Չորսակնանի երազանք

Published On February 28, 2011 | By Արաքս Թադևոսյան | արխիվ

Ես, վերջապես, սկսեցի մի գործ, որի մասին երկար տարիներ երազում էի, բայց որի համար խիզախություն ու ժամանակ էր պետք:  Վերջապես իմ մեջ գտա այդ երկուսն ու գործի անցա: Ես սկսեցի սովորել մեքենա վարել` առաջնորդվելով, որ էսինչը կարողանում է, ես էլ կկարողանամ սկզբունքով: Դե, մեքենա վարելը դեռ գործի սկիզբն է, պետք է նաև զբաղվել վարորդական իրավունքի հարցերով, իսկ այդ գործով զբաղվելու համար  ամենաշատն էր պետք տրամադրվել: Միայն այն միտքը, որ մի քանի տեղ պետք է գնալ ու թղթեր հավաքել, սթրեսս պատրաստ էր: Երբեք չեմ սիրել նման գործերով զբաղվել: Նույնիսկ անձնագրի ժամկետը երկարացնելն է ինձ համար անտանելի, իսկ վարորդական իրավունքի համար առնվազն երեք հաստատություն է պետք անցնել:

photoՄի խոսքով,  ի վերջո, տրամադրվեցի ու գնացի և’ նարկոլոգիկան կլինիկա, և’ հոգեբուժարան, և’ տարածքային պոլիկլինիկա: Դե, առաջին երկու հաստատություններում առաջին անգամ էի լինում,  նարկոլոգիականում գործս արագ ստացվեց և չհասցրեցի շուրջս ուսումնասիրել, իսկ հոգեբուժարանում մոտ մեկ ժամ հերթ եմ կանգնել: Խորհրդային միության փլուզումից հետո, հատուկ շեշտում եմ փլուզում բառը , հոգեբուժարանը շարունակում է փլուզվել ու փլուզվել: Միջանցքում` պատի վրա, հի~ն հեռախոս կա, որի խոսափողն արդեն, երևի, վաղուց քայքայվել է ու անհետացել երկրի երեսից, պլաստմասե վանդակավոր աղբաման, որը տարիների ընթացքում դեֆորմացվել է` վրան հանգցրած ծխախոտ ու նման բազում դետալներ, որոնք միայն ԽՍՀՄ-ն են հիշեցնում, և ժամանակակից ոչ մի իր, որը քեզ կհուշի, որ դրսում 21-րդ դարի երկրորդ տասնամյակն է: 

Բայց ամենացնցողը, գրանցման գրքերն էին: Փոքր պատուհանի հետևում նստած կարմիր շրթներկով տարեց կինը, մատը թքոտելով, հերթով թերթում է 20-ից 25 հատ մատյան ու փնտրում քո անունը, որպեսզի ճշտի` դու հաշվառված ես հոգեբուժարանում, թե ոչ: Ու եթե դա ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ  կարելի է ճշտել 2 վայրկյանում, ապա նա դա անում էր իր մատների ու աչքերի օգնությամբ մոտ տասը րոպե` այդ բոլոր մատյանները հերթով թերթելով ու թքոտելով: Մինչև նախ հերթս կհասներ, ապա ցուցակներում անունս կփնտրեր, ես հասցրեցի մոտ 100 անգամ ինձ հարցնել, բա ինձ պետք էր մեքենա վարելը: Վերջապես տեղեկանքս ստացա ու գնացի տարածքային պոլիկլինիկա:

Այստեղ վերջին անգամ եղել էի,  էէէ~~ մոտ 20 տարի առաջ: Նույնիսկ հիշեցի, որ հենց այս նույն բազկաթոռին եմ հայրիկիս հետ նստել ու սպասել բժշկին, հենց այս դռան հետևում էր նստած այն նյարդաբանը, որը բոլորի վրա գոռում էր ու ինքն ավելի շատ ուներ նյարդաբանի կարիք, հիշեցի, որ հենց այս սենյակի բժիշկը ստորագրեց այն տեղեկանքը, որին սպասել էինք մոտավորապես այնքան, որքան հոգեբուժարանի տեղեկանքին էի սպասել: Այստեղ նույնպես ոչինչ չէր փոխվել, ոչ շենքն իր պարունակությամբ, ոչ բժիշկները. գրեթե բոլորին ես հիշեցի: Ու կարոտեցի իմ պատանեկությունը` մռայլ գույներով, դժգոհ դեմքերով, բայց…… հորս հետ:

2 Responses to Չորսակնանի երազանք

  1. Ararat says:

    Hogi kar es graci mech.

  2. Նելլի says:

    Արաքս, էս բլոգ չէր, պատմվածք էր` հետաքրքիր գույներով…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *