blog-nkar

Ո՞վ կարող է եվ արժե՞ արդյոք ծառայել բանակում

Published On January 28, 2015 | By Արտակ Ալեքսանյան | ՆՈԹԵՐ

Ինձ ամենաշատը նյարդայնացնում է այն շաբլոն նախադասությունները, որոնցով բնութագրում են և գովում բանակը: Ու սա կապ չունի մասնագիտության հետ, ուղղակի որքան կարելի է նույն բառերով կոդավորել մարդկանց: Այս գրառումս ոչ ռազմահայրենասիրական է, ու ոչ էլ ամենևին “ինադ” ընկած, “արևմտյան դրամաշնորհի փիլիսոփայության մեջ տեղավորվող” կամ էլ միտումնավոր “էպատաժային” նպատակով չէ:

Իրականում ամենագլխավոր հարցը, որ այսօր նոր սերնդի հետ զրուցելիս պետք է խոսեն բանակի հրամանատարներն ու սպաները հետևյալն է. արժե ընդհանրապես ծառայել բանակում: Ո՞րն է օգուտը: Ի՞նչ է շահում ջահելը, երբ ասենք, 6 տարի սովորում է, հետո 2 տարի զբաղվում ոչ մասնագիտությամբ:

Իհարկե, կա հակափաստարկ. պետությունը բոլորի համար որոշել է. զինծառայությունը պարտադիր է, հիմա արժե, թե չարժե, պիտի գնաս բանակ: Բայց դա այդքան էլ այդպես չէ: Իրականում զինծառայությունը, չնայած պարտադիր է, բայց յուրաքանչուրի անձնական ընտրության հարց է:

Ես օրինակ ընտրել էի Զինուժ ծրագիրը, բայց այդ ծրագիրն ինձ չընտրեց, արդյունքում ծառայեցի Քարվաճառում: Հիմա արդեն սեփական փորձով կարող եմ ասել, թե ինչո՞վ է կարևոր զինծառայությունը:

Բանակը, հասարակության հայելին է, բայց ոչ միայն այն պատճառով, որ այստեղ էլ կան հարուստներ ու աղքատներ, ուժեղներ ու թույլեր, այլ որովհետև այդքան բազմազան սոցիալական և ընտանեկան բեկգրաունդով մարդկանց այլևս որևէ տեղ չես հանդիպի: Բանակը, դա հասարակության հավաքականն է` կազմված պատահականության սկզբունքով: Այդ իմաստով, դու երկու տարի շփվում ես ամենատարբեր մարդկանց հետ: Դրանից հետո, մարդկային վարքի ցանկացած դրսևորում քեզ այլևս չի զարմացնում:

Բանակը, հասուն կյանքի գլխավոր փորձն է տղամարդու համար: Ինչպես քեզ դրսևորես բանակում, կձևավորի այն վարքը, որ դու կուզենաս կրկնել քաղաքացիական կյանքում, կամ ճիշտ հակառակը` չկրկնես բանակից հետո:

Այդ իմաստով, բանակը տղամարդկանց համար եզակի փորձադաշտ է. այն քեզ թույլ է տալիս սովորել, ճանաչել ինքդ քեզ ու հասկանալ. Եթե դու չմո ես, աշխատիր այլևս այդպիսին չլինել բանակից հետո, եթե լավ տղա ես, փորձի կարգավիճակդ պահել նաև քաղաքացիական կյանքում: Ընդ որում, կա ջենթըլմենական համաձայնություն. այն ինչ եղել է բանակում, մնում է բանակում (հա, գիտեմ, նման է Վեգասի մասին հայտնի ասացվածքին, ինչ անեմ): Բանակային սխալները բանակից հետո ներվում են, չեն հիշեցվում: Ավելին, ես գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ ամենալավ տղերքը հետո աշխատել են վարորդներ կամ օգնականներ նրանց մոտ, ովքեր ժամանակին էդ լավ տղերքի կապտյորկի պահակն էին:

Հիմա արժե՞ ծառայել բանակում,- այս հարցի ամենամեծ հակափաստարկը. 2 տարի կկորցնեմ ու բոլոր գիտելիքներս կմոռանամ: Բայց խնդիրն այն է, որ երիտասարդը երկու տարի չի կորցնում: Ընդհակառակը, երկու տարի նա սովորում է, բայց սովորում է ոչ թե մասնագիտություն, այլ ձեռք է բերում կյանքում գոյատևելու, հաղթելու և կենդանի մնալու հմտություններ: Ընդ որում, նա դա անում է ինքնուրույն: Որքան էլ ընկերները, պապան, ծանոթները, համերկրացիները կողքին լինեն, փողով օգնեն, փողով գնեն, միևնույն է, ամեն րոպե նրա կողքին չեն:

Հիմա արժե՞ ծառայել բանակում,- այս հարցի մյուս հակափաստարկը. առողջությունը կքայքայվի, կասեն ծնողները: Բայց խնդիրն այն է, որ առողջությանը պետք է սովորեցնել ինքնուրույն հետևել, պետք չէ դաստիարակել ինֆանտիլ ապակողմնորոշված փոքրիկ աուտիկների, որոնք ծնողական խնամքից երկու օր զրկվելուց հետո վերածվում են կատարյալ բոմժի: Բանակը այստեղ կապ չունի: Նա այդպիսին կդառնար ցանկացած երկու օրվա ընթացքում` տանը, թե բանակում: Հետևաբար, կորոշե՞ք ձեր որդուն ուղարկել բանակ, թե՞ ամեն գնով ընդունել կտաք ասպիրանտուրա, միևնույն է, ինքնուրույնությունը դա անհրաժեշտություն է չափահաս մարդու կենսագործունեության համար:

Հիմա արժե՞ ծառայել բանակում,- այս հարցի ամենատագնապալի հակափաստարկը. սահմանին զոհվում են: Մենք ամեն անգամ տագնապով ու ցավով լսում ենք կորուստների մասին` մոռանալով, որ մահացության դեպքերը բանակում նախորդ տարվա համեմատ գնալով նվազում են, ուղղակի հիմա ՊՆ-ն բոլոր մահերը հրապարակայնացնում է: Իհարկե կա ճակատագիր, բայց արդյոք այն չկա այն օդանավի ուղևորների համար, որոնք կործանվում են, մեքենաների, որոնք փշրվում են: Բանակում ավելի քիչ զինվոր է զոհվում, քան նույն այդ զինվորների տարեկիցները երկրի ճանապարհներին: Հետևաբար, բանակը մսաղաց չէ:

Իսկ ո՞վ կարող է ծառայել բանակում,- ցանկացած մեկը, ով ցանկանում է, ով չի ցանկանում, բայց հասկանում է, որ պարտավոր է, ով չի ցանկանում, չի գիտակցում պարտքը, բայց հստակ ծանր ու թեթև է անում բանակից ստացած առավելություններն ու դրանից խուսափելու մեծ գլխացավանքը:

Չծառայելով բանակում դու պակաս տղամարդ չես, ուղղակի չունես այն եզակի փորձառությունը, որ չես կարող ձեռք բերել ոչ մի այլ տեղ, քան բանակում: Ու հենց այդ պատճառով, ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ծառայել են ինձ հետ, կոփել ինձ, կիսել դժվար օրեր, միասին բարձրացել Օմարը, գիշերը հերթապահել, առավոտյան չեֆիր խմել ու Զինվոր սիգարետ ծխել լեռան գագաթին, որ ավելի բարձր էր, քան ամպերը, արհամարհանքով նայել ամպերից այն կողմ, որտեղ ադրբեջանցիներն էին ու կարոտով հայացքն ուղղել դեպի թիկունք:

Մարդկային հիշողությունն է այդպիսին. Դու հիշում ես միայն լավը, այն ինչ վատն էր, չես հիշում: Իհարկե, բանակը ռոմանտիկ տեղ չէ, կան դժվար ադապտացիայի օրեր, սնունդ, որ անսովոր է, միայնություն, որ վախեցնող է, զինակիցներ, որոնք անծանոթ են: Բայց հենց դժվարություններն են կոփում քեզ, դրանք հաղթահարելու հուշերն են բանակը դարձնում ցանկացած տղամարդու մշտական թեմաներից մեկը, որ երբ խմում է, խոսում է, հետո ինքն էլ չի հիշում, որն էր ճշմարտությունը, որը հատված “Նվագախմբի տղաներից”: Բայց չէ որ այդպիսին էին մեր հայրերը, չէ որ հիմա էլ մենք ենք խոսում բանակից: Հետևաբար բանակը, իմ համեստ կարծիքով, տղամարդու կյանքի անխուսափելի փուլերից է, ինչպես դպրոցը, ԲՈՒՀ-ը, առաջին սերը, կինը, ընտանիքն ու զավակը:

 Հ.Գ. Հատուկ շնորհակալություն Գոհար Մանուկյանին` վերնագրի ԱՐԺԻ թե ԱՐԺԵ գրելու մեկժամյա դիլեման լուծելու համար: Ինձ համար երկուսն էլ նույնն են, նրա համար` ճիշտը մեկն է: Մի խոսքով, ճշտով է գրված այս բլոգը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *