11-ն անց 59

Published On December 22, 2010 | By Զոհրաբ Հարոյան | արխիվ

Միակ բանը, որ տոնի մասին հիշեցնում է Սարգսյանների տանը, սովետի ժամանակ Խոպանից բերած Սարգսի արհեստական տոնածառն է` ջարդած ու փշրված խաղալիքներով ու դռան մոտ` աղբի կողքին թափված մի քանի մանդարինի կեղեւը: Տոնածառն ամեն տարի պարտաճանաչորեն Անուշը հանում է հեռուստացույցի հին արկղի միջից, դնում սենյակի անկյունում, հետո նորից խնամքով հավաքում ու պահում մինչեւ հաջորդ տարի: Ամենաշատը տոնածառը դնելուց ուրախանում ու հանելուց տխրում է Անուշի 5 տարեկան որդին` Սաքուլիկը:

-Մաաա~մ սիրուն ճաշ եմ ուզում:

Սաքուլիկը ամենաանհարմար պահին մորից կարող է ամենաանհավանական բանը խնդրել, ավելի ճիշտ պահանջել: Սիրուն ճաշը Սաքուլիկի համար դդումով ապուրն է: Եվ դա հիշել է դեկտեմբերի 31-ին երեկոյան 11-անց 59 րոպեին: Սաքուլիկին ամեն ինչ կարելի է` տան ամենափոքրն է ու պապի լուրջ հովանավորությունն է վայելում: Սաքուլիկը շատ է սիրում <<Գրիլիաժ>> ու Վորոնեժից հորեղբոր բերած էլեմենտով աշխատող ավտոմատը, որի էլեմենտները վաղուց արդեն նստել են ու Սաքուլիկը <<կրակելուց>> ինքն է բերանով ձայներ հանում: Սաքուլիկը մեկ երազանք ունի` նոր էլեմենտներ ունենա:

-Ախչի’, Էս էրեխու ձենը կտրի…

imgresՍաքուլիկի պապա եւ Անուշի ամուսին, ավելի ճիշտ` մարդ, Գեւորգը չի սիրում, որ երեխան լացում է: Դրա միակ մեղավորը Անուշն է: Գեւորգը, կամ ինչպես քուչում են ասում Գվեն, զբաղվում է մանր-մունր խուլիգանությամբ, իսկ պարապ ժամանակ պպզում է բակում ու անցնող դարձողին ասում. Ախպեր էսօրվա դրությամբ լիքը լավ մարդիկ, լիքը լավ գործեր են առաջարկում, բայց դե մեր հագով չի էլի բրատ: Գվեն տարվա ընթացքում հասցրել էր 612 անգամ շոռել դիմացի շենքի դեռ չամուսնացած, բայց Գվեի կարծիքով ամուսնանալու համար մեռած Դինուլին, 1123 անգամ արա է ասել փողոցում միակ տաքսիստ Վռամին եւ 1 մլն 200 հազար անգամ տարբեր մարդկանց մոտ ասել իր հեղինակավոր կարծիքը երկրի մասին` էս երգիրը երգիր չի: 11-59 րոպեին երազում է հարեւան Ստյոպը տոկոսի տակ ընկնի ու Նոր առած 16 բանտաժ Ֆոլցվագենը ծախի, հարազատ եղբայրը խոպանից էլ չգա, որ տունը իրեն մնա: Մեկ էլ երազում է մի լուջ գործ ունենա, բայց ինքը չպիտի ոչ մի բան անի ու փողերը գան.. գան.. գան…

-Անուշ մի հատ արաղի բաժակ բեր…

Սաքուլի մեծ հորեղբայր եւ Անուշի տագր Ռազը հայտնի հարբեցող է: Անցած տարի ոչ մեկը նրան չի տեսել չխմած: Աշխատում է Գվեի ծանոթ Արշակի գարաժում որպես խադավիկ: Խմում է գործից առաջ, գործի ընթացքում, գործից հետո, ու ամենակարեւորը` հաց չի ուտում խմելուց հետո: Տուն չի գալիս` բերում են: Տանը կռվում է բոլորի հետ, բացի Սաքուլից: Հայհոյում է եղբայրներին, հորը եւ հատկապես սեփական մոր նախնիներին: 11.59 րոպեին երազում է ունենալ օղու ու զակուսկու գործարան:

-Բլինչիկը դեռ չի եղե՞լ:

Վիկը Սաքուլի մյուս` փոքր, հորեղբայրն է: Ավարտել է Գյուղինստիտուտը, բայց իրեն գտել է այլ` խոպանի ոլորտում: Գարնանը գնում է, աշնանը գալիս: Սիրում է իրենց կուրսի Սաթիկին, որն արդեն 3 տարի է ընկերություն է անում իր հորաքրոջ հարեւան Վրեժի հետ: Վիկն ինքն իրեն համոզել է, որ Դրուգ նի ստենա ու դեռ սպասում է, որ Սաթիկն ու Վրեժը բաժանվեն: 11.59 րոպեին երազում է Սաթիկը բաժանվի, իրեն սիրի, ամուսնանան, եղբայրները տնից գնան ու տունը մնա իրեն:

-Բլինչիկը վառվեց: Անուշ էրեխին թող, վառածի հոտ ա գալիս…

Սեդան Սաքուլի տատն է ու Անուշի սկեսուրը: Սովետի ժամանակ աշխատել է հաստոցաշինական գործարանում որպես հավաքարար: Աշխատել է օր ու գիշեր: Սովետի փլուզումից հետո թաղում է Գորբաչովի տերը: Նայում է բացառապես բոլոր սերիալները: Հատկապես չի սիրում Խորխեին` այլանդակ է ու բանսարկու: Ուշքը գնում է փոքր որդու համար: Անպայման ուզում է տեսնի փոքր տղայի երեխային ու նոր մեռնի: Մեծ տղայի պատճառով 3 անգամ մտածել է ինքնասպանության մասին: 11.59 րոպեին երազում է` մեծ տղան թողնի խմելը, փոքրը շատ փող բերի, իսկ միջնեկը 2-րդ երեխան ունենա:

-Այ բալա մոխրամանը չբերեցի՞ր:

Սարգիս պապն ամենաշատը սիրում է Սաքուլիկին: Թոռանը սովորեցրել է հայհոյել: Ամեն օր ձեռքից բռնում է ու տանում ման տալու: Հատկապես պարծենում է թոռի անունով ու պասպորտով, որը հասցրել է ցույց տալ բիսետկայում բլոտ տժժացնող բոլոր 70-ն անց պապիներին, որոնց պասպորտները վաղուց արդեն ժամկետնանց են ճանաչվել: Առանձնահատուկ չի սիրում միջնեկ որդուն` Սաքուլի հորը: 11.59 րոպեին երազում է` մի անգամ էլ ջահել ժամանակվա նման խոպան գնա ու տեսնի Նատաշին, որ Նատաշը մեռած չլինի, որ ինքն էլ էն ժամանակվա նման գոնե մի անգամ կարողանա սիրել:

-Մաաաա~մ, Անո՞ւշ, ախչի~, այ բալա շուտ արա 12-ն ա դառնում:

Անուշի ուշքը գնում է Սաքուլի համար: Անուշին թվում է, որ իր ամուսնուն` Գվեին էլ է սիրում: Ընկերուհիների մոտ անընդհատ ասում է մարդս էս ա արել, էն ա արել: Հատկապես լարված են նրա հարաբերությունները սկեսրոջ հետ: Տանել չի կարողանում սկեսրոջ շարժ ու ձեւը: Ահավոր վախենում է ամուսնուց: Տան բոլոր գործերը ինքն է անում: Լվացքի մեքենա չունեն, ամանները շատ են, սկեսուրը չի օգնում, երեխան էլ չար է: Նոր տաիրն իսկական դժողք է Անուշի համար: Սկսում է դեկտեմբերի 26-ին եւ ավարտում է հունվարի 15-ին: 11.59 րոպեին երազում է` նստել:

6 Responses to 11-ն անց 59

  1. LENA says:

    Txur er..

  2. irakan er . shat apres mtqi titan jan .. che grchi titrakal

  3. Natasha says:

    Ափսոս, բայց հայկական ստանդարտ ընտանիք է….

  4. SIRANUSH says:

    shat lavn er, menak 11.59 i poxaren kgrei 23.59

  5. Թոմ says:

    Դաժան հայկական իրականություն…ցավալի է ես պատկերացրեցի Սաքուլիկին հասուն տարիքում ու հասկացա թե ինչքան բարդա լինելու կյանքը: Երևի իրենց բնակարաննել 2 սենյականոց լինի ու էտքան մարդ էտ խցում…

  6. mayush says:

    Es el em Sargsyan u exbors anunn el Sargisa(Saqul) miayn esqann er nman te che mer @ntaniqum amen inch kargina.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *