Տուրիստների ու նրանց խնդիրների մասին ռեպորտաժս նկարահանելիս առաջին բանը, որ բացահայտեցի այն էր, որ նրանք այնքան էլ բաց ու ու թափանցիկ չեն, ինչպես մենք ենք պատկերացնում: Նրանց մեծ մասը չէր ցանկանում խոսել ու պատմել իր խնդիրների մասին: Կամ սկզբում համաձայնում էր, հետո փոշմանում ու հրաժարվում:
Պատճառները այդպես էլ ինձ համար պարզ չդարձան: Բայց մի բան այս պրոցեսում ամենաշատը դուրս չեկավ. օրեր շարունակ շրջմոլիկ էի դարձել, ինձ ճանաչում էին այդ ընթացքում քաղաքում գտնվող գրեթե բոլոր տուրիստները, գրեթե բոլորին էլ մոտեցել էի մի ժամ պատմել ինչ է, ինչի համար է: Մի քանի հյուրանոցների անվտանգության աշխատակիցներ ինձ մուրացկանի տեղ էին դրել` մոտենում ասում էին` <ապեր հյուրանոցի մոտ մի կանգնի> ու ստիպված էի մի ժամ էլ իրեն բացատրել, թե ինչու եմ կանգնած ու ինչ նպատակ ունեմ: Մի խոսքով, տուրիստ էի սեփական քաղաքում:
Հաջորդ բացահայտումը, որ արեցի իտալացի տուրիստների հետ է կապված: Նրանք ահռելի թիվ են կազմում: Կոնկրետ չգիտեմ որքան` ասում են 40 հազար: Իտալացիները, որոշել են զարգացնել հայ-իտալական զբոսաշրջությունը: Ամեն երկրորդ մեծ ավտոբուսը ամբողջությամբ իտալացիներով էր լցված:
Անասելի վատ եմ զգացել ինձ ամերիկացիների հետ շփման ժամանակ: Նրանք ոչ միայն չէին ուզում լսել, թե ես ինչ եմ ասում, այլ առհասարակ չէին նկատում իրենց հետ խոսում ես` նույնիսկ քո կողմ չի նայում: Ժողովրդական լեզվով ասած` յա դու, յա էս պատը: Հետո ինձ ասացին, որ իրենց մոտ դա սովորություն է` սևամորթները նման ձևով գալիս մոտենում են, որ նրանք ինչ-որ կերպ իրենց վիրավորեն կամ բոթեն, սրանք էլ դատարանի միջոցով դրամ շորթեն:
Մի խոսքով չնայած բավական սպիտակ մաշկիս սևամորթի տեղ էլ դրեցին: Այսպիսի տարբեր իրավիճակներ եղան, բայց հետո ես ինձ իրենց տեղը դրեցի ու հասկացա: Սկզբունքորեն նրանք եկել են հանգստանալու ու շրջելու ու առանձնապես ժամանակ ծախսել հարրցազրույցի համար չէին ուզում: Բայց նրանց մեծ մասը ուղղակի հիացած էր Հայաստանով, մեր մշակույթով, բնությամբ: Բացի ինչ-որ մանր-մունր զուտ սպասարկման ոլորտի հետ կապված խնդիրներից, նրանք ուրիշ ոչնչից չէին բողոքում, մասնավորապես նրանք, ովքեր չեն ապրում այստեղ, այլ զուտ զբոսաշրջիկ են:
Իսկ ահա, ով այստեղ արդեն հաստատվել է, նրանք լուրջ խնդիրներ ունեն` հենց մարդկանց հետ հարաբերություններում: Երբ նկարահանում էինք մեր հնդիկ հերոսին, մի խումբ հայ տղեք մոտեցան, <ապե, ովա էս տղեն, բա խի եք նկարում-մկարում որ> ու կպել են էս տղուց <գնանք խմենք, ապե բա խի ես սենց սև, ուրդուց ես որ>: Այսքանը հասցրին խոսել, մինչև փորձեցինք իրենց սկզբում նորմալ, հետո` ոչ այնքան ձևով բացատրել, որ իրենք տեղին չեն ու էս կինոյից չեն:
Ու հասկացա, որ ցանկացած երկիր որքան էլ այն ունենա հիասքանչ ճարտարապետություն կամ մշակույթ, մոդեռն լինի կամ ավերակ, յուրաքանչյուրը իրեն լավ է զգում այնտեղ, որտեղ մարդիկ ու նրանց ստեղծած մթնոլորտն է լավը: Միգուցե հարկավոր է մեր տուրիզմը հենց այս հիմքի վրա զարգացնել:















Վերջին մեկնաբանությունները