blog-nkar

Ինչ Չպետք է անել երաժշտական տեսահոլովակ նկարահանելիս

Published On May 17, 2015 | By Արտակ Ալեքսանյան | ԿԱԴՐԻՑ ԴՈՒՐՍ, ՆՈԹԵՐ

Կար մի ժամանակ, երբ հաճույքով հետևում էի հայկական էստրադայի նոր երգերի տեսահոլովակին: Այն ցուցադրում էր ոչ միայն հայկական շոու-բիզնեսի երաժշտական ուղղությունները, այլև ժամանակակից հեռուստատեսային մտածողության, տեխնոլոգիաների կիրառման և երաժշտությունը վիզուալիզացնելու հայկական ձեռագիրը:

Բայց այն, ինչ կատարվում է հիմա, ուղղակի սարսափ ֆիլմ է հիշեցնում, ավելի շուտ դասագրքային կանոններ, ինչպես չպետք է նկարահանել տեսահոլովակ:

Ես երբեք չեմ փորձել իմ ուժերը ռեժիսուրայում, և երբեք չեմ էլ փորձի, որովհետև համարում եմ, որ ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով, բայց նաև որպես հեռուստատեսային բովանդակության սպառող, կարող եմ իմ կարծիքն ունենալ տեսահոլովակների վերաբերյալ:

Ցուցակը շատ սուբյեկտիվ է, ըստ էության թելադրված է ըստ իմ անձնական ճաշակի, հետևաբար չի կարող ոչ ամենախելացին լինել, ոչ վերջին ճշմարտությունը, բայց կարող է նաև օգտակար լինել:

Եվ այսպես, ինչ չպետք է անել երաժշտական տեսահոլովակ նկարահանելիս.

Կանաչ ֆոն կամ ինկրուստ

Եթե դուք ունեք վիրտուալ ստուդիա և կանաչ ֆոնը օգտագործում եք, որ կատարողի թիկունքում հայտնվեն համակարգչային գրաֆիկայով պատրաստված Մարս մոլորակը կամ Նյու-Յորքը, ես դեմ չեմ: Բայց եթե կանաչ ֆոնի վրա երգչին նկարելու եք, որ նրա թիկունքում դնեք սպիտակ/սև ֆոն, դրոշ, գերբ, Արարատ կամ Երևանի լուսանկար, ապա դա վկայելու է վատ ճաշակի, հնաոճության և երևակայության բացակայության մասին:

Ուղիղ հայացք տեսախցիկին

Գրողը տանը, հերիք է չարաշահեք լուռ, ինչ որ տատուներով, կամ կնճիռներով արագ քաստինգով հավաքած մարդկանցով դատապարտող, տխուր կամ ուրախ հայացքներով տեսահոլովակ նկարահանելուն: Դա ձանձրալի է: Հիմա բոլորն են անում, ընդ որում, արդեն 5 տարի:

Համահայկական թեմաներ տխուր դեմքով

Ով է ասել, որ յուրաքանչյուրը պետք է տեսահոլովակ նկարահանի հայոց ցեղասպանության մասին: Ընդ որում, նկարահանի տխուր դեմքով, սև հագած և 1,5 մլն նահատակների հիշողությունը ուսերին կրած: Դադարեք չարաշահել 100-րդ տարելիցը, առավել ևս, որ արդյունքում կամ վատ, ռաբիզ երգ է ստացվում կամ հին երգերի վատ ռեմիքս: Երկուսից էլ սրտխառնոց է:

Չկոտորվել երգելիս

Բոլորն էլ գիտեն չէ, որ տեսահոլովակում երգիչը չի երգում, դա ձայնագրություն է: Այդ դեպքում, կարող եք բացատրել, ինչու են կոկորդները պատռում, երակները դուրս գցում: Ախր, բոլորն էլ հասկանում են չէ, որ անկապ դերասանություն է անում: Լավ, եթե նրանք չեն հասկանում, գոնե հուշեք, դիտեք ցանկացած արևմտյան տեսահոլովակ: Մարդիկ տեսահոլովակում ուղղակի զրուցում են, բարձր նոտաները վերցնում են ստուդիայում, տեսախցիկի առաջ` ուղղակի երգում են: Երգչի պսեվդո-տառապանքը առաջացնում է առնվազն տարակուսանք:

Ոչ 80-ականների դիսկոյին

Եթե հանկարծ կատարողը որոշում է ժամանակակից հիպ-հոպ երգել կամ ուղղակի արագ տեմպոռիթմով փոփ, ապա անպայման նրա կողքին հայտնվում են 80-ականների դիսկոյի ոճով հագնված պարողներ: Կարծես, ժամանակը կանգ է առել Արայի դանս շոուի ժամանակ (Արայի դանս շոուն 90-ականներին շատ պոպուլյար պարային խումբ, որ հայտնվում էր գրեթե բոլոր հեռուստեսային երաժշտական մեծ նախագծերում, եթե Գուգլեք, մի երկու վիդեո կգտնեք):

Ուշադիր եղեք բառերին

Ռուբեն Հախվերդյանը պնդում էր, որ հայերենը ամենագեղեցիկ լեզուն է, իսկ լավագույնն այն երգն է, որ կարողանում ես ԼՍԵԼ և կրկնել երգի բառերը: Վերջին շրջանի երգերում որևէ բառ չես կարողանում նույնիսկ ՀԱՍԿԱՆԱԼ, դա բառակույտ է: Երգերում այլևս բառեր չկան, այլ հոգեմետ դեղերի ազդեցության տակ գրված անկապ նախադասություններ են: Իսկ ո՞վ գրի,- կհարցնեք, պատասխանում եմ- դիմեք դասականներին Համո Սահյանից, Թումանյանից, Իսկահակյանից մինչև Չարենց և Կապուտիկյան: Մեր գրականությանը քիչ թե շատ գիտակ մարդը, ցանկացած բանասեր կհուշեր այնպիսի քնարական, այնպիսի զգացմունքային, այնպիսի զուլալ բանաստեղծոթւյուններ, որ նույնիսկ կզարմանաք: Եթե չբավարարեն, կան ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ պոետներ, որոնց ցանկը պատրաստ եմ ներկայացնել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում:

Նկարահանման վայրերի ու կադրերի ցուցակ

Երբ նկարահանելու եք նոր տեսահոլովակ, փորձեք խուսափել հետևյալ վայրերից

Հյուսիսային Պողոտա
Հանրապետության հրապարակ
Զվարթնոց օդակայան
Օպերա
Վայոց Ձորի լեռներ
Եկեղեցիներ
Փողոցն անցնող մարդիկ
Կազիրյոկ
Պապլավոկ
ԵՊՀ-ի բակը` ընդմիջման և ընդունելության քննությունների ժամանակ
Արարատ լեռ
1915 թվականի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի կադրեր
Արցախյան պատերազմի մասին կադրեր

Թվարկածս կադրեր են, որ վերջին 20 տարում բոլորը օգտագործել են: Փորձեք գտնել նոր լուծումներ: Վիզուալիզացիայի նոր ձևեր: Չէ որ Արցախյան ազատամարտի մասին պատմելիս պարտադիր չէ ամեն անգամ գնդակոծվող Ստեփանակերտը ցույց տալ, հայրենիքի բառի վրա` Երևանը կամ Երևանն ու Արարատը: Գուցե կան այդ բոլորը խորհրդանշող այլ ձևեր:

Իսկ վերջում, ահա երգ, որ հավանում եմ և տեսահոլովակ, որ դիտում եմ, որ հետո չասեք, լավ, իսկ քո համար որն է լավը: Սա է լավը: Գեղեցիկ, զգացմունքային, ճաշակով ու հայկական:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *