Շարունակելով իմ կյանքում մեծ հետք թողած անձնավորությունների շարքը՝ մեր շենքի Լյովիկից հետո այժմ ցանկանում եմ անդրադառնալ մեր կուրսի Կարենին:
Ես համալսարանին շատ էի սպասում: Այն պետք է լիներ իմ պատուհանը դեպի Եվրոպա, որը պետք է նշանավորեր փրկություն իմ գավառական շրջապատից, լիներ իմ ապագայի գրավականն ու երաշխիքը:
Եվս մեկ քայլ և ես պետք է հայտնվեի ջրբաժանի այն կողմում, ուր սովորելը ամոթ չէր, կարդալը նորմա էր, իսկ դասավանդողները՝ գիտակ:
Ճչացող ու ուշաթափ լինող կանանց քրտնած թևերի տակով սողոսկելով՝ հասա ԵՊՀ-ի ֆիզկուլտի շենքի պատուհանին, որի պատին փակցված Ա4 ֆորմատի թերթիկը, ընդունելության քննությունների արդյունքներով, հաստատեց իմ մուտքի թույլտվությունն այդ նոր աշխարհ: Բուկինիստից մի քանի մասնագիտական գիրք գնելուց հետո, շտապեցի Էլեկտրոլյուքսից ձեռք բերել Սոնի Վոլքմեն, իսկ Շրջանայինի անցումի տակից` Քրաուն ջինսեր ու շապիկներ: Հիմա կարող էի հանգիստ գնալ ու ամառը գյուղում անցկանցնել, որտեղ կարող էի թթենու շողքի ներքո կարդալ ու նախապատրաստվել:
Եկավ սեպտեմբերը…
Ֆակուլտետում մեզ դիմավորեց մեր հարգարժան փոխդեկան Պետրոսյանը, նույն ինքը՝ Բանգլադեշցի Կյաժի հերը, որը հաջորդ չորս տարիների ընթացքում կանի ամեն ինչ, որ իր ֆակուլտետի ուսանողները ճիշտ հասկանան մեր երկրի իրական դրվածքը՝ սկսած ընտրությունների անցկացման կարգից և վերջացրած կարիերայի հաջորդ էշելոններ անցնելու գրավականներով: Սակայն եկեք ժամանակից առաջ չընկնենք: Դեռ առաջին օրն է, ես էլ դեռևս բացարձակ լավատես: Բոլորիս հավաքեցին և քշեցին մի մեծ սենյակ, ուր երկու բառով բացատրեցին… ճիշտն ասած, բան էլ չբացատրեցին, պարզապես կատարվածը կարևորվում է նրանով, որ հենց այստեղ իմ կողքին հայտնվեց մեր կարճ պատմվածքի գլխավոր հերոսը` Կարենը: Նշանակալի՜ց մի մարդ: Ոչ ոք այդքան չի ազդել իմ կյանքի բոլոր պատրանքների կատարյալ փլուզմանը, ինչպես արել է նա, և ես պետք է դրա համար նրան շատ և շատ երախտապարտ լինեմ:
Կարենի հայրը նախկինում եղել էր հարուստ և ազդեցիկ ու արդյունքում Կարենը ճանաչում էր մեր երկրի իրական իշխող էլիտային՝ կիսագողական, անկիրթ ու անտաշ՝ իրենց ավելի անկիրթ ու անտաշ երեխաներով, որոնք բոլորը սովորում էին կամ մեր կամ էլ մեկ հարկ ներքև գտնվող ֆակուլտետում: Նա նույնպես լրիվ համապատասխանում էր այս էլիտար նկարագրին, բացառությամբ նրա, որ փող այլևս չուներ: Նա հենց առաջին վայրկյանից որոշեց ինձ մոտ հաստատել իր կարգավիճակը (այսպիսի հարցերում՝ ինչքան շուտ, այնքան լավ) և դուրս հրավիրեց լսարանից նրա արա-յին արա-յով պատասխանելու համար: Ինչ թաքցնեմ, նա և նրա ԺՈՂ ինստիտուտից ընկերը, ով ևս նստել էր մեր դասին, երևի հենց այդպիսի միջադեպ կանխատեսելով, այս հակամարտության մեջ հաղթող դուրս եկան:
Դե, ինչպես ասում են, բարի գալուստ ԵՊՀ:
Սակայն իմ աննորմալ բնավորությունը, որն ինձ միշտ ստիպել է հաստատվել տարբեր միջավայրերում, այս անգամ էլ ինձ քաշեց: Ես Կարենի հետ ընկերացա: Նրա միջոցով ծանոթացա մեր երկրի իրական կարգերին, ըստ որոնց, սովորողի ապագան չսովորողի ղազը լինելն է:
Սկսեցի չսովորել, սակայն հաշվի առնելով մեր Մայր ԲՈՒՀ-ի մակարդակը` նախահամալսարանական իմացության ռեսուրսս առանց որևէ ճիգերի չորս տարի հերիքեց:
Այ հիմա, եկեք իմ կյանքի սկավառակը առաջ պտտենք չորս տարի:
Պռոշյան փողոց: Գիշերվա ժամը երեքն է: Նստած եմ մի սեղանի շուրջ` չորսբոլորս հանցագործներ և ուսանողներ, ինչը, թերեւս, յուրահատուկ է մեր երկրին և քաղաքին: Երևի ավելորդ է ասել, որ Վոլքմեն էլ հետս ման չեմ տալիս, ջինս էլ այլևս չեմ հագնում: Քանի որ միևնույն է հաշիվը փակելու փող ոչ ոք չունի, բոլորս միայն առատորեն պատվիրում ենք …Արաաա՜, մեկ էլ հիշում եմ, որ մյուս օրը դիպլոմայինիս պաշտպանությունն ա, սակայն թասեկիցներս համոզում են, որ կյանքում կան ավելի կարևոր բաներ, և ես, ակամա, համաձայնվում եմ:
Օբյեկտի տիրոջ տղաները ջոկել են, թե ինչն ինչոց ա և նույնպես նախապատրասվում են մեր երեկոյի ավարտին, որը ոչ մի կերպ չի գալիս: Ապրում ենք ոչ թե այդ օրով, այլ ժամով, րոպեով: Քանի բերում են, պատվիրիր: Ի՞նչ կլինի հետո, այդ պահին ոչ ոքի դա չի հուզում:
Սակայն իմ սպասված կոնֆլիկտը տերերի հետ տեղի չի ունենում, իսկ ավելի ճիշտ՝ չի հասցնում տեղի ունենալ: Քանի որ դրան նախորդում է մի ուրիշ կոնֆլիկտ, բայց արդեն սեղանակիցներիս միջև, որը արագորեն տեղափոխվում է փողոց, ապա ՝ խփոցի, փախուստ: Գուցե սա՞ էր պլանն ի սկզբանե, չգիտեմ, սակայն հաշիվի հարցն էլ այդպես լուծվեց: Իսկ ես՝ հիմարս, անհանգստանում էի:
Մյուս օրը պաշտպանեցի դիպլոմայինս: Չորս, սակայն ես թքած ունեի: Միայն վերջանար այդ չորս տարվա համալսարանական մղձավանջը: Պետք էր այդ զզվելի ապրելակերպին վերջ տալ, փակել կյանքի այդ անդուր էտապը և Հայաստանի ապագա լիդերների կոփարանից ազատվելով` քայլել դեպի առաջ:
Բացվում էր կյանքի մի նոր` ավելի ոգևորիչ էտապ: Ինձ սպասում էր աշխատանքային աշխարհ, ուր ես վերջապես պետք է լինեի պրոֆեսիոնալ մթնոլորտում, զարգանայի որպես անհատ և որպես մասնագետ…
Շարունակելի…
![Արշակ Մկրտչյան [Մեծ Բրիտանիա]](http://blog.banadzev.com/wp-content/uploads/userphoto/arshak.jpg)

Հարգելի Արշակ Մկրտչյան, ես չգիտեմ, Ձեր նախահամալսարանական իմացության ռեսուրսն է դեռևս Ձեզ նեցուկ լինում այսպես հետաքրքիր և բովանդակալից ներկայացնելու Ձեր հույզերն ու զգացմունքները?, թե այնուամենայնիվ, այդ ռեսուրսը վերականգնելու հնարավորությունը, և որ ամենակարևորն է` ցանկությունն եք վերագտել ապագայում, բայց անչափ տպավորված եմ Ձեր պատմությամբ:Տպավորություններիս մասին վերջում կգրեմ: Հուսով եմ` շարունակությունը շատ չի ուշանա:
Շատ լավն էր ու միշտ արդիական Հայաստանում:
Արշակ ջան բայց իիիիիիիիիիիիիիիինչ լավ ես գրում:
Հարգելի Արշակ, ինձ միշտ հետաքրքրել է, թե արդյո?ք քո բոլոր պատմվածքներն անտիպ են, որովհետև, ինչպես դու ես նշել, ոչինչ չտվող ԵՊՀ-ում այնքան անտաղանդ գրողների ստեղծագործություններ ենք կարդացել զաչոտ ստանալու համար, որ ափսոսում եմ, որ վաղվա սերունդը չի կարդալու Արշակ Մկրտչյանի ստեղծագործությունները:Իսկապես հաճույքով, ոչ թե պարտադրաբար: Համոզված եմ, որ դու մի քանի տետր էլ բանաստեղծություն կունենաս գրած:
Շատ լավն էր, էլ ուրիշ բան չեմ կարող գրել որովհետև ես ինքս չհասցրեցի այդ համալսարանական կյանքի մեջ լինել:
Ես հիմա հենց այդ ֆակուլտետում եմ սովորում..Պետրոսյանն արդեն դեկան է:
Եվս մեկ քայլ և ես պետք է հայտնվեի ջրբաժանի այն կողմում, ուր սովորելը ամոթ չէր, կարդալը նորմա էր, իսկ դասավանդողները՝ գիտակ.այս նախադասությունը չափազանց հարազատ է ինձ..
Անհամբեր սպասելու եմ պատմության ավարտին:
Hoyakap patmutyun… U cavali irakanutyun…
Երկրորդ մասին ժամանակ էլ չի մնացել…
ick neroxutyun Duq vor fakultetum eq sovorum?