1

Ինչպես քննադատել, բայց չթշնամանալ Facebook-ում

Published On April 14, 2015 | By Արտակ Ալեքսանյան | ՆՈԹԵՐ

Երբ ես գրանցվեցի ՖԲ-ում, այն ժամանակ դեռ հասցեն ոչ թե www.facebook.com էր, այլ www.thefacebook.com: Հետո արդեն, Դեյվիդ Ֆինչերի “The Social network” ֆիլմից իմացա, որ Ցուկերբերգի ընկեր Շոն Պարկերն է առաջարկել ավելի կարճ տարբերակը: Ես ՖԲ-ում եմՊարկերից էլ առաջ, մի խոսքով, այստեղ եմ վաղուց:

ՖԲ-ի հետ հարաբերությունները նման են մահացու հիվանդություն իմանալու մասին հոգեբանական հինգ փուլերին. Սկզբում, հատկապես Օդնակլասնիկցիները, մերժում են, հետո ջղայնանում, թե էս ի՞նչ է այստեղ կատարվում, հետո փորձում հարմարվել, հիասթափվում, ժամանակավորապես փակում սեփական էջը, և վերջապես վերադառնում ու ընդունում:

Առնվազն երկու անգամ ես հեռացել եմ ՖԲ-ից: Պատճառները տարբեր էին` առաջին անգամ, որովհետև ձանրձանում էի, ավելին, խանգարում էր, ժամանակ սպառում, երկրորդ անգամ` որովհետև չափազանց զբաղված էի ու խառը ժամանակներ էին, իսկ ՖԲ-ն իր սոցիալական աղմուկ – աղաղակով ուղղակի շեղում էր:

Երկրորդ անգամ երբ վերադարձա, հասկացա, որ ՖԲ-ը նման է իմ ամենօրյա սննդակարգին, որ եթե բաղկացած լինի միայն սիրելի կարտոշկա ժարիտից ու հավից, սինաբոնից ու դոնաթսից, ապա ինձ վերջնականապես կդասի 100 կգ.-անոցների շարքը: Իսկ ես այդ շարքում եղել եմ, հավատացեք առանձնապես պատվաբեր չէ: Հետևաբար, ինչպես սննդակարգը, այնպես էլ ՖԲ-յան ակտիվությունը, պետք է բալանսավորել ու չափավորել:

ՖԲ-ում դու կարող ես լինել պոպուլյար, ինչպես օրինակ Արմքոմեդիի տղերքը, և կարող ես լինել միայնակ` 5000 ընկեր ունենալով հանդերձ: Պատճառը ոչ այնքան ու ոչ միայն անձերն են, այլև թե ինչպիսի սոցիալական վարք ես դու դրսևորում: Այդ իմաստով, տառապանքս փորձ ունի: Ես գրել եմ ստատուսներ, որոնց արձագանքից նույնիսկ զարմացել եմ, և նոթեր, որոնք երանի թե մի հատ խմբագրեի ու նոր հրապարակեի: Բայց ամենապոպուլյար ու ամենաքննադատված հոդվածների տարբերությունը մեծ հաշվով թեման չէ, այլ ոճը: Ինչպես է այն գրված:

Հասկանալի է, որ եթե լրագրող ես, ապա քո ՖԲ-յան ակտիվությունը պետք է ուղղված լինի առաջին հերթին

  1. Քո աշխատանքը տարածելով
  2. Նոր լսարան ներգրավելով 
  3. Նոր թեմաներ ու հերոսներ փնտրելով:

Հիմա խոսքը հենց 3-րդ մասին է: Նոր թեմաներ ու հերոսներ փնտրելու ձևերից է ինչ որ մի թեմայի մասին քննարկում սկսելը: Դե, եթե պետք է սկսել, կամ ճիշտ հակառակը, պոստ-ֆակտում արձագանքել, պետք է գրել մի բան, որ արձագանք գտնի ՖԲ ընկերների շրջանում: Լավագույն ուղին` քննադատական ակնարկն է: Ու հենց այստեղ է, որ պետք է լինել առավելագույն զգույշ, որովհետև բոլոր սխալները գալիս են հենց այստեղից: Ինչպես քննադատել, որ ոչ թե խրտնացնել, այլ ներգրավել մարդկանց:

Ահա փոքրիկ ուղեցույց ( հուսով եմ այնքան խելացի էիք, որ էս երկար նախաբանը կարդալու փոխարեն, scroll եք արել ու հասել եք այստեղ: Վերևում գրվածը գուցե հետաքրքիր էր, բայց ոչ օգտակար):

2

  • Խուսափեք անտեղի համեմատություններից: Եթե գրում եք Կիմ Քարդաշյանի այցի կարևորության մասին, ապա մի ասեք Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԱՍՏՂԵՐԻ: Ձեր ՖԲ ընկերների ցանկում էլ կան մարդիկ, որոնք հավանում են հայրենական աստղերին: Հետևաբար քննադատելով նրանց հավանած աստղերին, դուք քննադատում եք նրանց ընտրությունը, հետևաբար ճաշակը: Նույնը` Քանյե Ուեսթի համերգի մասին. Հիացեք նրա երգերով, քննարկեք անհավանական ջրացատկը, կատակեք քաղաքապերանի ներկայացուցչի “հույրանոց” բառի առիթով, բայց “թասիբի” մի գցեք մերոնց: Դեռ հայտնի չէ, թե Քանյեի օգտագործած թմրանյութից մեզ մոտ վաճառում են, թե ոչ և ինչո՞ւ բոլորին դարձնել ռեփ-նարկոման: Եվ հետո, Քանյեի ջրատակը հայտնվեց համաշխարհային բոլոր լրատվամիջոցներում, մերոնց ջրատակի մասին կգրի ամենաշատը` 02-ը կամ shamshyan.com –ը:
  • Երբ ցանկանում եք հայտնել ձեր անհամաձայնությունը որևէ դեպքի, միջադեպի, խոսքի, մտքի առիթով, մի սկսեք “Ոնց եմ զզվում….արա էս ով ա….լավ, բայց կարելի է….” Դրա փոխարեն գրեք, թե հատկապես ինչի հետ համաձայն չեք և որն է ձեր նախընտրելի: ՖԲ-ը, իր զանգվածայնության պատճառով, մարգինալացվում է, հետևաբար ամեն ինչ դառնում է սև/սպիտակ, պարզունակ, like/dislike: Մինչդեռ պատկերացրեք, որ Ձեզ ոչ թե կարդում է, այլ հենց Ձեր դեմ-դիմաց կանգնած է հենց այն մարդը, այն հանրային գործիչը, որի մասին գրում եք: Նույն կերպ չէիք գրի չէ: Ավելի զուսպ կասեիք: Ինչու նույնը չանել գրավոր: Չգիտես ինչու, ՖԲ-ում ամեն ինչ հակառակն է: Սովորաբար մարդիկ ընտրում են հաղորդակցության գրավոր ձևը` ավելի մտքերը հավասարակշռված շարադրելու համար, մեր մոտ հակառակն է:
  • Մի գրեք առաջին տպավորությամբ, եթե դա վերաբերում է ոչ թե համերգից ստացած տպավորությանը կամ լավ ֆիլմին, այլ ասենք քաղաքական պայքարի հերթական փուլին ու անսպասելի հայտարարությանը: Կյանքը ցույց տվեց, որ հայտարարությունը կարող է փոխվել, դրան կարող է ամենևին էլ չհետևել որևէ գործողություն: Հետևաբար, ուռա գրելով կամ ճիշտ հակառակը` վայնասուն դնելով, դուք կարող եք ընդամենը 24 ժամ անց հայտնվել հիմար իրավիճակում: Իհարկե կարելի է հետո ջնջել այս ստատուսը, բայց հո տպավորությունը չի վերանա:
  • Վիրավորանքին պատասխանելու երեք տարբերակ կա: I Արհամարհել II Պատասխանել, բայց արժանապատվորեն ու մեկ անգամ III Զանգել, հանդիպել ու հարաբերություն պարզել: Երեքն էլ ընդունելի են: Ինչն է անընդունելի` ներգրավվել անիմաստ ու երկար բանավեճի մեջ: Հանդիպել եք երևի` մի հակասական հանրագիր ու տակը մի 128 մեկնաբանություն: Եթե պարապ եք, ՕԿ է, եթե ֆեյկ եք ու դրա համար վճարվում եք, հրաշալի է, եթե ոչ` խնայեք ձեր նյարդերն ու ժամանակը:
  • Մի գրեք խմած ժամանակ: Հատկապես, քեֆից, փարթիից, փաբից հետո: Մի գրեք “արա ոնց եմ զզվում, երբ մարդիկ…” ու Ձեր կարծիքով, առանց անուն տալու, գրում եք ինչ որ դատապարտելի երևույթի մասին: Հավատեք, ձեր թափանցիկ ակնարկն իրականում հասկանալի է բոլորին: Հետևաբար, նեղացած կամ նեղացկոտ մի եղեք: Կամ էլ գրեք ուղիղ: Բայց այդ դեպքում, գրեք այնպես, ինչպես նկարագրված է Կետ 3-ում:
  • Share մի արեք ՖԲ-յան նկար ու մի հեգնեք կամ ձեռ առեք: Այդ նկարը ունի հասցեատեր:

Եվ վերջում. լինի Ֆեյսբուք, թե Թվիթեր, Օդնակլասնիկ, թե Վկանտակե, Լինկդին թե Գուգլ Պլյուս, ոչ ոք չեղյալ չի արել քաղաքավարության տարրական նորմերը և դաստիարակության պարզագույն կանոնները: Ձեր գրառումները խոսում են Ձեր կրթական ցենզի, աշխարհայացքի, մարդկային ու մասնագիտական որակների մասին: Եղեք լեդի և ջենթըլմեն: Այդ դեպքում, Ձեր հետ ոչ միայն կընկերանան, այլև Ձեզ կհետևեն` լինիա Ֆեյսբուք, թե Թվիթեր, Լինկդին թե Գուգլո պլյուս:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *