Ունիվերսալ և պրոֆիլային հեռուստաալիքներ

Published On May 26, 2010 | By Գնել Նալբանդյան | արխիվ


 
3Մասնագիտացած (մանկական, մարզական, ժամանցային, ֆիլմային…) համարվող ոլորտային (պրոֆիլային) ալիքները հրաշալի բիզնես-լուծում կլիեն մեզանում արդեն այսօր: Տասնյակ ալիքներ ունենք, որ ստերեոտիպով տառապելով, դեռ շարունակում են կրել հանրության բոլոր շերտերի համար հաղորդում պատրաստելու բեռը: Բայց նեղ (պրոֆիլային) ալիքը դեռևս համարվում է ոչ պատվաբեր, կամ ոչ շահութաբեր: Սա կործանման տանող մտայնություն է: Մեր դեցիմետրային ու կաբելային ալիքներն իրականում պետք է գլխի ընկնեն, որ իրենց փրկությունը մասնագիտացումն է: Օրինակ` որևէ գործարար կարող է շահութաբեր բիզնես ձեռք բերել, եթե հենց այսօր հիմնի սպորտային կաբելային ալիք:

Իսկ այ մշակութային ալիքի շուկայական տրամաբանությունն ու ինքնարժեքը փոքր-ինչ այլ են: Այստեղ առանց պետության գրեթե անհնար է: Բայց նաև համոզված եմ, որ Հայաստանն այսօր ի վիճակի չէ հիմնել ու պահել այդպիսի ալիք: Այն, ինչ արվում է Արարատ ալիքի դեպքում, ես համարում եմ էքսպերիմենտ, որի արդյունքը, կամ որի փորձով արված եզրահանգումները կարող են օգտակար լինել 5-6 տարի հետո, երբ (տա Աստված) օբյեկտիվ հիմքեր ու ռեսուրսներ կլինեն իսկապես մշակութային ալիք հիմնելու համար:

7 Responses to Ունիվերսալ և պրոֆիլային հեռուստաալիքներ

  1. Սմբատ Ղահրամանյան says:

    Պարոն Նալբանդյան, ես իհարկե այն մարդը չեմ, որ կարող է ձեզ ուղղել, բայց գտնում եմ, որ “ստերեոտիպ” բառի փոխարեն՝ շատ ավելի ճիշտ է, և հայերեն՝”կարծրատիպ”-ը:Իսկ, որ այսօր մենք այդ հնարավորությունը չունենք, դա կարծում եմ, ցանկացած խելացի և գիտակից մարդ գիտի:

    Հ.Գ.Ներեցեք իմ այս քայլի համար, բայց որ այժմ հայերեն եմ պարապում խորացված, այդ պատճառով ամեն մի փոքրիկ օտարալեզու բառ իմ ուշադրության կենտրոնում է, աշխատում եմ, ոչ մի օտարալեզու բառ չգործածել, որքան էլ որ կան բառեր, որոնք ժամանակակից են ու հաճելի արտասանության համար, բայց փորձում եմ գտնել դրանց հայերեն տարբերակը, իսկ եթե չկա նմանատիպը՝նոր գնում եմ այդ քայլին:Սիրում եմ իմ մայրենին, և գտնում, որ այսօր այն քան երբևէ ուշադրության ու խնամքի կարիք ունի:Ես բոլոր իմ ընկերներին եմ խնդրում, որ սրբությամբ ու մեծ սիրով վերաբերեն մեր լեզվին, չէ որ այն մեր գոյության միակ առհավատչյան է:Եվ ի վերջո, կարծում եմ մաքուր գրական հայերենը շատ ավելի հաճելի ու գեղեցիկ է՝քան խոսակցական ու պարզունակ հայերենը:Շնորհակալություն գրառման համար:

  2. Արփինե Մինասյան says:

    Գնել,եթե պետությունն ընդհանրապես չի օժանդակում Արարատ հեռուստաալիքին, ապա ինչ միջոցներով , բացի գովազդից, կարելի այն պահել

  3. Գնել Նալբանդյան says:

    Սմբատ ջան, պետք չէ ներում խնդրել ուղղումի համար: Ինձ միայն ուրախացնում է դա: Դու անշուշտ ճիշտ ես:
    Արփինե ջան, Հայաստանում` միայն պետական ֆինանսավորմամբ: Իսկ դա մի բան է, որ մեր երկիրը պետք է սկսի անել հենց հիմա, որ 5ից 7 տարի հետո կարողանանք խոսել մշակութային ալիք ԲԱՑԵԼՈՒ մասին:

  4. Սմբատ Ղահրամանյան says:

    Շնորհակալ եմ խրախուսելու համար, պարոն Նալբանդյան:

  5. Նարինե says:

    Գնել այն ինչ ես պետք է գրեմ հոդվածի հետ կապված չէ: Քանի որ Սմբատը “կարծրատիպի” մասին ասեց ես հիշեցի.մի բառ կա,միշտ զարմանում եմ թե ինչու հայերեն տարբերակը չեն գործածում,խոսքս “կոռուպցիա” բառի մասին է, որի հայերենը “փտածությունն ” է,չէ որ ավելի հասկանալի է, երբ ասում են կոռուպցիա,համոզված եմ մարդկանց մեծ մասը չի հասկանում/ասեմ որ սփյուռքահայ մամուլը օգտագործում է այս բառը/:

  6. Սմբատ Ղահրամանյան says:

    Նարինե ջան, առաջին հերթին շնորհակալ եմ,որ սրբությամբ ես վերաբերում մեր լեզվին:Մենք բոլորս պետք է միասին պահպանենք մեր հայերենը՝այն էլ այսօր, երբ այն վտանգված է:Այսօր երիտասարդը հայերենը բացարձակապես չի կարողանում խոսել, իսկ դու ասում ես “Կոռուպցիան”-գործածենք՝ “Փտածություն”:Նմանատիպ բառեր շատ կան, որոնք հայերեն ճիշտ տարբերակով թարգմանված են, ուղղակի չեն կիրառվում, քանի որ ոմանց կարծիքով, դրանք ականջին հաճելի չեն, և ոչ ժամանակակից:Այսօր խնդիր ունենք, մայրենիի պահպանման, որքան հնարավոր է շատ հաղորդակցվենք հայերենով՝ հաղորդակից դարձնենք մյուսներին, այլապես, եթե այսպես ամենինչ մնա, վստահ եմ, որ հայերենն արդեն կկորցնի “Մեսրոպյան ոսկեղենիկությունն” ու երիտասարդ սերունդը իր երկրում՝մայր Հայաստանում, կսկսի օգտագործել օտարալեզու կամ ռուսալեզու բառեր ու արտահայտություններ:Այո, չպետք է ետ մնանք քաղաքակիրթ ու ժամանակակից կյանքից, գիտության ու մշակույթի նվաճումներից, բայց որ պետք է լինենք ժամանակակից, ինտեգրվենք եվրոպական արժեքներին ու արդիական մտածողությանն, փոխարենը կորցնելով՝ մեր ազգային վարդը՝Հայոց լեզուն, կարծում եմ, որ բոլորիս հասկանալի է, թե այնուհետև ինչ կարող է լինել:Եկեք, որքան հնարավոր է քարոզենք, ոչ թե “պրոպագանդենք”:Ոչինչ չկա, պարազապես՝ եկեք լինենք ժամանակակից, եկեք լինենք, առաջատար, եկեք լինենք նոր տեխնոլոգիաների ու արդիական մոտեցումների կրողն ու դրանք կիրառողը, բայց ոչ երբեք՝մոռանանք մեր հայերենը:Ես սիրում եմ իմ մայրենին՝հետևաբար նաև իմ երկիրը:

  7. Գնել Նալբանդյան says:

    Նարինե ջան, սփյուռքահայերը բազում եզրաբառեր /տերմիններ/ են գործածում, որ մենք` արևելահայերս, չենք գործածում: Օրինակ` հրասայլ, որ մենք տանկ ենք ասում, կամ ձայնասփյուռ, որ մենք ռադիո ենք ասում… Սա արևելահայերենի թերություն չէ կամ արևմտահայերենի առավելություն. սա ՀԱՅՈՑ լեզվի բազմակերպությունն է: Կոռուպցիան կարող ենք ասել հենց կոռուպցիա, քանի որ դա իրականում կաշառակերությունը չէ, այլ, Լենինի ձևակերպմամբ, ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԾԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ: Տես` ոստիկանը կամ ուսուցիչը կամ բժիշկը քեզնից փող է պոկում, որ կատարի իր պարտականությունը. սա կաշառակերություն է: Բայց երբ պատգամավորը, նախարարը տեղական օլիգարխից կամ միջազգային բանկային կառույցից փող են վերցնում և գրում են այնպիսի օրենքներ, ստորագրում են այնպիսի որոշումներ, որոնք բխում են այդ փող տվողների շահերից և հակասում են երկրի, հասարակության շահերին, այ սա արդեն կոչվում է կոռուպցիա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *