Ամաչելով եմ ասում, բայց ինչ արած, իրականություն է: Մինչեւ երեկ համակարգիչ չունեի. լրագրող առանց համակարգչի, չգիտեմ ինչի է նման, բայց այդպես էր: Մինչ այդ, հազար անգամ կարող էի գնել այդ անհրաժեշտ գործիքը, բայց միշտ ինչ-որ բան էր մեջ ընկնում, ու ասում էի` լավ, հետո կգնեմ:
Հատկապես լուրերում աշխատելիս, միշտ խմբագրությունում ես ու համակարգիչն էլ ձեռքիդ տակ է, տանը դրա կարիքը գրեթե չէր լինում: Վիճակը փոխվեց, էլ լուրերում չեմ, համակարգչի բացակայությունն ավելի սուր հենց այդ ժամանակ զգացի:
Թուղթ ու գրիչից շատ վաղուց եմ հետ վարժվել, իսկ ռեպորտաժ գրելը մի իսկական փորձություն էր դառնում: Մուսան երեկոյան է գալիս, միտքը սկսում է զարգանալ, իսկ համակարգիչը` չկա ու չկա: Հազար ու մի բան է մտքովս անցել` բլոգում գրելու համար: Բայց այդ պահին չգրեցիր, էլ չես անդրադառնա:
Եվ այսպես, երբ համակարգչի անհրաժեշտությունն ամենաշատն էի զգում, այն գնելու հնարավորությունը չունեի: Համակարգիչ բոլորի համար ծրագիրը կարծես հատուկ ինձ համար լիներ: Առանց երկար-բարակ մտածելու, գնացի խանութ, բայց… համակարգիչները վերջացել էին: Ոչինչ, այսքան համբերել եմ, մի ամիս էլ կսպասեմ, մտածեցի ու հերթագրվեցի:
Մի քիչ երկար թվաց, բայց այդ երեսուն ու մի քանի օրն անցան: Միանգամից երկու խանութից զանգեցին, թե համակարգիչը կա, կարող եք ձեւակերպել ապառիկը: Շատ բան չեմ հասկանում դրանցից, բայց հարցրի
- Պարամետրերը նո՞ւյնն են մնացել:
- Ոչ, դրանք փոխվել են,- ընդամենը երկու տեսակ համակարգիչ էին առաջարկում. մեկը մինչ այդ առաջարկվող տեսակից թույլ , մյուսն էլ դրանից թույլ:
Երկրորդ տրամաբանական հարցն առաջացավ, իսկ գի՞նը: Գինը գրեթե նույնն էր մնացել: Սիրտս կասկած ընկավ. դիմեցի ընկերներիցս մեկին, ով համակարգիչների խանութում է աշխատում: Հաշվարկեցինք, եւ պարզվեց, որ Համակարգիչ բոլորի համար ծրագրով առաջարկվող նույն համակարգիչն այլ խանութից ապառիկով կարելի է գնել շատ ավելի էժան գնով` մոտավորապես 40 հազար դրամի տարբերություն կազմեց:
Այդպես հրաժարվեցի բոլորի համար համակարգչից եւ ձեւակերպեցի ինձ համար սովորական ապառիկ: Մի քիչ ավելի ուժեղ պարամետրերով համակարգչի համար երկու տարում երեսուն հազարից պակաս եմ վճարելու: Բայց չմոռանամ ասել, որ ծրագրի հիմնական առավելությունն ու գայթակղությունն ինձ եւ ինձ նման շատերի համար կանխավճարի բացակայությունն է:
P.S. Արդեն ունեմ համակարգիչ, էլ արդարացում չկա, ինձ այցելած մտքերով ձեզ հետ ավելի հաճախ պետք է կիսվեմ:















Ուրեմն շնորհավորում եմ: Իսկապես լրագրողն առանց համակարգչի, նույնն է, ինչ հեռախոսն առանց քարտի: Սպասում եմ ձեր թեմաներին:
Շնորհավորում եմ: Շատ կարևեր բան է համակարգիչը: Էլ համեմատություններ չանեմ:
Նելլի,
կոլլեգաներիդ մեջ կան նաև համակարգչային բաժնի աշխատակիցներ: Երբ նման հարցեր, խնդիրներ են ծագում, առանց ամաչելու դիմիր, խորհրդակցիր, ինչպես անում են շատերը: Մեծ հաճույքով բոլորին օգնում ենք: Բոլոր դեպքերում շնորհավորում եմ ձեռք բերումդ ))