Հեռուստառադիոռեպորտաժի նրբություններ

Published On June 10, 2010 | By Գնել Նալբանդյան | արխիվ

Ռեպորտաժի տեքստ գրելիս հրաժարվիր զեկուցագրի ոճից: Աշխատիր պատմել, պատմողական ոճով գրել. նկատի չունեմ շարադրություն գրելը: Պարզապես ռեպորտաժը պետք է լինի պատմություն ինչ-որ բանի մասին: Ռեպորտաժը պետք է ունենա պրոբլեմի նկարագրություն (ոչ թե` սահմանում), հերոս կամ հերոսներ (ոչ թե պրոտոկոլային դեմքեր) եւ դետալներ, որոնք համ ու հոտ են տալիս պատմությանը: Հիշիր. պատմություն, հերոս, դետալներ: Ահա ֆունդամենտալ եռանկյունին, որի օգնությամբ ու շնորհիվ կառուցվում է ռեպորտաժը:

1Ռեպորտաժը պետք է կառուցված լինի տեղեկությունների հիման վրա, պետք է ինֆորմացիա պարունակի, բայց սա չի նշանակում, թե ռեպորտաժդ պետք է ծանրաբեռնես չորուցամաք թվերով ու դարձնես հաշվապահական հաշվառում:
Պաշտոնական արարածների փողկապավոր դեմքերով ու տափակ, անբովանդակ խոսքերով մի՜ ծանրաբեռնիր քո նյութը, նորմալ մարդկանց գտիր, իսկ տզրուկներին ու պաշտոնյաներին թող միայն պատասխանատու հայտարարություններ անելու դերը: Քո անձնական տպավորությունները կամ գնահատականները (ասենք` տեղաշարժն արդեն նկատելի է) մի՜ դիր քո պատմության մեջ, թող քո հերոսների խոսքի՜ց հեռուստադիտողը հասկանա, թե ինչ գնահատականի է արժանի քո ներկայացրած իրողությունը:

Եթե քո ռեպորտաժում գերակայում են զգացմունքներն ու հույզերը, ուրեմն նյութդ հում է, անմշակ, քանի որ չես գտել տեղեկությունների, ինֆորմացիայի այն բուկետը, որն ամբողջական պատկերացում պետք է տա տեղի ունեցած մասին: Ռեպորտաժում զգացմունքների ու հույզերի առատությունը բացահայտում է, որ լրագրողը փորձել է տեղեկությունների չգոյությունը քողարկել դրանցով:

Ուրիշի խոսքը (աղբյուրի, հերոսի, ինտերվյուերի խոսքը) երբեք մի՜ կպցրու քո խոսքին` դարձնելով քո կարդացած նախադասության մեխանիկական շարունակություն կամ ավարտ: Հեռուստադիտողը պետք է հստակ հասկանա, թե որտեղ ավարտվեց լրագրողի խոսքը, և որտեղ սկսվեց հաղորդման հերոսի խոսքը: Նյութդ երբեք մի՜ ավարտիր ուրիշի սինխրոնով (ուրիշի ուղղակի խոսքով), չի կարելի: Գտիր քո ավարտը, քո տեքստային ֆինալը:

13 Responses to Հեռուստառադիոռեպորտաժի նրբություններ

  1. Manu says:

    Shnorhakalutyun, Gnel

  2. Արփինե Սիմոնյան says:

    իսկ ուրիշի սինխրոնով (ուրիշի ուղղակի խոսքով) սկսել կարելի է?

  3. Գնել Նալբանդյան says:

    Արփինե ջան, ուրիշի խոսքով կարելի է սկսել ռեպորտաժը, եթե այդ խոսքում արծարծվող միտքը վերաբերում է հենց ռեպորտաժի թեմային, խնդրին, պատմությանը, կամ եթե այդ սինքրոնը այն հերոսինն է, որը ռեպորտաժի առանցքում է և որի պատմությամբ բացահայտվում է մի ամբողջ սոցիալական շերտի պրոբլեմ: Բայց այս սինքրոնից հետո լրագրողը պետք է ասի, որ այսինչ այսինչյանի այս պրոբլեմը տիպական է Հայաստանի գյուղական բնակչության այսքան տոկոսի համար… և շարունակի բացահայտել այդ պրոբլեմի մյուս հատկանիշները կամ հանգամանքները, որից հետո պետք է ներկայացնի, թե այդ պրոբլեմը լուծելու համար ինչ են անում պետական, տեղական մարմինները, հասարակական կազմակերպությունները, մասնագետները, անհատները: Ֆինալն էլ կարող է լինել այն, թե ամենակարևոր քայլը որն է և երբ է արվելու` այսինչ այսինչյանի և նրա պես այսքան հազար մարդու այս պրոբլեմը լուծելու համար:

  4. Arpine Minasyan says:

    Mi ban el es em uzum avelacnel,ete iharke iravaci em, reportaji skizb@ karor e inqnin tirax handisanal, henc skzbum asel ayn eksklyuziv u bacarik texekatvutyun@, vor@ miangamic herustaditoxin ktani ir hetevic….

  5. Գնել Նալբանդյան says:

    Արփինե ջան, անշուշտ դու ճիշտ ես: Ռեպորտաժի սկզբում պետք է ասես ամենակարևորը, ինչի համար որ պատրաստել ես այդ ռեպորտաժը: Կարևորը` հենց սկզբում, խնդրի նախապատմությունը` վերջում:

  6. Աիդա Ղարիբյան says:

    Շնորհակալություն ձեր խորհուրդները ինձ շատ օգնեցին:Լավ կլիներ, եթե բոլոր խելացի մարդիկ կիսվեին ուսանողների հետ իրենց փորձով և գիտելիքներով:

  7. Գնել Նալբանդյան says:

    Աիդա ջան, ուրախ եմ, որ քեզ համար օգտակար էին: Եթե ունես հարցեր, կարող ես տալ, ես դրանց կպատասխանեմ այս բլոգում` բոլորի համար:

  8. N. V. says:

    “Ուրիշի խոսքը (աղբյուրի, հերոսի, ինտերվյուերի խոսքը) երբեք մի՜ կպցրու քո խոսքին` դարձնելով քո կարդացած նախադասության մեխանիկական շարունակություն կամ ավարտ”:… Մասնագիտական շատ ու շատ նրբություններ թողնելով քննարկման այլ տարածքում` կուզենայի նկատել սակայն, որ շատ հաճախ այդ շարունակականությունը /ոչ մեխանիկական իհարկե/ կարող է հուշել հեռուստատեսային աշխատանքի հանդեպ հոտառության առկայության մասին. լրագրողը նյութը կառուցել է սինքրոնների շուրջը և ոչ թե սեղանի մոտ գրել -ավարտել է “հեռուստանյութը”, հետո խցկել փոփոխությունների հանդեպ խիստ քմահաճ սինքրոնները նյութ: Այլ հարց է, թե ինչ է ասում ինքը սինքրոններից առաջ ու հետո, և ինչ են ասում հերոսները. այսինքն` որքանով է աշխատանքը գրագե’տ արվել: Ձեր թույլտվությամբ, ևս մի նկատառում կապված ամենավերջին դիտարկման հետ. “Նյութդ երբեք մի՜ ավարտիր ուրիշի սինխրոնով (ուրիշի ուղղակի խոսքով), չի կարելի”: “Երբեք”-ը, այն էլ` bold-ով, կարծում եմ, կտրուկ է, շատ bold: Ձեր կարծիքը` նյութը սինքրոնով սկսելո’ւ վերաբերյալ, կարելի է, որոշ փոփոխություններով և հավելումներով, տարածել նաև սինքրոն-վերջաբանների վրա: Փորձառուները, ինչպիսին և Դուք եք, կհաստատեն, որ նյութի վրա աշխատելու ամենատարբեր փուլերում` հենց տեղում կամ էն նեղ մաջալին, մեկ էլ “գտնում” ես ինչ-որ խոսքեր, ռեպլիկներ, դետալներ ու դրվագներ, որոնք կարող են հրաշալի սկիզբ ու ավարտ լինել քո պատմության համար, բռիդ մեջ ամուր պահում կամ դնում ամենաապահով գրպանդ, որ հանկարծ ու չփախչի… /ու տեղում չքվում են բոլոր այն “հզոր”, “անձեռնմխելի” մտքերն ու գաղափարները, որ ունեիր դեռ սցենարական բզբզումների ժամանակ/: Եվ այդ գտնված դետալներից մեկն էլ կարող է լինել հերոսի խոսքի մի հատվածը, որը, տեղադրվելով ամենավերջում, կարող է ոչ թե կտրել, կիսատ թողնել նյութդ /ինչպես հավատացնում են շատ պրակտիկներ/, այլ հակառակը` ավարտել, ամբողջացնել, ինքնատիպ, բայց ծանրակշիռ շտրիխ հաղորդել նյութին, գուցեև նոր, բայց ոչ անպատասխան, հարթություն տեղափոխել պատմությունը, ինչու ոչ` արթնացնե’լ հեռուստադիտողին` վերապրելու լսած ու տեսած գոնե մի քանի բան: Իմ համեստ փորձը թողնելով մի կողմ` հիշեմ մի օրինակ ռուսական հեռուստաեթերից /իսկ ռուսականը, կարծում եմ, օրինակ է ամենատարբեր հեռուստամիջավայրերի համար… դեռևս/: Ֆիլմը դրսում ապրող մոդելների մասին էր, որոնք շքեղ ու հարուստ կյանք են վայելում, նրանց գործունեության, ընկերների, կապերի և այդ ամենի որակի ու քանակի մասին… Իսկ ավարտվեց այն դիմահարդարի մի խոսքով, ով պտտվում էր մոդելների շուրջը` բեմի ետևում, համապատասխան պարագաները ձեռքին: Խոսքային հատվածն իրականում լայֆ կտոր էր /ու, կարծում եմ, հենց տեղում գտնված/, ինչը իմաստապես ամփոփեց ողջ նույթն ու դրանից ստացված տպավորությունը. “У кого ножки еще не в золоте…?” Եթե կասեք` սա լայֆ է, իսկ սինքրոնն ու լայֆն իսկապե’ս տարբեր բաներ են, քանի որ ունեն գործառութայի’ն և կատարողակա’ն ընդգծված տարբերություններ /չնայած շատ պրակտիկներ դեռ հեգնական ծիծաղ-դժգոհություն են արտահայտում` իբր “սինքրոնը” “լայֆի” հնամաշ տարբերակն է/, ապա բերեմ մեկ այլ օրինակ, որը սոսկ ամրապնդում է իմ հավատն առ այն, որ կարելի’ է նյութն ավարտել սինքրոնով, եթե այն ուղիղ նշանակետին է խփում… Դարձյալ լրագրողական ֆիլմ, որը պատմում էր Ռուսաստանի ճանաչված պլաստիկ վիրաբույժներից մեկի մասին, որին վերջերս էին սպանել: Ամբողջ ֆիլմը կառուցված էր մի հերոսուհու պատմության շուրջը, ով օգտվել էր վիրաբույժի ծառայություններից և շատ շնորհակալ էր բժշկին` իրեն նոր երջանկություն և շնչառություն պարգևելու համար: Ո’չ մի լրագրողական կարծիք, գնահատական, վերաբերմունք. ընտրված կադրերը, ամենատարբեր մանրամասները մասնագետի կյանքի ու գործունեության մասին, դետալները, հերոսների խոսքերը ու այդ ամենը վարպետորեն իրար միահյուսելու կարողությունը ստիպում էին հավատալ հերոսուհու խոսքերին, որ բժիշկն իսկապես հրաշագործ է, ու պատահական չէ, որ շատ ու շատ աստղեր ու հասարակ մարդիկ վստահել են նրան… Իսկ վերջաբանում` լսում ենք բժշկի խոստովանությունը. “Ես իմ ամբողջ կյանքում միայն մի բան եմ հասկացել, որ կնոջ մեջ կարևորը ոչ թե արտաքին գեղեցկությունն է, այլ ներքին”… Ի թիվս մի շարք խնդիրների, որ իրականացրեց այս սինքրոնը, կարծում եմ, նաև ինքնատիպ գույն հաղորդեց գլխավոր հերոսի` բժշկի պատմությանը / ոչ այն պատճառով իհարկե, որ բժիշկը կրկնեց մի շատ բանալ ճշմարտություն/…

    …Կներեք երկար-բարակ մեկնաբանությունների համար. վերջին շրջանում մասնագիտական ռիթմս մի փոքր /մի փոքր միայն/ դանդաղեցրել եմ` հարկադրված պարապուրդի մատնել ինձ, ինչն անասելի ծանր է /միաժամանակ` անհրաժեշտ` ուժասպառ չլինելու համար/, բայց շարունակում եմ անտարբեր չմնալ մասնագիտական ամենատարբեր իրողությունների շուրջ պտտվող կարծիքների ու դիտարկումների հանդեպ, իրականում շատ օգտակար և ուսանելի դիտարկումների, ինչպիսիք պարունակում է Ձեր հեղինակած նյութը: Շնորհակալությո’ւն:

  9. Գնել says:

    Սիրելի N. V. շնորհակալ եմ արձագանքի համար: Այս հրապարակման մեջ ես խոսում եմ լրատվական թողարկման հիմնական բաղադրիչի` ռեպորտաժի մասին, և ոչ թե ֆիլմի, հեռուստատեսային ֆիլմի, վավերագրական ֆիլմի կամ փաստագրական հեռուստատեսային հաղորդման մասին, որոնք, այո, կարող են ավարտվել ուրիշի ուղղակի խոսքով /սինքրոնով/: Բայց սա` մի կողմից: Մյուս կողմից` ռեպորտաժը հերոսի սինքրոնով ավարտել/չավարտելու համար որևէ հաստատված կանոն չկա, և ամեն խմբագիր ինքն է որոշում` իր խմբագրության համար սա դարձնել պահանջ, թե անտեսել, թե թողնել լրագրողի ընտրությանը:

  10. Vahagn says:

    Apres Gnel jan, hetaqrqir bacahaytumner er indz hamar, tepet es herustatesutyan het kap chunem bayc hetaqrqir er imanal, shnorhakalutyun

  11. N. V. says:

    Շատ շնորհակալ եմ կարծիքս ընթերցելու և պատասխանի համար… Մի հավելում միայն. ես նույն կարծիքն ունեմ նաև ռեպորտաժի հետ կապված /օրինակներ` շատ կան/. ռեպորտաժն անգամ կարելի է հերոսի /մասնագետի, փորձագետի…/ խոսքով ավարտել, էլ չեմ ասում, օրինակ, հատուկ ռեպորտաժի մասին /որն իր որոշ հատկանիշներով, օրինակ` ձևաչափին առնչվող, կարող է մոտենալ ֆիլմին/:

  12. N. V. says:

    Ներեցեք, բայց պատասխան կարծիքս ուղարկելուց հետո բառերից մեկը չքվեց /գուցե չակերտների պատճառով էր…/: “…ռեպորտաժն անգամ կարելի է…” փոխարեն` “”ամենապրոտոկոլային” ռեպորտաժն անգամ կարելի է…”: Շնորհակալությո’ւն:

  13. LOS BLANKOS says:

    Hargeli Gnel dzer aes neuti mej parz haskanali e vor duq mec porz uneq.Shat shisht graget sharandranq ev ogtakar xosqer apaga serndi hamar.Goveli e vor duq dzer xorhurdnern eq talis u porzum ognel eritasard lragroxnerin ev voch miaen nranc.Es anzamb shnorhakal em dzezanic nor texekuteuner imaca im sireli masnagitutyan veraberyal.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *