան տեսա/ձայնային ծանուցումով և պետք է եթեր հեռարձակվի ժամը 21:00-ից հետո:
Էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումները և սարսափ-ֆիլմերը կարող են եթեր հեռարձակվել օրենքով սահմանված ժամահատվածում (0 ժամից 06:00-ն): Այս կարգի ֆիլմերը համարվում են այդպիսիք, եթե դրանք վաճառող կազմակերպության պաշտոնական կատալոգում նշված են *էրոտիկա* կամ *սարսափ* ֆիլմային կատեգորիաներով:

Հեռուստասերիալ

Հեռուստաալիքը կարող է ցուցադրել սեփական արտադրության, հայրենական արտադրության և օտարերկրյա արտադրության հեռուստասերիալներ: Երեք դեպքում էլ այդ սերիալները պետք է համապատասխանեն Հեռուստաալիքի գեղարվեստական և գեղագիտական չափանիշներին:

Հեռուստասերիալը, որպես ժամանցային բնույթի հեռուստահաղորդման տարատեսակ, պետք է հեռարձակվի եթերի գերդիտաժամից դուրս:

Հեռուստաալիքի սերիալներում պետք է բացառվեն ծայրահեղ դաժանությամբ կատարվող սպանության, բռնաբարության, պոռնկության, բանդիտիզմի, սադիզմի, թմրամոլության, ծեծի, սեռական նվաստացման, այլատյացության տեսարանները: Թվարկված հակահասարակական երևույթների տարրեր պարունակող տեսարաններ կարող են լինել միայն դրամատուրգիապես արդարացված և անխուսափելի լինելու դեպքում:
Հեռուստաալիքի սերիալներում պետք է բացառվի կաշառակերությունը, մոլախաղերը, բռնությունը, անբարոյականությունը, հանցագործ աշխարհը և դրա հեղինակություններին արդարացնելու կամ հերոսացնելու ենթատեքստը:
Հեռուստասերիալի լեզվում ժարգոնը պետք է հասցնել նվազագույնի:

Վավերագրական ֆիլմ

Հեռուստաալիքի համար կարևոր է վավերագրական ֆիլմեր նկարահանելը և ցուցադրելը, քանի որ հեռուստաարտադրանքի այս տեսակն ունի շուկայական մրցունակության լուրջ խնդիրներ և առանձնահատուկ հոգածության կարիք:

Վավերագրական ֆիլմերը լինում են պատմական, ճանաչողական, գիտական, ուսումնական, փորձարարական (էքսպերիմենտալ), գեղարվեստական և ազատ ոճի (հեղինակային): Հեռուստաալիքի նկարահանած, Հեռուստաալիքի պատվերով նկարահանված կամ Հեռուստաալիքին տրամադրվող վավերագրական ֆիլմը պետք է հստակորեն պահպանի ժանրային կանոնները: Վավերագրական ֆիլմերի այս բոլոր ժանրերի մեջ ամենախոցելին և ամենից հաճախ աղճատվողը պատմական թեմայով վավերագրությունն է:

Պատմական թեմայով վավերագրության մեջ պետք է հստակորեն պահպանվեն պատմական փաստերը, որոնք չի կարելի կամայական փոփոխության ենթարկել սոսկ ռեժիսորի կամ սցենարիստի ստեղծագործական ազատության անվան տակ:

  • Պատմական եղելությունը պետք է ներկայացվի գիտական աղբյուրների հղումներով:
  • Պատմագիտական վիճելի փաստերը պետք է ունենան համապատասխան ծանուցում:
  • Պետք է ներկայացնել պատմագրության վիճելի փաստերի վերաբերյալ եղած տարբեր կամ հակադիր տեսակետները:
  • Ճշտված և ճշգրիտ փաստերը պետք է հստակորեն տարանջատված լինեն ենթադրություններից ու վարկածներից:

Պատմական թեմայով վավերագրական ֆիլմ պատրաստող ստեղծագործական խումբը պետք է հրաժարվի սեփական մեկնաբանություններ անելու գայթակղությունից, կամ դրանք անելիս պետք է հստակորեն նշի այս հանգամանքը, որպեսզի հեռուստադիտողը դրանք չընկալի որպես պատմական փաստ:

Պատմական թեմայով վավերագրական ֆիլմում աղբյուր են համարվում դասական պատմագիրները, պատմագիտական աշխատությունները, հանրագիտարանները, պատմագիտության ակադեմիական տեսակետները և դրանց հակադրվող պատմաբանների տեսակետները: Ոչ վաղ անցյալում տեղի ունեցած դեպքերի մասնակիցների կամ ականատեսների վկայությունները նույնպես կարող են ունենալ աղբյուրագիտական արժեք:
Եթե այս ժանրի վավերագրության մեջ գործածվում են խաղարկային կադրեր` որևէ պատմական եղելություն վերարտադրելու համար, ապա այդ խաղարկային տեսարանը պետք է համահունչ լինի խնդրո առարկա պատմական դարաշրջանի ոգուն և տրամաբանությանը:
Եթե այս ժանրի վավերագրության մեջ գործածվում են արխիվային/ֆոնդային կադրեր, ապա դրանց վրա պետք է լինի ԱՐԽԻՎ/ՖՈՆԴ լուսագրային նշումը և/կամ ֆիլմի վերջում պետք է լինի հղում` արխիվային/ֆոնդային աղբյուրի նշումով:

Եթե այս ժանրի վավերագրության մեջ գործածվում է խաղարկային և արխիվային/ֆոնդ կադրերի համատեղում կամ միատեղում, ապա արխիվայինֆոնդային կադրերի հատվածի վրա պետք է լինի ԱՐԽԻՎ/ՖՈՆԴ լուսագրային նշումը, որպեսզի հեռուստադիտողը դրանք չշփոթի խաղարկային վերարտադրության հետ:

Գեղարվեստական ֆիլմ

Հեռուստաալիքը չի կարող որպես հերթական կինոնկար ցուցադրել խորհրդային տարիներին նկարահանված հայկական կամ ռուսական արտադրության այն գեղարվեստական ֆիլմերը, որոնք ունեն պատմական փաստերի միտումնավոր, գաղափարախոսական բնույթի խեղաթյուրումներ: Հեռուստաալիքը պետք է դրանք ցուցադրի կինոյի, պատմության և մշակութաբան մասնագետների եթերային քննարկումից հետո, որպեսզի հեռուստալսարանի անտեղյակ հատվածը կարողանա տվյալ ֆիլմը դիտելիս ճիշտ կողմնորոշվել, թե պատմական իրողություններ ցուցադրող հատվածներն ինչու և ինչպես են ենթարկվել խորհրդային դարաշրջանի միակուսակցական գաղափարախոսության և գրաքննության աղճատումներին, և թե պատմական ո՛ր իրողություններն են այժմ համարվում վիճելի:

Օտարերկրյա արտադրության գեղարվեստական, հեռուստատեսային, վավերագրական և մուլտիպլիկացիոն ֆիլմերում տեղ գտած չափման միավորները, որոնք ներկայացվում են արտադրող երկրում ընդունված համակարգով (մղոն, ֆունտ, գալոն, ֆարենհայթ), պետք է հայերեն թարգմանված տարբերակում փոխարինվեն տեղական լսարանի համար ընկալելի չափման միավորներով (կիլոմետր, կիլոգրամ, լիտր, ցելսիուս):

Տեսահոլովակ

Հեռուստաալիքը հրաժարվում է տեսահոլովակների (վիդեոկլիպների) վարկանիշային վայրիվերումները ներկայացնող հաղորդումներ պատրաստել կամ եթերում պարզապես տեսահոլովակների փաթեթներ տեղադրել, որպեսզի խուսափի տեսահոլովակների շուկայի կցորդ դառնալու վտանգից: Հեռուստաալիքի եթերում տեսահոլովակ ցուցադրվում է միայն այն հաղորդումներում, որոնցում քննարկվում են տեսահոլովակների շուկան, տեսահոլովակի գեղագիտական չափանիշները, տեսահոլովակ նկարահանելու պատմությունը, մեթոդները, գաղտնիքները: Այս կարգի հաղորդում պատրաստող ստեղծագործական խմբերը Հեռուստաալիքի եթերում ցուցադրության արժանի տեսահոլովակի ընտրության ժամանակ պետք է առաջնորդվեն ոչ թե այդ տեսահոլովակի շուկայական արժեքով, այլ երգչի կատարողական արվեստի, երաժշտության անաղարտության, բարձրակարգ ռեժիսուրայի, օպերատորական և մոնտաժային պրոֆեսիոնալիզմի չափորոշիչներով, հասարակության ներսում ընդունված բարոյականության չափանիշներով:

Բացառություն են այն տեսահոլովակները, որոնք Հեռուստաալիքի եթերում տեղադրվում են որպես հասարակական ակցիայի կամ պետական քաղաքականության դրսևորում: Այս կատեգորիաներում են այն տեսահոլովակները, որոնք խմբավորված են կամ պատրաստված են.

  • Հայաստան համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնի համար,
  • համահայկական այլ (բարեսիրական) կառույցների կազմակերպած ակցիաների համար,
  • Հայ Առաքելական եկեղեցու կազմակերպած ակցիաների համար,
  • Եվրատեսիլ (նաև մանկական) երգի ամենամյա մրցույթի համար,
  • մանուկների, հաշմանդամների և այլ խոցելի շերտերի իրավունքների պաշտպանության ակցիաների համար,
  • ՀՀ զինված ուժերում ծառայելը խրախուսող կամ այլ կարգի պետական ակցիաների համար,
  • պաշտոնապես հայտարարված սգո կամ տոնական օրերին ցուցադրելու համար:

Կրթական հաղորդում

Կրթական հաղորդումների հիմնական ուղղվածությունը.

1. նոր սերնդի մեջ սերմանել կրթության հանդեպ սեր և հետաքրքրություն,

2. լիարժեք լուսաբանել կրթական բարեփոխումների առաջադրած հիմնախնդիրները,

3. ուսուցիչների համար ապահովել ուսումնական ծրագրերի և մեթոդական ձեռնարկների նրբությունների վերլուծություններ,

4. դիմորդների համար պարզաբանել ընդունելության քննությունների նորացվող մեթոդաբանությունը, ուսանողների և դասախոսների համար քննարկել բուհական ծրագրերը, բուհական ինքնակառավարումը և բուհական հիմնախնդիրները,

5. մայրենի լեզվի անաղարտությունը պահպանելու օրենսդրական պահանջը կատարելու համար եթեր տրամադրել Լեզվի պետական տեսչությանը և համատեղ հաղորդումներ պատրաստել:

Մանկապատանեկան հաղորդում

Մանկապատանեկան հեռուստահաղորդումները (մինչև 16 տարեկանների համար) պետք է զերծ լինեն այնպիսի հեռուստաարտադրանքից, որը կարող է վնասել անչափահասների հոգեկան առողջությունը: Մանկապատանեկան հաղորդումները հեռարձակվում են ժամը 06:00-ից 20:00-ն:

Մուլտիպլիկացիոն կինոնկար

Մուլտիպլիկացիոն կինոնկարների ընտրության խնդրում նախապատվությունը տրվում է հայրենական արտադրանքին: Արտասահմանյան արտադրության մուլտսերիալներն ընտրվում են ըստ գեղագիտական և դաստիարակաչական տարրերի պարունակության: Մանուկների համար նախատեսված մուլտիպլիկացիոն և գեղարվեստական ֆիլմերը հեռարձակվում են ժամը 08:00-ից 20:00-ն:

Մեծահասակների համար նախատեսված մուլտֆիլմերը պետք է ունենան այս մասին ծանուցում (անոնսներում) և պետք է հեռարձակվեն ժամը 20:00-ից 06:00-ն:

Համացանց

Հեռուստաալիքը համացանցում (ինտերնետում) պաշտոնապես ներկայանում է Հանրային հեռարձակողի կայքէջում կամ սեփական կայքէջով: Երկու դեպքում էլ կայքէջում տեղադրվում են առնվազն հետևյալ բաժինները.

  • Հեռուստաալիքի ընթացիկ և գալիք շաբաթվա հաղորդացանցը,
  • Հեռուստաալիքի կարևորագույն հեռուստանախագծերը և հանրային նախաձեռնությունները,
  • Հանրային հեռարձակողի, Եվրոպական հեռարձակողների միության, ՀՀ հեռուստահեռարձակման և լրատվության դաշտը կարգավորող օրենքների, ՀՀ կառավարության և Ազգային ժողովի, ՀՀ լրատվական և լրագրողական, մշակութային և կրթական կազմակերպությունների կայքէջերին հղումները,
  • Հեռուստաալիքի Հայեցակարգը,
  • Հեռուստաալիքի պատմությունը,
  • Հեռուստաալիքի լսարանի արձագանքները,
  • Հեռուստաալիքի աշխատակցի կամ հեռուստադիտողի հերքում / ուղղում / ճշտում / անհամաձայնություն / բողոք,
  • Հեռուստաալիքի աշխատակազմի անդամները, նրանց կոնտակտային տվյալները և համառոտ կենսագրությունները,
  • Հեռուստաալիքի հաղորդումների ինտերնետային արխիվացման դեպքում` այդ արխիվի օրացույցը:

Կայքէջի պարտադիր լեզուն հայերենն է: Հեռուստաալիքը կարող է իր պատրաստած հաղորդումները համացանցում տեղադրելով նաև կոմերցիոն մուտքեր ապահովել` ինքնուրույն կազմակերպելով այդ հաղորդումների ինտերնետային վաճառքը, կամ դա անելով միջնորդավորված` ՀՀ-ում գրանցված տնտեսավարողների օգնությամբ:

III. ԵԹԵՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Անկողմնակալություն, ճշգրտություն, ազնվություն

Անկողմնակալությունը և ճշգրտությունը Հեռուստաալիքի համար հիմնարար արժեքներ են, որոնք պետք է արտահայտվեն և լրատվության մեջ և բոլոր հաղորդումներում: Ցանկացած իրադարձություն կամ երևույթ ունի առնվազն երկու կողմ, որոնք պետք է բացահայտել անկողմնակալ, և որոնք պետք է ներկայացնել ճշգրիտ ու հստակ: Հեռուստաալիքը կտրականապես հրաժարվում է հանրային կամ մշակութային իրողությունների վերաբերյալ իր սեփական տեսակետը ներկայացնել որևէ հեռուստաֆորմատով: Սա նշանակում է, որ Հեռուստաալիքի եթերում չի կարող լինել տպագիր մամուլում հաճախ կիրառվող խմբագրական կոչվող ժանրը:

Հեռուստաալիքը կարող է ազատորեն անդրադառնալ հանրային կամ մշակութային ցանկացած խնդրի և իրողության: Հեռուստաալիքը կարող է դրանց անդրադառնալ իր նախընտրած ծավալով, խորությամբ և տևողությամբ, քանի դեռ դրա համար առկա են խմբագրական հիմնավոր դրդապատճառներ:

Նույն հիմնախնդրին նվիրված կարող են լինել և մեկ հաղորդաշարի հերթագայող թողարկումներ, և մի քանի տարբեր (ստեղծագործական խմբերի պատրաստած) հաղորդումներ: Նման դեպքերում խնդրո առարկա թեման համակողմանի լուսաբանելիս տարբեր կամ հակադիր տեսակետները կարող են ներկայացվել առանձնաբար (զուտ տեխնիկական հանգամանքների բերումով), ուստի Հեռուստաալիքը պետք է իր լսարանին ծանուցի այս հանգամանքը, քանի որ նույն հիմնախնդրին նվիրված մեկ հաղորդաշարի հերթագայող թողարկումները կամ մի քանի տարբեր (ստեղծագործական խմբերի պատրաստած) հաղորդումները պետք է ընկալվեն որպես մեկ ամբողջություն:

Կա մի զգայուն հեռուստաժանր. Հեռուստաալիքը կարող է հեռարձակել մամուլում կիրառվող հրապարակախոսություն կամ սյունագիր ժանրի հաղորդաշարեր, որոնք վարում են հասարակության ներսում մեծ հեղինակություն վայելող անհատականություններ: Այս դեպքում անխուսափելի է տվյալ անհատականության անձնական դիրքորոշման, ներքին համոզմունքի, սեփական տեսակետի գերակշռումը տվյալ հաղորդման մեջ: Այս կարգի հաղորդման հեղինակը սովորաբար չի էլ թաքցնում սեփական կողմնակալության հանգամանքը: Նման դեպքերում Հեռուստաալիքը պատրաստակամ է իր եթերում պահպանել անկողմնակալության սկզբունքն` ապահովելով, որ տվյալ տարվա ընթացքում պատրաստվի ու հեռարձակվի նմանատիպ այլ (այսպես կոչված` հեղինակային) հաղորդաշար, որը վարող մեկ այլ հեղինակավոր անհատականություն (նույնպես անձնական, կողմնակալ տեսակետ արտահայտելով) հանդես կգա հակադիր դիրքերից` համարժեք ծավալով ու ֆորմատով:
Հեռուստաալիքի համար եթերը մեկ ամբողջություն է, և այդ եթերի մի հատվածում անկողմնակալության դեմ թույլ տրված մեղանչումը պետք է փոխհատուցվի եթերի մեկ այլ (համարժեք) հատվածում:

Ճշգրտությունն ապահովելու համար Հեռուստաալիքը պետք է ստուգի և վերստուգի փաստական տվյալները, պետք է աշխատի տեղեկությունները քաղել առաջին ձեռքից, Հեռուստաալիքի նկարահանող խումբը պետք է լինի դեպքի կամ իրադարձության վայրում, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պետք է գտնել նրանց, ովքեր եղել են դեպքի վայրում:

Բոլոր հաղորդումների խմբագիրները պետք է հրաժարվեն եթերի համար նախատեսված տեքստում թողնել տվյալներ, որոնք ճշտված չեն կամ կասկածելի են: Սխալ տեղեկություն հաղորդելու դեպքում հաղորդումը պատրաստողները պետք է եթերում այն ուղղեն հնարավորին չափ արագ, որպեսզի Հեռուստաալիքը պահպանի անվստահելի լրատվամիջոցի վարկը: Սեփական սխալը սեփական նախաձեռնությամբ ուղղելուց հետո պաշտոնական հերքում տալու պահանջ էլ չի լինի:

Հերքումի պահանջի դեպքում խմբագրությունը պետք է հստակորեն պատկերացնի, թե հերքման պահանջը հատկապես ինչին է վերաբերում, և թույլ տված սխալը պետք է հերքի բավականաչափ հստակ ձևակերպմամբ:

Այս բոլոր սկզբունքների հիմքում ընկած է Հեռուստաալիքի ազնիվ հարաբերությունը հեռուստալսարանի հետ: Ուստի սեփական սխալներն ընկալելու և դրանք ժամանակին ուղղելու մղումը պետք է բխի նախևառաջ այդ ազնիվ հարաբերությունների ոգուց և հետո միայն` օրենքի պահանջից:

2. Հարգանք մարդու անձնական կյանքի գաղտնիության հանդեպ

Հեռուստաալիքը հարգում է մարդու անձնական կյանքի գաղտնիության, անձեռնմխելիության սկզբունքը և կիրառում է այն: Մարդու անձնական կյանքը կարող է հանրության ուշադրությանը ներկայացվել միայն հետևյալ դեպքերում.

Հանրային շահ

մարդու անձնական կյանքի հանդեպ ուշադրությունն առավել արդարացված է, երբ տվյալ մարդն իր անձնական կյանքում ոտնահարել է հանրության շահերը, և նրա անձնական կյանքի մանրամասներին չանդրադառնալն ուղղալիորեն հակասում է հանրության շահերին,

Վարքագիծ

մարդու անձնական կյանքի հանդեպ ուշադրությունն առավել արդարացված է, երբ տվյալ մարդը դրսևորում է քրեորեն պատժելի կամ հակասոցիալական վարք,

Վայր

մարդու անձնական կյանքի հանդեպ ուշադրությունն առավել արդարացված է, երբ նա հանրային վայրում է, և ոչ թե մասնավոր վայրում (տանը):

Մարդու անձնական կյանքին անդրադառնալու հանգամանքը պետք է բխի հանրության գերակա շահերից կամ պետք է լինի հանրային արդարացված հետաքրքրության հետևանք: Հանրային դեմք համարվող անձանց մասնավոր կյանքին անդրադառնալու համար բավարար նախապայման չէ այն իրողությունը, որ այլ լրատվամիջոցներ արդեն հրապարակել են տվյալ հանրային դեմքի մասնավոր կյանքի մանրամասները: Հեռուստաալիքի համար անթույլատրելի է մարդու անձնական կյանքին անդրադառնալը միայն այն պատճառով, որ լուրեր են պտտվում, չար լեզուներն ասում են կամ բամբասանքներ են տարածվում:

Հեռուստաալիքը չի անդրադառնա մարդու անձնական կյանքին, եթե տվյալ անձի մասնավոր կյանքը չի հակասում գործող օրենսդրությանը: Հեռուստաալիքի ստեղծագործական խմբերը մարդու անձնական կյանքին կարող են անդրադառնալ Հեռուստաալիքի ղեկավարության հետ խնդիրը քննարկելուց և համաձայնություն ստանալուց հետո միայն:

3. Գաղտնի տեսագրություն

Հեռուստաալիքի բոլոր նկարահանումները պետք է պահպանեն նկարահանման իրավական պահանջները և պետք է կատարվեն հարցազրույց տվողի գիտությամբ և համաձայնությամբ:
Հեռուստաալիքը հեռարձակման համար գաղտնի տեսագրումը կամ ձայնագրումը թույլ է տալիս միայն հետևյալ դեպքերում.

  • եթե նկարահանումը լրագրողական հետաքննություն է, որն անկարելի է անցկացնել հարցազրույց տվողի կամ կազմակերպության համաձայնությամբ, ընդ որում տվյալ հարցազրույց տվողի կամ կազմակերպության վարքը կամ գործունեությունը հստակորեն հակասոցիալական է կամ քրեական է,
  • եթե գաղտնի տեսագրումը գործադրվում է որպես հասարակական հետազոտման մեթոդ, և այլ մեթոդներ գործնականում կիրառելի չեն. ընդ որում այս դեպքում պետք է նկարահանումը կատարվի առանց տվյալ անձանց ինքնությունը կադրում բացահայտելու,
  • եթե թաքնված տեսախցիկ ժանրի ժամանցային հաղորդման նկարահանում է (տես` Ժամանցային հաղորդում բաժինը):

Երբեմն հեռարձակման նպատակով գաղտնի տեսագրում է համարվում նաև այն մեթոդը, երբ նկարահանումը կատարվում է ոչ թաքուն, այլ բացեիբաց, սակայն նկարահանողն իր դիմացինին չի զգուշացնում, որ իր նկարահանածը հեռարձակվելու է:
Բոլոր դեպքերում նկարահանող խմբերը պետք է նախապես խորհրդակցեն Հեռուստաալիքի իրավաբանական կառույցի հետ, քանի որ գաղտնի տեսագրումները կարող են ծնել իրավական հետևանքներ: Գաղտնի տեսագրումը թույլ տալու որոշումը կայացվում է երկու փուլով.

  • գաղտնի տեսագրում իրականացնե՞լ, թե՞ ոչ,
  • գաղտնի տեսագրածը հեռարձակե՞լ, թե՞ ոչ:

Հանրային վայրերում գաղտնի տեսագրումի կարիք սովորաբար չի լինում, քանի որ հանրային վայրերում մարդիկ, իրենց մասնավոր բնակարաններից դուրս լինելով, բաց են բոլորի աչքի համար: Եվ եթե փողոցում բոլորը կարող են տեսնել տվյալ անձնավորությանն, ապա հեռուստախցիկն էլ կարող է տեսնել նրան: Սակայն Հեռուստաալիքի նկարահանող խմբի կամ հաղորդման բովանդակության համար երբեմն հարկ է լինում ոչ բացահայտ նկարահանում իրականացնել (այսպիսի իրավիճակների համար տես` Նկարահանում հանրային, կիսահանրային և մասնավոր վայրերում բաժինը):

4. Կրոնական հայացքներ

Հեռուստաալիքը հարգում է իր լսարանի և ընդհանրապես հանրության կրոնական հայացքներն ու պատկերացումները, ուստի որևէ կրոնի անդրադառնալիս ստեղծագործական խմբերը պետք է հատուկ ուշադրություն դարձնեն իրենց պատրաստած հաղորդման տեսաշարի, ձայնաշարի և տեքստի այն զգայուն հատվածներին, որոնք կարող են ընկալվել որպես այլ կրոնի կամ դրա ներկայացուցիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք:
Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը Հայ Առաքելական եկեղեցու համար արձանագրում է առանձնահատուկ կարգավիճակ, ուստի Հեռուստաալիքի համար Հայ եկեղեցու խնդիրներին նվիրված հաղորդումները նույնպես ունեն առանձնահատուկ կարգավիճակ: Սա նշանակում է, որ Հեռուստաալիքի համար Հայ եկեղեցու խնդիրները գերակա են: Բայց Հեռուստաալիքը նաև չի կարող թույլ տալ, որ նսեմացվի որևէ այլ եկեղեցու դերը, նշանակությունը, առաքելությունը, դավանաբանությունը, հավատամքը:

Հեռուստաալիքն ազատ է ՀՀ-ում գրանցված բոլոր կրոնական կազմակերպությունների խնդիրներին անդրադառնալու հարցում, սակայն դա պետք է արվի տվյալ կրոնական համայնքի համաձայնությամբ, եթե տվյալ հաղորդման բովանդակությունը վերաբերում է տվյալ կրոնական համայնքի համար խիստ զգայուն թեմայի:

Հեռուստաալիքն իր եթերը չի տրամադրում (ոչ վճարովի, ոչ անվճար) որևէ կրոնական կազմակերպության կամ դրա ներկայացուցչի` քարոզի համար: Բացառություն է Հայ Առաքելական եկեղեցին, որի տոնական ծիսակարգը կարող է հեռարձակվել (տեսագրված կամ ուղիղ) և կարող է պարունակել քարոզ:

Հեռուստաալիքի լսարանի գերակշիռ մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, ուստի մեկ այլ զգայուն թեմա է կրոնական աղանդների խնդիրը: Այս խնդրում Հեռուստաալիքն առաջնորդվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի չափորոշիչներով` եկեղեցին և աղանդը միջազգային պատկերացմամբ զատորոշելու համար:

Հեռուստաալիքը եթեր չի հեռարձակում այն հաղորդումները (նաև տեսահոլովակները), որոնք աղճատված են ներկայացնում որևէ կրոնական կազմակերպության կամ եկեղեցու սիմվոլիկան կամ դավանանքը:

Հեռուստաալիքը կարող է եթեր հեռարձակել այն հաղորդումները կամ փաստագրական ֆիլմերը, որոնք անդրադառնում են կրոնական այն հոսանքներին, որոնց գործունեությունը բացասական ազդեցություն է թողնում մարդու հոգեկան կամ ֆիզիկական առողջության վրա:

Այս տիպի հաղորդումները պետք է լինեն անկողմնակալ, պետք է պարունակեն միայն ճշգրիտ և ճշտված տվյալներ ու փաստեր, պետք է պարունակեն իրավապահ և առողջապահական կառույցների խորհրդատվություն:

5. Միջէթնիկ հարաբերություններ

Հայաստանի Հանրապետությունում բավականաչափ հանդուրժողական և փոխադարձ հարգանքով լի մթնոլորտ է հայերի և ռուսների, հրեաների, եզդիների, քրդերի, ասորիների, հույների և հայաստանյան այլ էթնիկ փոքրամասնությունների միջև: Սակայն բացառիկ զգայուն թեմաներ են հայերի հարաբերությունները թուրքերի, ադրբեջանցիների և վրացիների հետ: Այս առումով Հեռուստաալիքը պետք է կանխի այս երեք ժողովուրդների հանդեպ հնարավոր անհարգալից վերաբերմունքի կամ գնահատականների դրսևորումները եթերում: Մյուս կողմից` թուրքերի, ադրբեջանցիների և վրացիների հետ հայերի ունեցած բախումնային և կնճռոտ հարցերում Հեռուստաալիքը պետք է կարողանա պահպանել պատմական եղելությունների փաստական, ճշգրիտ հիմքերը:

Միջէթնիկ հարաբերություններում փոխադարձ հարգանք և հանդուրժողականություն սերմանելու նպատակով, Հեռուստաալիքը պետք է ոչ միայն պարբերաբար եթեր տրամադրի ազգային փոքրամասնություններին, այլ նաև պետք է կանոնավոր անդրադառնա այլ ազգերի մշակութային խոշորագույն իրադարձություններին, հարևան երկրների (Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա, Ռուսաստան) ազգային կարևորագույն տոներին:

6. Բռնության և դաժանության տեսարաններ

Եթերում բռնության և դաժանության տեսարանների ներկայությունը սովորաբար առնչվում է լրատվական թողարկումներին, քանի որ միջազգային լրատվությունն ավելի ու ավելի շատ է անդրադառնում զանգվածային կամ արտառոց բռնության փաստերին: Հեռուստալսարանը պարբերաբար շոկի մեջ գցելու և այդ ճանապարհով ռեյտինգ ապահովելու գայթակղությունը աշխատաոճ է դառնում այն հեռուստաալիքների համար, որոնք փորձում են գումար վաստակել դաժանության տեսարաններով: Այս դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ բռնության և դաժանության տեսարաններից շոկ ապրող հեռուստալսարանն աստիճանաբար վարժվում է այդ տեսարաններին և սկսում է ակամա պատրաստվել դաժանության նորանոր տեսարաններ սպառելուն:

Այս նույն սինդրոմն ակտիվ գործում է նաև հեռուստաֆիլմերի և հեռուստասերիալների արտադրության և հեռարձակման ժամանակ: Անմարդկային դաժանության, արտառոց բռնության, անհագուրդ սեքսի տեսարաններով գումար վաստակող հեռուստաալիքները թիրախ են դարձնում հեռուստալսարանի ստորին բնազդները և եթերը վերածում են *գլադիատորական արենայի*: Հետևաբար և՜ Հեռուստաալիքը, և՜ հեռուստալսարանը պետք է հստակ պատկերացնեն, որ սա անհարգալից ու անազնիվ վերաբերմունք է նախևառաջ հեռուստալսարանի հանդեպ, դեգրադացնում է հասարակությունը և կարող է ունենալ քրեորեն հետապնդելի հետևանքներ:

7. էրոտիկա և ինտիմ

Էրոտիկ կամ ինտիմ բովանդակություն ունեցող ֆիլմերը կամ հաղորդումները շատ զգայուն խնդիր են եթերում: Հեռուստաալիքի ելակետն այս խնդրում ընտանեկան դիտմանը հարիր լինելու և այդ տեսարանների` դրամատուրգիապես արդարացված լինելու հանգամանքն է (եթե էրոտիկան և ինտիմը հայտնվում են սեփական կամ հայրենական հեռուստաարտադրանքում):

Էրոտիկ տեսարաններ ունեցող ֆիլմերը կարող են եթեր հեռարձակվել 0 ժամից մինչև ժամը 6-ը. սա օրենքի սահմանափակումն է: Սակայն օրենքը սահմանափակում է ոչ թե էրոտիկ ֆիլմերի, այլ էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների հեռարձակումը, իսկ այս շարքում կարող են տեղ գրավել նաև երաժշտական տեսահոլովակները, որոնց մեծ մասի տեսաշարի հիմքում էրոտիկան է, ցանկասիրությունը, հեշտանքը: Ուստի ժամանակակից երգիչների տեսահոլովակները կամ դրանց հեռուստահավաքածուները, կամ դրանց մասին պատմող հաղորդումները նույնպես պետք է հեռարձակվեն 0 ժամից 06:00 ժամահատվածում:

էրոտիկ և ինտիմ տեսարաններ պարունակող հեռուստաարտադրանքը Հեռուստաալիքի պահոցում պետք է պահվի համապատասխան գրավոր ծանուցմամբ, որպեսզի դրանք եթերի համար պլանավորելիս հաշվի առնվի հեռարձակման ժամի համապատասխանությունը:
Հեռուստաալիքը պետք է մշակի էրոտիկ և ինտիմ տեսարաններ պարունակող հեռուստաարտադրանքի եթերային նշագրումի կանոնները, որպեսզի նման տեսարան պարունակող հաղորդումը եթերում կրի հստակ, տեսանելի լուսանշան: Սա վերաբերում է այն հաղորդումներին, որոնք, տեխնիկական հանգամանքների բերումով կամ թույլ արտահայտված էրոտիկայի պատճառով կարող են հեռարձակվել 23:00-ից հետո:

Էրոտիկ ֆիլմի լիարժեք սահմանումը տալը կամ դրա չափորոշիչներն արձանագրելը դժվար է, ուստի Հեռուստաալիքի համար էրոտիկ են այն բոլոր ֆիլմերը, որոնք ֆիլմեր վաճառող գործակալության պաշտոնական կատալոգում դասակարգված են որպես Էրոտիկ ֆիլմ:

8. Շահերի բախում

Հեռուստաալիքի լսարանը պետք է զգա, որ մասնակից է, ներգրավված է Հեռուստաալիքի հաղորդումներին: Սա հնարավոր է, եթե

  • հանրությունը վստահում է Հեռուստաալիքին,
  • Հեռուստաալիքի եթերում արտահայտվում են հանրության շահերը,
  • հանրության համար հասկանալի, ընկալելի և ընդունելի է Հեռուստաալիքի եթերային քաղաքականությունը:

Հեռուստաալիքի համար հաղորդում պատրաստող այն անձը, որը որևէ անձնական շահադիտական կամ ընտանեկան կապ ունի պատրաստվող հաղորդման մեջ հանդես եկող կառույցի կամ անձնավորության հետ, պետք է Հեռուստաալիքի ղեկավարությանը նախապես տեղեկացնի այս մասին:

Հեռուստաալիքի նկարահանող խմբերի անդամներն իրավունք չունեն պատրաստվող հաղորդման մեջ հանդես եկող կառույցից կամ անձնավորությունից նվերներ ստանալ: Եթե նկարահանող խմբի անդամը կտրականապես հրաժարվում է նվերն ընդունել, սակայն հարցազրույց տվողը համառորեն պնդում է և այդ նվերը որևէ կերպ հասցնում է Հեռուստաալիքի աշխատակցին, ապա այդ աշխատակիցը պետք է այս մասին անհապաղ տեղեկացնի Հեռուստաալիքի ղեկավարությանը և վարվի նրա ցուցումով:

Մի զգայուն հանգամանք. Մայրության և գեղեցկության տոնին Հեռուստաալիքի կին աշխատակիցները կարող են չմերժել Հեռուստաալիքի հետ սովորաբար աշխատանքային հարաբերություններ պահպանող կառույցներից (դրանց ղեկավարներից) ստացվող ծաղիկները կամ ծաղկեփնջերը:

Երբեմն այդ ծաղկեփնջերն ուղեկցվում են օծանելիքով, պճնանքի պարագաներով, խմիչքով կամ սիգարետով, ուստի կանանց խորհուրդ է տրվում ընդունել միմիայն ծաղկեփունջը, իսկ մնացյալը` քաղաքավարի մերժել:

Նկարահանող խումբը կարող է ընդունել հարցազրույց տվողի` սուրճի հրավերը, սակայն բար, ռեստորան, բանկետի, պիկնիկի, կորպորատիվ հավաքույթի հրավերը պետք է քաղաքավարի մերժել:

9. Տեսանյութի հեռարձակման իրավունքներ և հեղինակային իրավունք

Հեռուստաալիքի միջոցներով կամ պատվերով պատրաստված բոլոր հաղորդումները, ֆիլմերը, տեսագրությունները, փաթեթային ձևավորումները Հեռուստաալիքի սեփականությունն են: Հեռուստաալիքը հայրենական արտադրության հաղորդումը հեռարձակում է այն արտադրողի հեղինակային իրավունքի նշումով: Օտարերկրյա հեռուստաարտադրանքը Հեռուստաալիքի եթերում տեղադրվում է դրա հեռարձակման (նաև թարգմանության) իրավունքները (արտոնագիրը) ձեռք բերելուց հետո:

10. Հարաբերություններ հանրության, հեռուստալսարանի և մամուլի հետ

Հեռուստաալիքը պետք է հաշվի առնի իր հաղորդումների առնչությամբ հնչող հանրային կարծիքը` ուսումնասիրելով այդ կարծիքի բոլոր դրսևորումները, երբ խմբագրությունը ստանում է հեռախոսազանգեր, նամակներ, էլեկտրոնային նամակներ, մամուլում տպագրվում են հոդվածներ: Հեռուստաալիքի ղեկավարությունը պետք է կարողանա այդ կարծիքների ազատ արտահայտման համար տեղ գտնել Հեռուստաալիքի եթերում կամ ինտերնետային կայքում` նամակի հեղինակի համաձայնությամբ: Շատ կարևոր է պատասխան ակնկալող հարցերին արագ և ոչ ձևական (ոչ բյուրոկրատական լեզվով) արձագանքելը:

Հեռուստաալիքի հեռուստաարտադրանքի մասին (դրական կամ բացասական) կարծիք հայտնող մարդիկ այս քայլին դիմում են, քանի որ նրանց հետաքրքրում կամ մտահոգում է Հեռուստաալիքի եթերը: Ուստի Հեռուստաալիքի ղեկավարության համար սա եթերի որակը բարձրացնելու լավ միջոց է:

Հանրությունն այդ եթերը դիտում է` անկախ նրանից, թե տվյալ հաղորդումը Հեռուստաալիքի սեփակա՞ն արտադրությունն է, թե՞ այլ արտադրողի պատրաստածը: Ուստի Հեռուստաալիքը պետք է հանրության առջև նույնական պատասխանատվություն կրի իր եթերում եղած և՜ սեփական, և՜ հայրենական, և՜ օտարերկրյա հեռուստաարտադրանքի համար:
Հեռուստաալիքի հաղորդումների մասին հանրության կարծիքը կարող է համակարգված կերպով արտահայտվել ընդհանուր հեռուստաեթերն ուսումնասիրող լրագրողական կառույցների անցկացրած հարցումների և հետազոտությունների շնորհիվ: Ուստի Հեռուստաալիքի ղեկավարության համար հատկապես կարևոր է այս կարգի հետազոտությունների պատկերը պարբերաբար ուսումնասիրելը և այս տիպի լրագրողական կառույցների հետ մշտապես գործակցելը:

Հանրության առջև Հեռուստաալիքի անունից հանդես գալու իրավունք ունեն Հեռուստաալիքի ղեկավարը, գլխավոր խմբագիրը, գլխավոր պրոդյուսերը: Հեռուստաալիքի անունից պաշտոնական գրագրությունը վարում է Հեռուստաալիքի ղեկավարը:

Հեռուստաալիքի բոլոր աշխատակիցներն իրավունք ունեն իրենց իրավասությունների շրջանակում ազատորեն շփվել մամուլի հետ և հարցազրույցներ տալ տպագիր (նաև ինտերնետային) մամուլին, ռադիոկայաններին: Սակայն այլ հեռուստաալիքների հաղորդումներին մասնակցելու հրավեր ստանալիս իրենց համաձայնությունը տալու հանգամանքը պետք է նախապես քննարկեն Հեռուստաալիքի ղեկավարության հետ:

Հեռուստաալիքի բոլոր աշխատակիցներն իրավունք ունեն գործակցել տպագիր (նաև ինտերնետային) մամուլի, ռադիոկայանների հետ, եթե այդ գործակցությունը չի խանգարում Հեռուստաալիքում նրանց մասնագիտական պարտականությունների կատարմանը: Սակայն այլ հեռուստաալիքներում հաղորդումներ պատրաստելու առաջարկ ստանալիս իրենց համաձայնությունը տալու հանգամանքը պետք է նախապես քննարկեն Հեռուստաալիքի ղեկավարության հետ:

Մասնագիտական բարեխղճությունը և էթիկան պահանջում են, որ այլ լրատվամիջոցի հետ (համատեղության կարգով) գործակցելու դեպքում Հեռուստաալիքի աշխատակիցն այլ լրատվամիջոցի չփոխանցի (շահախնդիր կամ անշահախնդիր) այն տեսանյութերը կամ տեղեկությունները, որոնք նա ստացել է՝ շահագործելով Հեռուստաալիքի տեխնիկան և կապի միջոցները:

Հեռուստաալիքի բոլոր աշխատակիցները պետք է Հեռուստաալիքի հեղինակության համար պատասխանատվություն զգան ոչ միայն եթերում, այլև եթերից դուրս: Նկարահանող խմբերի վարորդները պետք է հստակորեն պահպանեն երթևեկության կանոնները, օպերատորները և լրագրողները նկարահանման վայրում պետք է պահպանեն քաղաքավարության կանոնները, Հեռուստաալիքի մոնտաժողները, ինժեներները, պահակները, հավաքարարները պետք է հարգանքով վերաբերվեն միմյանց և Հեռուստաալիքի հյուրերին. չէ՞ որ այս բոլոր մասնագետների և աշխատակիցների անձնական վարքագծով է նաև ձևավորվում Հեռուստաալիքի մասին հանրության պատկերացումը:

Հեռուստաալիքի աշխատակիցների միջև ծագող տգեղ հարաբերությունները պետք է կարգավորվեն նախ նրանց անմիջական ղեկավարների միջամտությամբ, եթե չի հաջողվում` Հեռուստաալիքի ղեկավարության միջամտությամբ:

Հեռուստաալիքի աշխատակիցների շրջանում տեղ գտած տգեղ երևույթները (բամբասանք, գործընկերոջ հանդեպ անհարգալից վերաբերմունք կամ ծաղր, հարբեցողություն աշխատավայրում, սեռական ոտնձգություն, անվանարկում, կաշառակերություն, գողություն, տեխնիկայի շահագործում անձնական շահի համար) պետք է Հեռուստաալիքի ղեկավարության որոշմամբ դառնան նեղ կամ լայն շրջանակում ընդհանուր քննարկման առարկա: Հեռուստաալիքի բոլոր աշխատակիցները պետք է պարբերաբար համոզվեն, որ տգեղ վարքն աննկատ չի մնում, անխուսափելի պատժվում է, և որ դա կարող է հանգեցնել աշխատատեղը կորցնելուն:

IV. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՈՒՄ ԾԱԳՈՂ ՎԻՃԵԼԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

1. Հոգեկան և առողջական շեղումներով անձինք

Հաղորդումը կարող է նվիրված լինել հոգեկան, առողջական կամ ֆիզիոլոգիական շեղումներով անձանց, նրանց խնդիրներին կամ կարող է լինել նրանց մասնակցությամբ: Այս տիպի հաղորդում պատրաստող խումբը պետք է հատկապես զգույշ և բծախնդիր լինի նկարահանման, մոնտաժի կադրերի ընտրության, նրանց խոսքից կատարած մեջբերումների և նրանց տրվող հարցերի հանդեպ, որպեսզի դրանք որևէ կերպ չոտնահարեն այդ անձանց արժանապատվությունը, և նրանց ծաղրելու տպավորություն չստեղծվի:

Հոգեկան շեղումներով անձինք կարող են հաղորդման հերոս կամ մասնակից լինել միմիայն հոգեբուժական հաստատության մասնագետի թույլտվությամբ և ներկայությամբ, նաև նրանց հարազատների (խնամակալների) համաձայնությամբ:

Առողջական և ֆիզիոլոգիական շեղումներով անձինք կարող են հաղորդման հերոս կամ մասնակից լինել բուժհաստատության մասնագետի թույլտվությամբ և օգնությամբ, նաև նրանց հարազատների (խնամակալների) համաձայնությամբ:

Եթե հաղորդման թեման (լրագրողական հետաքննությունը) պրոբլեմատիկ է (օր.` բուժհաստատության ներսում տիրող հոռի բարքերի մասին է), ապա այդ հաղորդումը պետք է պատրաստվի Հեռուստաալիքի իրավաբանի և ոլորտի մասնագետի (հոգեբույժի, կամ բժշկի, կամ սոցիալական աշխատողի) խորհրդատվությամբ, որպեսի նկարահանող խումբն ակամա հարվածի տակ չդնի հաղորդմանը ներգրավված հոգեկան, առողջական կամ ֆիզիոլոգիական շեղումներով անձանց և՜ ընթացիկ, և՜ հետագա շահերը:

Հեռուստաալիքը խուսափում է այն տեսանյութից, որի ենթատեքստն ուղղված է հեռուստադիտողի վրա ճնշող ազդեցություն գործելուն, հոգեկան, առողջական կամ ֆիզիոլոգիական շեղումներով անձանց հանդեպ խղճահարություն ծնելուն:

2. Հարցազրույցի էթիկան

Հարցազրույցը լրագրության և հաղորդում պատրաստելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Այն կարող է լինել բացահայտող, սուր, ստույգ փաստերի վրա հիմնված, սակայն չի կարող լինել կողմնակալ, լրագրողի անձնական հույզերը, լրագրողի (հաղորդում պատրաստողի) անձնական վիրավորվածությունը կրող: Հարցազրույց վարողը պետք է ոչ միայն հետևողական լինի տված հարցի պատասխանն ստանալու խնդրում, այլև պետք է հարցազրույց տվողին հնարավորություն տա լիարժեք պատասխանել տրված հարցին:
Հարցազրույցը չի կարող լինել ամեն ինչի մասին, այն պետք է հստակ նպատակ ունենա (լավ հարցազրույցը սովորաբար ավարտվում է տրամաբանական եզրահանգումով): Լրագրողը (հաղորդում պատրաստողը) պետք է հարցազրույց տվողին տեղյակ պահի հարցազրույցի տևողության մասին, կարող է օգնել ճիշտ բառընտրության հարցում, սակայն չի կարող ուղղորդել նրան:

Հարցազրույց տվող արվեստագետները, մտավորականները, ստեղծագործող անձինք երբեմն չեն նկատում իրենց խոսքում թույլ տված փաստական կամ լեզվական կոպիտ սխալները: Նման դեպքերում լրագրողը (հաղորդում պատրաստողը) պետք է բարեկիրթ եղանակով ուղղի հնչած սխալը (եթե ուղիղ եթեր է), կամ պետք է հարցազրույց տվողին բարեկիրթ եղանակով խնդրի նույն միտքը կրկնել ուղղած տարբերակով (եթե տեսագրություն է):
Շատ կարևոր է, որ հարցազրույց տվողը նախապես իմանա, թե ինչու են հատկապես իր հետ զրուցում, հատկապես ինչի մասին է զրույցը, հաղորդման ուղղվածությունը որն է, որն է իր դերն այդ հաղորդման մեջ:

3. Հեռուստաբանավեճի էթիկան

Հեռուստաբանավեճը Հեռուստաալիքի համար հասարակայնորեն կարևոր (տարբեր կամ հակադիր) տեսակետների բախում է և ոչ թե վիճաբանողների անձնական բախում: Այս հանգամանքը պետք է ելակետային լինի բանավիճային հաղորդում պատրաստողների համար: Հեռուստաբանավեճը Հեռուստաալիքի եթերում պետք է վարել այնպես, որ դրա մասնակիցներն իրենց տեսակետները հայտնեն ազատորեն և նույնիսկ սուր, բայց ոչ` միմյանց անձնական վիրավորանքեր հասցնելու տեսքով: Այս առումով մասնագիտական էթիկան պահանջում է, որ մասնակիցները նախապես տեղյակ լինեն

  • բանավեճի թեմային,
  • բանավեճի տևողությանն ու կառուցվածքին,
  • ովքեր են իրենց ընդդիմախոսները:

Բանավիճային հաղորդման խմբագիրը, հաղորդավարը պետք է բարեխղճորեն ընտրեն առաջիկա հաղորդման մասնակիցներին և հյուրերին, որպեսզի բանավեճին հրավիրվածները լինեն ոլորտի խնդիրներին քաջատեղյակ անձինք: Հակառակ դեպքում բանավեճն արդյունքի չի հանգեցնի, հաղորդումը կընթանա ճապաղ, ցաքուցրիվ և անհետաքրիր, իր ընդդիմախոսի սխալ ընտրությունից հիասթափված մասնակիցն էլ հաջորդ անգամ կմերժի կրկին բանավեճի մասնակցելու հրավերը:

Հեռուստաբանավեճի հաղորդավարը միշտ պետք է ձեռնպահ մնա բանավեճի մասնակից դառնալու գայթակղությունից, եթե նույնիսկ նրա հյուրերը փորձեն նրան ներքաշել բանավեճի մեջ և դարձնել վիճող կողմ: Հաղորդավարը միշտ մոդերատոր է և չեզոք կողմ, որի գերխնդիրը բանավեճի խնդրո առարկան հանրության համար լիարժեք բացահայտելն է: Հաղորդավարը կարող է անձնական համակրանք կամ հակակրանք ունենալ իր հյուրերի հանդեպ, սակայն այդ անձանական վերաբերմունքը չի կարելի արտահայտել եթերում` հարցերի տեսքով, միմիկայով կամ շարժումներով:

Բանավիճային հաղորդման խմբագիրը, հաղորդավարը պետք է հաղորդման ռեժիսորի հետ նախապես քննարկեն բանավեճի թեման և հյուրերի մասնագիտական հայացքների հակադրության հանգամանքը, որպեսզի ռեժիսորը տեսախցիկների պլանները փոփոխի ոչ թե մեխանիկորեն, այլ կարողանա տեսագրության կամ ուղիղ եթերի ժամանակ գրագետ անցումներ անել հաղորդման մի հյուրի կամ մասնակցի դեմքից մյուս հյուրին կամ մասնակցին: Այս հարցում նրան ապարատայինում օգնում է նաև հաղորդման խմբագիրը, որը հաղորդման ընթացքում ուղիղ կապ ունի հաղորդավարի հետ և պատասխանատվություն է կրում եթերի անկողմնակալության, հյուրերի ինքնարտահայտման համար հավասար և համարժեք հնարավորություններ ապահովելու, թեմայից չշեղվելու և բարեկիրթ բանավեճ անցկացնելու համար:

4. Հեռուստակադրի էթիկան և էսթետիկան

Հեռարձակվող հաղորդման կադրի էթիկան և էսթետիկան պահպանելու պատասխանատվությունը կրում է հաղորդման ռեժիսորը, որը նույն պահանջը դնում է նաև նկարահանող խմբի օպերատորի առջև: Հեռուստաալիքը հրաժարվում է այնպիսի կադրերից, որոնք կրում են անհավասարակշիռ վարքի, հիստերիկայի, զանգվածային խուճապի, փսիխոզի լիցքեր կամ տարրեր:

Արտակարգ իրավիճակ ցուցադրող կադրերն ունեն փաստագրության (խրոնիկայի) արժեք, և հեռարձակվում են` պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջը:

Փողոցում, հրապարակում, գյուղում կատարվող նկարահանումների ժամանակ նկարահանող խումբը պետք է ուշադիր լինի, որպեսզի հարցազրույց տվողի թիկունքում չկուտակվեն այսպես կոչված պարապ մարդիկ, որոնք իրենց վրա ուշադրություն գրավելու շարժումներ են անում և ձգտում են խցկվել կադր:

Դառը ճակատագրով երեխաների կամ կանանց մասին հաղորդում պատրաստողները երբեմն փորձում են հնարավորին չափ խղճահարույց վիճակ ապահովել իրենց հերոսների համար: Սա անթույլատրելի մեթոդ կամ ոճ է Հեռուստաալիքի համար, քանի որ որքան էլ ծանր լինի տվյալ անձի հոգեկան, ֆիզիկական, ընտանեկան կամ նյութական վիճակը, չի կարելի մարդուն պատկերել` ակամա նվաստացնելով նրան, և հեռուստադիտողից արցունք պոկելու համար ի ցույց դնել այդ մարդու հոգեկան տառապանքները: Այսպիսի կադրն ինքնին ոտնահարում է տվյալ անձի արժանապատվությունը:

5. Անչափահասին հաղորդումներում ներգրավելը

Անչափահասները կարող են հեռուստաարտադրանքում ներգրավվել որպես մասնակիցներ, հարցազրույց տվողներ, դերակատարներ, և նույնիսկ որպես հաղորդում պատրաստողներ: Այս դեպքերում Հեռուստաալիքը պետք է հոգա, որպեսզի չանտեսվեն կամ չոտնահարվեն երեք հիմնական շահեր.

  • անչափահասի իրավունքներն ու շահերը,
  • ծնողի իրավունքներն ու շահերը,
  • հանրության իրավունքներն ու շահերը:

Հեռուստաալիքը չի կարող թույլ տալ, որ անչափահասին եթերում (ուղիղ կամ տեսագրված) տրվեն խիստ զգայուն թեմաների առնչվող հարցեր (ընտանեկան ծանր դրություն, ծնողների լարված հարաբերություններ, սեռական կոնտակտ, մանկական սպեցիֆիկ հիվանդություն` գիշերամիզություն, կակազելը, վախի դրսևորումներ): Այս արգելքի նպատակն է, որ հաղորդման համար բարձր ռեյտինգ ապահովելու մղումը չդառնա առավել կարևոր, քան երեխայի հոգեկան վիճակը:

Եթե հաղորդումը նվիրված է հատկապես զգայուն թեմայի (մանկական թմրամոլություն, մանկական հանցագործություն, մանկական սպեցիֆիկ հիվանդություններ), ապա Հեռուստաալիքի այսրոպեական շահերը պետք է ստորադասվեն անչափահասի հետագա (երկարատև) շահերին, և անչափահասը կադրում կարող է հայտնվել դեմքի, անվան, ձայնի փոփոխությամբ:

Մանկական պոռնկության կամ սեռական ոտնձգության թեմայով հաղորդումներում պարտադիր է անչափահասի անձի անճանաչելիությունն ապահովելը:
Հեռուստաալիքի ղեկավարությունը թույլ է տալիս իր հաղորդումներում և ֆիլմերում, սերիլաներում ներգրավել անչափահասներին, եթե

  • համոզված է, որ տվյալ հեռուստաարտադրանքը չի խաթարի անչափահասի հոգեկան առողջությունը,
  • անչափահասի ծնողը կամ խնամակալը համաձայն է,
  • աջակցում են անչափահասների հիմնախնդիրներով զբաղվող պետական կառույցը կամ հասարակական կազմակերպությունը կամ սոցիալական (հոգեբանական) ծառայությունը:

Եթե անչափահասների ներգրավումով հաղորդումներ և ֆիլմեր, սերիալներ պատրաստելիս խիստ վիճելի խնդիր է դառնում անչափահասի հոգեկան կամ ֆիզիկական առողջությանը հնարավոր վնաս պատճառելու հանգամանքը, և մասնագետների ու շահագրգիռ կողմերի տեսակետները սկզբունքորեն հակադրվում են, ապա Հեռուստաալիքի ղեկավարությունը միանշանակ դադարեցնում է տվյալ հաղորդման, ֆիլմի, սերիալի արտադրությունը կամ հեռարձակումը:

6. Հանցագործություններին անդրադառնալը

Հեռուստաալիքը կարող է անդրադառնալ հանրապետության մշակույթի ոլորտի տնտեսական հանցագործություններին, թանգարանների, ցուցասրահների կողոպուտներին, մշակութային ոլորտը վերահսկող պետական կառույցներում բացահայտված կաշառակերությանը, ֆինանսական վատնումներին, պաշտոնական դիրքի չարաշահմանը, հովանավորչությանը, ավարտական և ընդունելության քննությունների ժամանակ տեղ գտած օրինախախտումներին, մշակութային արժեքների ոչնչացմանը, յուրացմանը և ապօրինի վաճառքին, ստեղծագործական միություններում կատարվող մեքենայություններին և անօրինական գործարքներին: Այս բոլոր դեպքերում պետք է հստակորեն պահպանել անձի անմեղության կանխավարկածը, եթե քրեական գործի նախաքննությունն ընթացքի մեջ է:
Հեռուստաալիքը կարող է հանրապետության տարածքում կատարված մշակութային հանցագործություններին անդրադառնալ

  • լրատվական ծրագրում` տարածելով նախաքննական, դատական և փաստաբանական մարմինների պաշտոնական հաղորդագրությունները,
  • թոք-շոուներում` լուսաբանելով հանցագործությունը ծնող պատճառները և նպաստող հանգամանքները, ներկայացնելով այն վտանգները, որոնք սպառնում են հասարակության բարոյական նորմերի խաթարմանը,
  • հեռուստաֆիլմային հաղորդումներում, արխիվային նյութի վրա հիմնված վավերագրության մեջ: Այս կարգի հեռուստանյութերում հանցագործությունը վերարտադրող խաղարկային դրվագներ գործածելու դեպքում պետք է այդ դրվագների վրա մշտապես պահպանել ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄ լուսագրային նշումը:

Հանցագործության` վերարտադրված խաղարկային դրվագներում չի կարելի ցույց տալ դերակատարի ամբողջական դեմքը, որպեսզի տվյալ անձը չշփոթվի հանցագործի հետ: Այդ դրվագները չի կարելի ուղեկցել դրամատիկ մեղեդիով, որպեսզի քրեական ակտը ձեռք չբերի գեղարվեստի և դրամատիկ ստեղծագործության տարրեր: Այս կարգի հաղորդումը հետաքրքիր դարձնելու մղումը չպետք է հանգեցնի հանցագործության մասին պատմությունը թեթև ժանրի, ժամանցային հաղորդում դարձնելուն:

Չի կարելի մի հանցագործության արխիվային կադրերն օգտագործել որպես մեկ այլ հանցագործության տեսաշար:

7. Կոմերցիոն և բարեգործական հարաբերություններ

Կոմերցիոն հաղորդումների պատվիրատուների հետ հարաբերություններում գերակա են Հեռուստաալիքի շահերը և եթերային քաղաքականության պահանջները: Կոմերցիոն հաղորդման պատվիրատուն իրավունք չունի միջամտել տվյալ հաղորդումը պատրաստող ստեղծագործական խմբի մասնագիտական գործունեությանը, թելադրել սեփական պատկերացումները տվյալ հաղորդման էթիկայի և էսթետիկայի մասին:

Բարեգործական հովանավորությունը չի կարող ֆինանսավորվել կուսակցությունների, քաղաքական ուժերի և գործիչների նախընտրական հիմնադրամների, կրոնական կազմակերպությունների միջոցներից: Արգելվում է հովանավորողի միջամտությունն իր հովանավորությամբ ստեղծվող հաղորդումներին: Բարեգործական հովանավորությամբ ստեղծված հեռուստահաղորդման մեջ (միայն հաղորդման սկզբում և վերջում) լուսագրի տեսքով նշվում են տեղեկություններ հովանավորողի մասին, ներկայացվում են առավելագույնը մեկ րոպե տողությամբ մակագրություններ, կարճ հայտարարություններ, խորհրդանիշներ:

8. Կադրում ծխելը

Հեռուստաալիքի եթերում արգելված է ծխող մարդու հայտնվելը: Տաղավարում կատարվող նկարահանման ժամանակ բացառվում է ծխելը: Հանրային միջոցառումների վայրերի հետ ուղիղ միացումների ժամանակ հարցազրույց տվողը պետք է լինի առանց ծխախոտի: Հեռուստաալիքի եթերն ինքնին հանրային վայր է, ուստի եթերում նույնպես գործում է հանրային վայրում ծխելու օրենսդրական արգելքը:

Սրճարանում, աշխատավայրում, արվեստանոցում, այգում, տանը կատարված տեսագրությունը պետք է լինի առանց ծխելու կադրերի: Նկարահանող խմբի ղեկավարը կամ հաղորդման խմբագիրը, ռեժիսորը, հաղորդավարը, լրագրողը պետք է տեղի չտան իրենց սյուժեի հերոսի փաստարկին, թե ինքը չի կարող խոսել առանց ծխելու:

Եթերում ծխելու տեսարան կարող է լինել, եթե.

  • արխիվային տեսանյութ է,
  • հաղորդման համար խիստ անհրաժեշտ լուսանկար է,
  • հաղորդումը վերաբերում է ծխելու վնասներին,
  • գեղարվեստական/վավերագրական ֆիլմում է,
  • հեռուստաթատրոնում է,
  • գեղարվեստական ստեղծագործության, պատմական իրավիճակի խաղարկային վերարտադրություն է:

9. Ուղիղ եթերում զանգ հեռուստատաղավար

Ուղիղ եթերում հեռուստադիտողների հեռախոսազանգեր ընդունող հաղորդման խմբագիրը և ռեժիսորը պետք է ապահովեն, որ ապարատայինում լինի հեռուսատադիտողի զանգը եթեր տվող պատասխանատու անձ: Անանուն հեռախոսազանգը եթեր տալը կտրականապես արգելվում է: Պատասխանատուն նախ ճշտում է զանգահարողի անուն, ազգանունը, հեռախոսահամարը` այս տվյալները գրանցելով տվյալ հաղորդման մատյանում: Այնուհետև հետ է զանգում քաղաքացուն և նոր միայն միացնում ուղիղ եթերի տաղավարի հետ:

Պատասխանատուն զանգահարողին նաև օգնում է, որ նրա խոսքը բեռնաթափվի ավելորդաբանություններից: Այս նախազգուշական քայլերն արվում են, որպեսզի

  • զանգահարողն իմանա, որ հարկ եղած դեպքում կարելի է իրեն գտնել, պատասխանատվություն զգա սեփական խոսքի հանդեպ և ուղիղ եթերում պահպանի կոռեկտությունը,
  • հեռուստաալիքի եթերում բացառվեն հակաօրինական կոչերը, հնարավոր հայհոյախոսությունները կամ գռեհկաբանությունները,
  • զանգահարողը կարողանա հնարավորին չափ հակիրճ ձևակերպել թեմային վերաբերող իր հարցը:

Պատասխանատուն իրավունք չունի զանգահարողին ուղղորդել` հաղորդման մասնակիցների հասցեին նրանից դրական կամ բացասական գնահատականներ կորզելու համար:

Հաղորդման ստացած զանգերի մատյանը պահվում է հեռուստալսարանի ակտիվ հատվածի տվյալների բազա կազմելու և այսպես կոչված *պատվիրած զանգերի* հնարավոր մեղադրանքների դեմ փաստարկ ունենալու համար:

10. Ուղիղ միացում

Հեռուստաալիքը կարող է ուղիղ միացումներ ունենալ համերգասրահներից, տոնական, մշակութային, եկեղեցական կամ սպորտային զանգվածային միջոցառումներից` Հեռուստաալիքի ղեկավարության ծրագրած դեպքերում:
Համերգասրահից ուղիղ միացումով հաղորդման ռեժիսորը պետք է

  • նախապես ուսումնասիրի դահլիճի տեխնիկական հնարավորությունները և փորձարկի դրանք,
  • առաջնորդվի համերգի սցենարով,
  • հաղորդման խմբագրի և անսամբլի խմբավարի հետ նախապես ճշտի երաժշտական ստեղծագործության պարտիտուրան կամ պարային էլեմենտները` տեսախցիկները ճիշտ ուղղորդելու համար:

Տոնական, մշակութային, եկեղեցական կամ սպորտային զանգվածային միջոցառումներից ուղիղ միացումով հաղորդման ռեժիսորը պետք է

  • նախապես ուսումնասիրի տեղանքի տեխնիկական հնարավորությունները և փորձարկի դրանք,
  • առաջնորդվի միջոցառման սցենարով,
  • միջոցառման վայրից մեկնաբանի, լրագրողի, հաղորդավարի միջոցով հեռուստատաղավարի հետ կապ հաստատելու դեպքում` այդ անձնավորության համար ապահովի տաղավարի հաղորդավարին տեսնելու և լսելու հնարավորություն:

Զանգվածային միջոցառման վայրից մեկնաբանի, լրագրողի, հաղորդավարի միջոցով հեռուստատաղավարի հետ կապի հաստատումը պետք է նախապես (ուղիղ եթերից առնվազն մեկ ժամ առաջ) փորձարկվի: Եթե հաղորդման ռեժիսորը զանգվածային միջոցառման վայրում աշխատող մեկնաբանի, լրագրողի, հաղորդավարի համար չի ապահովում հեռուստատաղավարի հաղորդավարին տեսնելու և լսելու հնարավորություն, ապա զանգվածային միջոցառման վայրում աշխատող մեկնաբանը, լրագրողը, հաղորդավարն իրավունք ունեն հրաժարվել ուղիղ եթերում աշխատելուց` այս մասին նախապես տեղյակ պահելով Հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերին և գլխավոր խմբագրին: Զանգվածային միջոցառման վայրում աշխատող մեկնաբանը, լրագրողը, հաղորդավարը ուղիղ եթերից անմիջապես առաջ կատարվող տեսաձայնային փորձարկումների ժամանակ պետք է արտաբերեն միայն այն տեքստը, որը նրանք ասելու են ուղիղ միացման ժամանակ: Չի կարելի փորձարկումների ժամանակ պատմել անեկդոտներ կամ կատակով արտասանել արտառոց տեքստեր, քանի որ դրանք կարող են պատահաբար (տեխնիկական թյուրիմացությամբ) փոխանցվել եթեր:

11. Նկարահանում հանրային, կիսահանրային և մասնավոր վայրերում

Հանրային վայր է այն տարածքը, որի առնչությամբ օրենքը հավասար իրավունքներ է սահմանում բոլորի համար: Օր.` փողոց, հրապարակ, համայնքային բակ, զբոսայգի, շուկա, գերեզմանոց, ճամբար, գետ, լիճ, սար, անտառ: Այս կարգի վայրերում նկարահանումը կատարվում է ազատորեն, և ոչ ոք չի կարող սահմանափակել նկարահանող խմբի մասնագիտական գործունեությունը:

Կիսահանրային վայր է այն տարածքը, որի առնչությամբ օրենքը, բոլորի համար հավասար իրավունքներ սահմանելով հանդերձ, արձանագրում է բացառություններ: Այս կարգի որոշ վայրերում նկարահանումը կատարվում է նախապես թուլտվություն ստանալուց հետո: Օր.` օդակայան, մետրոպոլիտեն, երկաթուղային կայարան, հիվանդանոց, դպրոց, եկեղեցի, թանգարան, գրադարան, թատրոն, կինոթատրոն, խմբագրություն, տպարան, խանութ, ռեստորան, տաքսի, երթուղային տաքսի: Որոշ վայրերում էլ նախապես թույլտվություն ստանալու կարիք չկա, սակայն իրավասու անձանց առաջին իսկ պահանջի դեպքում Հեռուստաալիքի նկարահանող խումբը պետք է դադարեցնի նկարահանումը: Օր.` ավտոկայան, ճոպանուղի, բազմաբնակարան շենք, դպրոց, մանկապարտեզ, լողափ, սրճարան, ցուցասրահ, հանրախանութ, ավտոբուս, տրոլեյբուս, բաց պեղումնավայր: Իրավասու անձինք երբեմն ներկայանում են ոչ պատշաճ եղանակով, առանց տարբերանշանի, համազգեստի կամ փաստաթղթի: Այս դեպքում նկարահանող խմբի ղեկավարը պետք է նրանց հետ բախման մեջ չմտնի, դադարեցնի նկարահանումը, միջադեպի մասին հեռախոսով անմիջապես տեղյակ պահի Հեռուստաալիքի գլխավոր խմբագրին և գործի նրա հրահանգով:

Մասնավոր վայր է այն տարածքը, որի առնչությամբ օրենքը բացառիկ իրավունքներ է սահմանում քաղաքացու կամ տնտեսավարողի համար: Օր.` մասնավոր բնակարան, մասնավոր կամ գերատեսչական ամառանոց, գիշերային ակումբ, խանութ, կորպորատիվ շինություն, հասարակական բաղնիք և զուգարան, սեփականաշնորհված հողատարածք, պետական կառույցների տրամադրված շինություններ և հողատարածքներ, հատուկ պետական կարգավիճակ ունեցող կառույցներ, զորամաս, կալանավայր, արգելոց, ատոմակայան, դեսպանատուն: Այս կարգի վայրերում նկարահանումը կատարվում է միայն նախապես թույլտվություն ստանալուց հետո:

Հեռուստաալիքն իր ստեղծագործական խմբերին կտրականապես արգելում է նկարահանումներ կատարել փողոցի կամ մայրուղու` ավտոտրանսպորտային միջոցների երթևեկի գոտում. փողոցում նախատեսված նկարահանման ժամանակ հեռուստաօպերատորը և նկարահանող խմբի մյուս անդամները պետք է լինեն միմիայն հետիոտների երթևեկի գոտում: