Հանուն սիրո պայքարում են սիրո սրբերը

Published On March 19, 2011 | By Սոնա Աբրահամյան | արխիվ

Գարնան առաջին ամսվա սկզբին ավելի եմ զգում` սիրում եմ փետրվարը` ձմռան վերջին ամիսն է ու արագ է անցնում: Ամենակարճ այդ ամիսը ինձ համար ամենաերկար պատմությունը ունեցող ավանդույթի ամիսն  է. սիրո տոնին պարտադիր ուտել աղի բլիթ: Դրա մասին հիմա կլռեմ, ուզում եմ խոսել թեժ պայքարի մասին, որ մեկ ամսվա մեջ տեղ գտած ու երիտասարդների սիրո համար պայքարող երկու սրբերն են առաջացնում ` Սուրբ Սարգիսն ու Վալենտինը:

photoԻնչքան էլ փորձում են պայքարել, մեկ է, չի ստացվի, Սուրբ Սարգսի տոնը ոչ մի անգամ չի խամրեցնի Սուրբ Վալենտինի հմայքն ու գրավչությունը երիտասարդների աչքերում, ու որքան էլ գեղեցիկ հնչեն Սուրբ Սարգսի մասին լեգենդներն ու զրույցները, միևնույն է, սիրո տոնին միմյանց բացիկներ նվիրելն ու սեր խոստովանելը պակաս հաճելի չէ: Սուրբ Սարգիսը գրավիչ է հատկապես մի ավանդույթի շնորհիվ` աղի բլիթով ու երազում ապագա սիրելիիդ կանխագուշակելով: Միայն թե հաստատ եմ ասում, երևի երազատեսությունը Սուրբ Սարգսի տոնին հաջողությամբ ժպտում  է նրանց, ովքեր առհասարակ տեսնում են երազներ, որոնք իրականանում են , կամ էլ ապագա սիրելիին գտնելուց հետո այնքան են ուզում իրենց միասնությունը ամրագրել բոլոր հնարավոր ու մտացածին կապերով, որ նմանություն են գտնում նույնիսկ սիրելիի ու նույնիսկ չհիշվող երազում մի ակնթարթ երևացած  երիտասարդի միջև:

Սուրբ Վալենտինը սիրո եվրոպականացված տոնն է: Աղի բլիթի փոխարեն սրտապատ նվերներ ու բացիկներ` սիրո խոստովանությամբ: Միայն մի բան չեմ հասկանում, ինչու եթե երկու տոներն էլ այդքան ուրախություն ու գեղեցիկ պահեր են պարգևում  մեզ, արդեն երկար տարիներ է, ինչ շատերը փորձում են պայքարել Սուրբ Վալենտինի տոնի դեմ,մյուսները պաշտպանական ամուր պատ են կազմում սիրո եվրոպական տոնը հայկականից պաշտպանելու համար: Ինչու անպայման պետք է ընտրել` Վալենտին թե Սարգիս, սերը երրորդ ավելորդին չի սիրում, բայց տոնի դեպքում երրորդ կողմն այդ տանելի է ու նույնիսկ գովելի: Ինչքան շատ լինի սիրո տոնը, այնքան շատ կլինեն օրերը, երբ կարելի է ուղղակի իրար ասել` սիրում եմ ու հավատալ, որ դա իրոք այդպես է: Կարծում եմ տոնի դեպքում, այն էլ սիրո, կարևոր չէ ազգային պատկանելիությունը, որովհետև սերը ինքը ազգություն չի ճանաչում: Եվ ինչ կարևոր է` նշում ես միայն հայկական սիրո տոնը, թե նաև այն կրկնապատկում ու տոնում ես մյուս ազգերի հետ:

Ի վերջո , երկուսի հիմքում էլ սերն է: Սիրում ես, որովհետև նույնիսկ այն ժամանակ, երբ հրաժարվում ես երբևէ սիրելուց, միայն նոր սերն է, որ փրկում ու օգնում է: Սիրում ես, որովհետև …….երկար մտածում ես` ինչի համար ես սիրում ու հասկանում ես. Սիրում ես, որովհետև չգիտես էլ ինչու ես սիրում: Սիրում ես ու կարևոր չէ` հային, գերմանացուն, թե անգլիացուն: Ուրեմն ինչու  է կարևոր սիրո տոնը /որը կրոնական չէ ու ոչ էլ խիստ ազգային/ կլինի մեկը, թե երկուսը միանգամից, կլինի հայկականը, թե հայկականն ու  եվրոպականը միասին:

One Response to Հանուն սիրո պայքարում են սիրո սրբերը

  1. Արփինե Մինասյան says:

    Միշտ էլ սուրբ Վալենտինն է ինձ հոգեհարազատ եղել, և դա ունի իր պատճառները…
    Իսկ սիրո մասին մեր շա~աաա~աա~տ սիրելի գրականության դասախոս Արշալույս Գալստյանը միշտ ասում էր.
    -Երբեք չգիտես` ինչ համար ես սիրում. գեղեցիկ աչքերի՞, հասակի՞,թե գեղեցկությա՞ն համար, իսկ երբ սկսում ես հասկանալ, արդեն գտնում ես մեկին, ով այդ մեկից ավելի գեղեցիկ է, կամ այս մեկի աչքերը այն մեկինուց ավելի սիրուն են և այլն…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *