Վաղուց չէի գրում: Դե հիմա… Կարծես չգիտեք , թե մոսկվացիներն ինչքան զբաղված են …(սուտ)
Ուղղակի ընդհատակ էի անցել, այտեղից աստղերին նայելն ավելի դժվար է, բայց ավելի հետաքրքիր է , քան երկրի վրա, ինչևէ, խոստովանեմ , թե ինչը դրդեց դուրս գալ ընդհատակից:
Ռեպորտաժ էի պատրաստում հայկական թատրոնի պատմության ու ավանդույթների մասին: Առհասարակ, մեր հեռուստաընկերության քաղաքականությունը (Հայ-Ռուսական հեռուստալիքը) ստիպում է մեր մշակույթի գանձերը սովորականից վառ ներկայացնել, քանի որ մեզ դիտում է ոչ միայն մեր սփյուռքը: Այս անգամ ինձ ոչինչ ուռճացնել չպահանջվեց, քանի որ մեր թատրոնի պատմությունն ինքն իր մասին արդեն ամեն ինչ պատմում է հնարավորինս գունեղ:
Այդ աշխատանքային ոգևորության ամենաթեժ պահին ինձ մոտ հյուր եկավ, և շատ թեմատիկ հյուր` Մոսկվայի հայկական թատրոնի ղեկավար ու ռեժիսոր Սլավա Ստեփանյանը ` Փարաջանովի սաներից: Սլավա Աշոտովիչը սովորականից մռայլ թվաց: Պատճառը ուներ:
Ռուսաստանում նորանշանակ ՀՀ մեր դեսպանը ` Օլեգ Եսայանը, հայկական թատրոնը ցրելու և իր ողջ ունեցվածքով դեսպանատան շենքից դուրս հանելու հրամանագիր է ստորագրել: Եվ այդ հրամանը ստորագրվել է հաշվի չառնելով, որ դերասանները Եվրոպա շրջագայության նախաշեմին փորձերն անցկացնելու տեղ չունեն: Ի դեպ, այդ հրամանագիրը թվով երկրորդն էր` իր պաշտոնավարման սկզբին: Չգիտեմ , թե որն էր նրա առաջին հրամանագիրը, բայց երկրորդը դեսպանատան ներքո գործող մշակութային օջախը ցրելն էր: Իսկ այդ մշակութային օջախի կրակը հենց թատրոնն էր, որի գոյությամբ շատերն էին ուրախանում:
Իմ աչքով եմ տեսել այդ հրամանագիրը, մինչև այդ չէի հավատում: Սլավա Ստեփանյանն էլ չհամաձայնեց հրապարակել այդ հրամանը, կարծելով, որ լավ է լռել, պետք չէ աղմուկ բարձրացնել ու բերեց շատ հասկանալի պատճառաբանում. <<Ամոթ Է: Բա որ մեր թշնամիներն իմանան, ինչքան կուրախանան>>:
Բերիայի օրոք, երևի, հասկանալի էր, երբ թատրոններ էին փակվում: Հիմա չեմ հասկանում: Չեմ ընդունում ոչ մի պատճառ: Օրինական, թե իրավաբանական հիմնավորում չի կարող լինել: Կա կյանքի օրենք, մշակութային էթիկա և ազգային քաղաքական մտածելակերպ, որը չկա:
Ի դեպ Ռուսաստանի հայերի միությունը հիմա հայկական թատրոնին տրամադրել է ժամանակավոր կացարան, որտեղ անցնում են փորձերը: Շուտով հնարավոր կլինի դիտել <<Ոտքի, դատարանն է գալիս>> ներկայացումը` Երևանում: Հայական թատրոնը շուտով կժամանի Հայաստան:

lav eq arel, vor bardzradzaynel eq ays xndiry…. es el voch mi himq u ardaracum chem gtnum, vor tatroni mardkanc het aydpes en varvel….
…)