Մի քիչ` հեռուստատեսության մասին

Published On June 4, 2010 | By Գնել Նալբանդյան | արխիվ

Մի առիթով ինձ առաջարկեցին արտահայտել իմ վերաբերմունքն այս ասույթներին.
Հեռուստացույցին կարող է փոխարինել միայն հեռուստացույցը` այն էլ մեծ էկրանով:
Հեռուստատեսությունից հետո կարելի է կառավարել ցանկացած բան, անգամ պետություն:
Հեռուստատեսությունը երազների ցերեկային հոսքագիծ է:
Օճառային օպերան համբուրգեր է ճաշարանում: Դու նրանով հիացած չես, բայց ուտում ես:
Բարոյականության միջուկն առանց զվարճանքի` քարոզչություն է, զվարճանքն առանց բարոյական միջուկի` հեռուստատեսություն:

Եվ ես արտահայտեցի:
Հեռուստացույցին, այո, կարող է փոխարինել միայն և միայն ավելի մեծ էկրանով հեռուստացույցը: Մեր տանը 54սմ էկրանովն է: Ու ես մտածում եմ մեծ էկրանով հեռուստացույցի մասին: Հաճախ եմ մտածում: Բայց հենց պատկերացնում եմ, որ այդ մեծ, շատ մեծ էկրանին ես գտնելու եմ միմիայն ժամանց ու զվարճալիք` առանց բարոյական միջուկի, զգում եմ, որ 54սմ անկյունագիծն էլ շատ է:

6Օճառային օպերան` հեռուստասերիալը, այո, էժան ճաշարանի կոտլետ է. նրա վրա ճպճպում են հնացած յուղի բշտիկները, պարունակությունը կասկածելի է հենց միայն հոտի պատճառով, նրան կպած են բաներ, որոնք հուշում են. խոհարարը սիրում է սանրվել… Այո, բայց գի՛նը… ցածր, ցածր, շա՛տ ցածր: Ուտում ես էժան կոտլետը, նայում` կողքիդ կուտակված քո պես հազարավորներին, ու մտքովդ էլ չի անցնում, որ այդպիսի ճաշարանի տերը կարող է կառավարել ցանկացած բան, անգամ պետություն:

Հեռուստատեսությունը, այո, գիշերային երազների ցերեկային հոսքագիծ է: Երբ նայում եմ հերթական սարսափ-ֆիլմը, սկսում եմ վերհիշել նախորդ գիշերվա իմ անտանելի մղձավանջի բոլոր մանրամասները: Բայց երբ ֆիլմն ընդմիջվում է գովազդով, զգում եմ, որ գիշերային կոշմարները հազարապատիկ գերադասելի են: Առավել դաժան են հումորային համարվող շոուները, որոնցում բոլորը միաբերան հռհռում են, թեև հասկանալի չէ, թե հաղորդումն ինչի մասին է: Այնպիսի տպավորություն է, կարծես ինձ դատապարտել են ցմահ բանտարկության` մեծ, շատ մեծ էկրանի առջև: Ու ներում ստանալու առաջին նախապայմանը էժան ճաշարանի բոլոր կոտլետներն ուտելն է:

2 Responses to Մի քիչ` հեռուստատեսության մասին

  1. Նարեկ says:

    Ինձ էլ մի առիթով առաջարկեցին արտահայտել իմ վերաբերմունքն այս ասույթին.

    «Եթե տղամարդը փնտրում է հրապուրիչ, զվարթ, հետաքրքիր և ժիր կնոջ, սակայն պատրաստ է սսկվել նրա առաջին իսկ պահանջով, նշանակում է` իրականում նրան ոչ թե կին է պետք, այլ հեռուստացույց»…

    Եվ ես արտահայտեցի,

    …ընդհանրապես դեմ եմ ընդհանրացումներին, իսկ ասույթներին վերաբերում եմ որպես միայն ու միայն հետաքրքիր բառախաղ: Ընդհանրացումը սահմանափակում է մարդու մտածելակերպը, տալիս է մի բանաձեւ այնպիսի խնդիրներին, որոնք ունեն բազմաթիվ ոլորտներ: Ընդհանրացումը սխալ կարծրատիպների հիմքն է, իսկ եթե ուզում ես զարգանալ, նորի հետ ծանոթանալ, կարծրատիպերը քո ճանապարհի փշերն են:

    Ամեն դեպքում փորձեմ…

    Հեռուստացույցը կարող է լինել աշխատանքային գործիք կամ խաղալիք, զրուցակից ընկեր կամ իմաստուն ուսուցիչ, նաեւ հայելի` երբեմն լավ, երբեմն ծուռ. Բայց թե չափն անցար, այն թմարմիջոց է. Պարզապես, պետք է զգուշ լինել լինել ու վերջ:

  2. Arpine Minasyan says:

    Hamematutyunnery shat texin en, cavali e, bayc past, arden sirts xarnec, erevi el kotlet chutem…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *